Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

"10 րոպեի ճանապարհն անցնում ենք 40-50 րոպեում": Բլագոդարնոյեն նոսրանում է (տեսանյութ)

Մարզկենտրոն Վանաձորից Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղը հեռու է 62 կմ: Բնակիչներն ասում են, որ նախկինում ճանապարհը բարեկարգ էր, հիմա՝ վատ վիճակում: Տաշիր հասնելիս կորցնում են միջինը մինչև 40-50 րոպե: Նորոգված լինելու դեպքում կհասնեին ընդամենը 10 րոպեում: Գյուղը գազաֆիկացված չի եղել անգամ ԽՍՀՄ տարիներին: Գետի ջուր են խմում, ոչ քլորացվում է, ոչ մանրէազերծվում: 75 ամյա Լիանա Դավոյանը 60 ականներին հարս է եկել Բլագոդարնոյե: Հիշում է, որ անասուններն էլ, իրենք էլ միշտ այդ ջուրն են խմում: Բլագոդարնոյեն այժմ Տաշիր բազմաբնակավայր համայնքի կազմում է: Այն ձևավորվել է 2017 -ի հունիսի խոշորացման արդյունքում: Ընդգրկում է Տաշիր քաղաքային, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Մեդովկա, Մեղվահովիտ, Նովոսելցովո, Սարատովկա գյուղական համայնքները: Ենթակառուցվածքների բացակայությունն ու գյուղական կյանքի անհարմարությունները ստիպում են գյուղի երիտասարդներին լքել այն: Հիմնական մասն արտագնա աշխատանքի են մեկնում: Տարեվերջին վերադառնում, ամանոր տոնում հարազատների հետ, տաքերն ընկնելուն պես՝ նորից ճանապարհ ընկնում: Սովորել ենք արդեն,- ասում է տրակտորիստ Անդրանիկ Հովհաննիսյանը: Սկզբնական շրջանում Բլագոդարնոյեն ռուսաբնակ է եղել, 80-ականների վերջին այստեղ են վերաբնակեցվել Բաքվի 20 ընտանիքներ, որոնք ընթացքում ՌԴ են մեկնել: Այժմ այստեղ հիմնականում հայեր են բնակվում՝ 207 մարդ: Վատ ճանապարհների պատճառով ոչ մի ընկերություն այստեղ փոխադրումներ չի իրականացնում: 300 դրամով հարևան Կաթնառատի միկրոավտոբուսից են օգտվում, որ գյուղի միջով Տաշիր է գնում- գալիս: Միկրոավտոբուսի վարորդն ասում է, որ 2 ամիս առաջ բողոքի ակցիա են արել Տաշիրում՝ փորձելով խնդրի վրա հրավիրել մարզի ու համայնքի ղեկավարության ուշադրությունը: Ցավոք, այդպես էլ ոչ ոք նրանց չի լսել: Մինչ խոշորացումը Աշոտ Ավետիսյանը Բլագոդարնոյեի գյուղապետն էր: Իր օրոք բյուջեն փոքր էր, ծրագրերի ֆինանսավորման մասին խոսք լինել չէր կարող: Հիմա դժվարանում է ասել՝ որքա՞ն է փնջի բյուջեից Բլագոդարնոեյին բաժին հասնում, թեև հարկերի հավաքագրումն ապահովում է 99 տոկոսով: Ավետիսյանի խոսքով խոշորացումը Բլագոդարնոյեի նման փոքր համայնքների համար դրական փոփոխություններ է բերել: Ամենաուշը այս գարնանը կմեկնարկեն խմելու ջրագծի կառուցման աշխատանքները: Շուրջ 6կմ երկարությամբ ջրագիծը գյուղ կհասնի կառավարության հրատապ ծրագրով տրամադրված 20 մլն դրամ ֆինանսավորմամբ, իսկ ահա ճանապարհի հարցը շատ ավելի բարդ է՝ համայնքի ուժերից վեր, այդտեղ պետության միջամտությունն է պետք:

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *