«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է իր ուսումնասիրությունները Վանաձորի մակապարտեզների կողմից կնքված սննդամթերքի գնման պայմանագրերի ապօրինությունների շուրջ։
Խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՓՄՁ-ների բողոքների հիման վրա մեր կողմից թիրախային կարգով ուսումնասիրվել են Վանաձորի մանկապարտեզների կողմից կնքված սննդամթերքի գնման պայմանագրերը: Խնդիրը կայանում է նրանում, որ մանկապարտեզների սնունդ մատակարարող ընկերություններից երկուսը՝ “ԷՍ ԸՆԴ Է” ՍՊԸ-ն և Աննա Սաքանյան Ա/Ձ-ն մրցույթին մասնակցել են որպես ԱԱՀ վճարող ընկերություններ և այդ պայմաններով հաղթել մրցույթը: Սակայն առաջին իսկ մատակարարումը իրականացվել է որպես շրջանառության հարկ վճարող ընկերություն: Մենք գիտենք, որ ԱԱՀ վճարող ընկերություննեը, այսպես ասած, արտոնյալ պայմաններով են մասնակցում մրցույթին, քանի որ նրանք պետությանը ավելի շատ հարկ են վճարում, և մրցակցային գին համարվում է ապրանքի առանց ԱԱՀ գինը:
Այս պարագայում կոպիտ խախտում է տեղի ունեցել մատակարար/ՀՈԱԿ հարաբերություններում՝ պայմանագիր է կնքվել մի պայմանով, գործունեություն է իրականացվել մեկ այլ պայմանով:
Խախտվել է նաև ազատ, արդար մրցակցային դաշտը, քանզի եթե ի սկզբանե այդ մատակարարները ներկայանային որպես շրջանառության հարկով հարկվող ընկերություններ, նրանք չէին կարող հաղթել այդ հարկատեսակով հարկվող մյուս մրցակիցներին: Արդյունքում մենք կկնքեինք ավելի էժան պայմանագրեր, որի արդյունքում համայնքային բյուջեն կխնայեր զգալի գումարներ:
Մեր ուսումնասիրությունը կատարվել է թիվ 15, 33 և 40 մանկապարտեզներում, որտեղ այդ ընկերությունները միասին ունեն 10.237.000 դրամ գումարի կնքված պայմանագրեր, որտեղ ներառված է նաև ԱԱՀ-ն (մոտ 1.706.000 դրամ): Ստացվում է, որ մոտավոր այդ ԱԱՀ-ի գումարի չափի գումար հնարավոր է եղել խնայել, կամ այդքան գումար չի վճարվել պետական բյուջե: Իսկ եթե հաշվի առնենք, որ այս խնդիրը առկա է Վանաձորի գրեթե բոլոր մանկապարտեզներում, ստացվում է մենք գործ ունենք ահռելի գումարների հետ:
Ելնելով վերոգրյալից, մենք պահանջում ենք, որ Դուք և մյուս պատկան մարմիններ իրականացնեն աուդիտ, վերացնելու համար այդ խախտումները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել այն անձանց կամ ստորաբաժանումներին, ովքեր չեն իրականացրել պատշաճ վերահսկողություն, որի արդյունքում ամբողջ տարվա ընթացքում շարունակվել է այս ապօրինությունը»:
0 Մեկնաբանություն