Սոցիալական

Նախնական կալանքի մեկ օրը մեկուկես օր հաշվելու նախագիծը կառավարությունում աշխատանքային քննարկմանը ստացել է բացասական եզրակացություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության` նախնական կալանքի մեկ օրը որպես մեկուկես օր հաշվելու օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունում աշխատանքային քննարկման ժամանակ բացասական եզրակացություն է ստացել: Այս մասին խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հաղորդել է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում:

«Նախնական կալանքի մեկ օրը մեկուկես օր հաշվելու մասին նախագիծը հունվարի 14-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից դրվել էր շրջանառության մեջ: Այսօր կառավարության պետական իրավական հարցերի կոմիտեի նիստում այն բացասական եզրակացություն ստացավ»,-նշել է Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ եթե կառավարությունը դեմ է, ուրեմն խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը ևս դեմ կլինի նախագծին:

Մարուքյանը նույն՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը ներկայացրել էր նաև նախորդ խորհրդարանում: Սակայն այն ԱԺ-ի լիագումար նիստում քվորում չլինելու պատճառով չընդունվեց: Խմբակցությունն այս անգամ նախագիծը լրամշակել էր, և այն այլևս չէր տարածվում 2018-ի նոյեմբերից հետո կալանքի տակ գտնված անձանց վրա։

«Կառավարությունը նախորդ անգամ պնդում էր, որ մարդիկ շատ չեն կալանավորվում, ավելի շատ գրավ է կիրառում, մարդկանց իրավունքները  չեն ոտնահարվում, քաղաքականություն է փոխվել: Ես հանեցի նախագծի՝ ապագայի վրա տարածումը և առաջարկում էի, որ այն տարածվի 2004-2018թթ. նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածի վրա»,- նշել է Մարուքյանն ու հավելել, որ ինքն այդ առումով շատ դրական էր տրամադրված, կարծում էր, որ նախագիծը կընդունվի:

Նախագիծը դեռ պետք է քննարկվի կառավարությունում, հետո ԱԺ հանձնաժողովում ու լիագումար նիստում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *