Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Նորաշեն գյուղում էլ են դժգոհ խոշորացումից: 2017-ին 7 այլ գյուղերի հետ ընդգրկվել է Սարչապետի կազմում: Գյուղի երիտասարդները 500 ստորագրություններով փաստաթուղթ են պատրաստել՝ ցանկություն հայտնելով դուրս գալ Սարչապետի կազմից:
Մեր դժգոհությունն անձերի դեմ չէ, այլ սխալ խոշորացման: 23 ամյա Աշոտ Մկրտչյանը խոշորացմանը դեմ ստորագրահավաք նախաձեռնող երիտասարդներից է: Ասում է, որ դրսից վերցված ծրագրերը տեղայնացնել՝ առանց խորքային վերլուծության, այնքան էլ ճիշտ չէ: Ի տարբերություն 5600 բնակչով փնջի փոքր գյուղերի, Նորաշենը բավական մեծ գյուղ է՝ զարգացած ենթակառուցվածքներով: Բնակչության թվով ՝շուրջ 1200, 2-րդն է փնջում՝ Սարչապետից հետո, որ 2180 բնակիչ ունի: Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ շուրջ 10 տարվա գյուղապետության օրոք հաջողվել է հարկերի հավաքագրման առումով մշտապես բարձր ցուշանիշներ ապահովել՝ հասցնել շուրջ 26 մլն դրամի: Նորաշենում խոշորացումից հետո 13 մլն դրամի աշխատանքներ են արվել,- Բաղդասարյանին է փոխանցել համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը: Ստացվում է, որ իրենց հավաքագրումների մյուս կեսն ուղղվելու է այլ համայնքներին, այն դեպքում, երբ Նորաշենը դեռ շատ խնդիրներ ունի: Մեկնաբանելով օրեր առաջ տարածված լուրը՝ թե ազատվել է աշխատանքից, վարչական ղեկավարը, անկեղծանում է՝ երբ սեփական հավաքագրումները չես կարողանում ծառայեցնել քո համայնքի խնդիրների լուծմանը, մոտիվացված չես: Նա չի հերքում խոշորացման լավ կողմերը, բայց այն ավելի նպատակահարմար է փոքր գյուղերի համար: Հարկավոր էր զարգացման հավասար մակարդակի բերել քիչ զարգացած գյուղերը, նոր միայն խոշորացնել՝ գործընթացի վերջնանպատակ ունենալով ուժեղ համայնքների ձևավորումն ու աստիճանաբար տարածքային կառավարման մարմինների լուծարումը: Մարդիկ չեն կարողացել իրենց կամքն արտահայտել ընտրության միջոցով, որովհետև տեղական հանրաքվե խոշորացման 2-րդ փուլին չի նախորդել: Բացի այս, միավորվել են տարածքային առումով միմյանց հետ ընդհանուր սահման չունեցող և զարգացման տարբեր մակարդակ ունեցող գյուղերը: Դժգոհության պատճառներից մեկն էլ սա է,-ասում է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը, ով նորաշենցիների դժգոհություններն ու, ընդհանրապես, խոշորացման հետ կապված խնդիրները բարձրաձայնել էր ԱԺ-ում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Այվազյանի դիտարկմամբ՝ խոշորացմանն իրենց դեմ լինելը մարդիկ արտահայտել են ՏԻՄ ընտրությունների ցածր 20 % մասնակցությամբ: ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հարցուպատասխանի ժամանակ չէր ժխտել, որ երբեմն խոշորացումն արվել է արհեստականորեն՝ ելնելով 1 քաղաքական ուժի նպատահարմարությունից: Բազմաթիվ են դեպքերը, երբ խոշորացված համայնքի կենտրոնը հաճախ եղած ռեսուրսներն ուղղում է միայն այդ համայնքի զարգացմանը՝ առիթ տալով դժգոհության: Նախարարը որպես խնդրի լուծում առաջարկել էր տեղերում համայնքային միջոցների արդյունավետ բաշխման վրա հանրային հսկողության ուժեղացումը՝ մեծապես կարևորելով ավագանու դերը՝ հանրային պահանջատիրություն ու հաշվետվողականություն ձևավորելու առումով: Սարչապետի ավագանու անդամ Զավեն Մխոյանն ունի հստակ առաջարկ կառավարությանը՝ մշակել մեխանիզմ, որով խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակավայրի վրա կծախսվի իր հավաքագրումներին համարժեք գումար: Շատ կհավաքեն՝ շատ կստանան, քիչ կհավաքեն՝ քիչ: Դա ավելի բարոյական ու արդար մոտեցում է նաև հարևան բնակավայրերի հանդեպ: Թե չէ, ստացվում է, որ 7 բնակավայր հավաքում են հանուն 1-ի համար: Սարչապետի ավագանու անդամ Զավեն Մխոյանն այս դժգոհության մեջ այլ ենթատեքստ է տեսնում.«Խնդիրը փողն է, ինչի համար է պայքար գնում՝ փողի»:Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր 2019-ի աշնանը սպասվող խոշորացման նոր փուլի մասին՝ վստահեցնելով, որ կլինեն հանրային քննարկումներ, կլսեն մարդկանց կարծիքը՝ տեղական հանրաքվեի տեսքով: Նորաշենցիները հուսով են, որ կառավարությունը հաշվի կառնի խոշորացման 1-ին և 2-րդ փուլերի արդյունքները և 3-րդ փուլում այլ մոտեցում կցուցաբերի: Հակառակ պարագայում, դժգոհություններն անխուսափելի կլինեն:
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն