Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Առանց բնակչի իմացության Մեծ Այրումի գյուղապետը նրա հողամասն աճուրդով վաճառել է մեկ ուրիշի:(տեսանյութ)

Կաճաճկուտի բնակիչ Արաքսյա Ասլանյանը 2015-ին բացահայտել է, որ 1990-ականներից իրենց պատկանող 1500 մ մակերեսով տնամերձ հողամասն այլևս իրենցը չէ: Մեծ Այրումի գյուղապետարանից զանգ է ստացել, թե 20.000 դրամ հողի վարձ է պարտք: Գնացել է Մեծ Այրում ու պարզել, որ այն օտարվել է ոմն Մերուժան Մուսայելյանի: Հանդիպել Մերուժան Մուսայելյանին տիկին Արաքսյան չի փորձել՝ հնարավոր տհաճ միջադեպերից խուսափելու համար: Միայն գիտի, որ տնակ են դրել, հողը մշակում են: Մեզ ևս չհաջողվեց կապ հաստատել նրա հետ: 3 տարի է՝ տիկին Արաքսյան սեփական հետաքննությունն է վարում՝ պարզելու՝ ի՞նչ հիմքով են իրենց պատկանող գույքն օտարել մեկ ուրիշի: Տիկին Արաքսյայի տրամադրության տակ է 1988 թվականի տնային տնտեսությունների գրքի պատճենը, որը ժամանակին ձեռք է բերել՝ ելնելով անհրաժեշտությունից: Փաստաթղթում հստակ նշված է ընտանիքի կազմի, տրամադրված հողամասի ու տնային տնտեսությունը Մեծ Այրումի տնային տնտեսություն փոխանցելու մասին: Պատկան մարմինները, սակայն, պատճառաբանում են, թե արխիվից չեն գտնում այն: Հողամասը՝տիկին Արաքսյայի ամուսնու՝ Անդրանիկ Ասլանյանի անունով որպես սեփականություն արտահայտվում է նաև «Վեկտոր պլյուս» ընկերության գույքային հարկերի հաշվառման բազայում, մինչ օրս հողահարկ է ավելանում ունեցած 20.000 դրամ պարտքին: Նամակներ է գրել վարչապետ Փաշինյանին, ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանին, տարածքային կառավարման նախարար Պապիկյանին: Վերահասցեագրվել է Լոռու մարզպետարանին: Պատասխանները, սակայն, չեն բավարարել տիկին Արաքսյային: Նորից է գրել: Ոստիկանությունն էլ է տեղյակ այս խնդրին, նաև հատուկ քննչական ծառայությունը: Ասում է, որ բոլոր օղակներն իրենց հերթին փորձում են կոծկել կեղծիքի շղթան: Մեծ Այրում գյուղում տնամերձերի տրամադրումը սկսվել է 1990 թվականին՝ կառավարության որոշմամբ: Այդկերպ փորձ է արվել սողանքային գոտի համարվող Կաճաճկուտից բնակիչներին տեղափոխել դեպի ավելի ապահով տարածք: Տիկին Արաքսյայի խոսքով, նախկինում տնամերձը չեն մշակել, միայն պտղատու ծառեր են տնկել: Ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել, երեխաները փոքր են եղել, չեն հասցրել հողին տիրություն անել: Շատերն են այն ժամանակ հողեր ստացել, բայց նման դեպք միայն իրենց հետ է պատահել, թեև, ինչպես ինքն է ասում, չի բացառվում, որ այս դեպքից հետո նոր կծիկ բացվի: Առայժմ բոլորը փորձում են հետքեր թաքցնել: Կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի կառավարության թիվ 1440- ն որոշմամբ այդ հողամասը փոխանցվել է համայնքին որպես սեփականություն, որից հետո 2016-ին, Մեծ Այրում համայնքը հողամասը հանել է աճուրդի -ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը: Կազմակերպությունն այժմ զբաղվում է Արաքսյա Ասլանյանի գործով: Օլեգ Դուլգարյանի խոսքով, տեղի է ունեցել ակնհայտ կեղծիք: 2000-ականների սկզբից նման դեպքերը բազմաթիվ են: Շատ անգամ ՏԻՄ-ը գործել են կադաստրի հետ միասին, ինչի հետևանքով, շատ քաղաքացիներ զրկվել են իրենց հողերից: Արաքսյա Ասլանյանի դեպքն էլ այդ շարքից է: Ըստ Դուլգարյանի, Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը, ում օրոք տեղի է ունեցել հողի վաճառքը, քաջատեղյակ էր տվյալ հողամասի վիճելի կարգավիճակին և պետք է խուսափեր այն վաճառելուց:

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

2 Մեկնաբանություն

  1. Մենք նույնպես նման ապշեցուցիչ պատմության մեջ ենք ընկել: Օտարվել է մեր պապական տունը' իր տնամերձ հողամասով, որը գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղում:

  2. Ճիշտ և ճիշտ, նույն պատմության մեջ ենք ընկել նաև մենք: Օտարվել է մեր պապական տունը' տնամերձ հողամասով, որը գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղում:

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *