2018 թվականին Լոռու մարզում, մասնավորապես մարզկենտրոն Վանաձորում իրականացրած ասֆալտապատման աշխատանքների մասին բազմաթիվ ահազանգեր էին հնչում: Որակական լուրջ շեղումների մասին բարձրաձայնում էին ոչ միայն շարքային բնակիչները, այլ նաեւ լրագրողները, Վանաձոր համայնքի ավագանու անդամները, քաղաքապետն ու Լոռու մարզպետը: Պարբերաբար իրականացվող շրջայցերը, որ իրականացվում էին տեղական ու մարզային իշխանությունների կողմից, հաստատում էին՝ ասֆալտապատումը մեծ հաշվով անորակ է:
Նկատված թերացումները շտկելու առաջարկով մարզպետը նախ հանդիպում էր ունեցել շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելով, որ անորակ որևէ աշխատանք չի ընդունվելու, և պետական միջոցները ծախսվելու են բացառապես նպատակային: Նա նաև բազմաթիվ միջնորդություններ էր ուղարկել կառավարությանը՝ դրանց նկատմամբ պետական հսկողություն սահմանելու առաջարկությամբ:
Լոռու մարզպետարանից ՀԺ-ին հայտնեցին, որ հիմք ընդունելով ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն ուղղված դիմումը՝ ուսումնասիրել 2018 թվականին Վանաձորում իրականացված ասֆալտապատման աշխատանքները, նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմից:
Ուսումնասիրությունները տեղում իրականացնելու նպատակով օրերս Վանաձորում էին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակիցներ, Լոռու մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Վահրամ Ղարսայանը, Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանը, գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը, ԼՀԿ խմբակցության ավագանու անդամ Կարինե Ղուկասյանը:
Մարզպետարանի փոխանցմամբ՝ պարզվեց, որ Վանաձորի քաղաքապետարանի կողմից հավանության են արժանացել աշխատանքներից մի քանիսը միայն, իսկ մյուսներն իրականացվել են բազմաթիվ խախտումներով և չեն ընդունվել. «Փաստաթղթերի համալիր ուսումնասիրությունից հետո աշխատանքային խումբը կկազմի ճանապարհային քարտեզ և հետևողականության շնորհիվ կարճ ժամկետներում ասֆալտապատում իրականացրած ընկերություններին կհորդորի վերացնել բոլոր թերությունները: Փորձ կարվի բացահայտել նաև աշխատանքում թերացած պատասխանատուներին»,-հայտնեցին տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աշխատանքային խմբին ընդունել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը ՀԺ-ին հայտնեց, որ 3 փողոցում իրականացված աշխատանքների համար ընդհանրապես չի վճարվել, ամբողջությամբ ընդունվել է 7 փողոց, որոնց բոլոր փողոցների վերաբերյալ պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր. «Մյուս 9 փողոցները վճարվել են մասնակի, քանի որ օրինակ խճապատումը նորմալ են արել, բայց ասֆալտի շերտը անորակ է եղել, չենք վճարել»:
Աբովյանի խոսքով՝ ճանշինների հետ աշխատանքները դեռեւս ավարտված չեն, կառավարության որոշմամբ, քանի որ երկարացվել են սուբվենցիոն ծրագրերի ավարտման ժամկետները, եղանակների տաքանալուն պես մեկ անգամ եւս արձանագրվելու են բոլոր թերությունները եւ վերջնական ակտ կազմեն:
Աբովյանը վստահեցրեց, որեւէ անորակ աշխատանքի համար ոչ մի լումա չի վճարվելու: Շինարարները, որոնք թերացել են իրենց աշխատանքում, պետք է նախ պայմանագրով սահմանված իրենց պարտավորությունները կատարեն, հակառակ դեպքում, կկրեն ոչ միայն ֆինանսական պատասխանատվություն, այլ նաեւ իրավական:
Նյութը՝ «Հայկական ժամանակ»-ի:
0 Մեկնաբանություն