Միջազգային

Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը մեկ տարով հետաձգվեց․ որոշումը բավարարում է նաև հայ բեռնափոխադրողներին

Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի հետ կապված Վրաստանի կառավարության որոշումը հետաձգվել է մեկ տարով՝ մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը։ Այդ մասին հայտնի է դարձել բեռնափոխադրողների և Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի հետ հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն էր՝ Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում բեռնատարների վարորդները բողոքի ցույց էին անում: Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ չեն լքի տարածքը՝ ֆինանսների նախարարից պահանջելով չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման վերաբերյալ արգելքը: Նրանց խոսքերով՝ սա իրենց եկամտի միակ աղբյուրն է, առանց որի չեն կարող գոյատևել բազմաթիվ ընտանիքներ: Այս ճնշման ներքո Վրաստանի կառավարությունը հացահատիկի ներկրման արգելքը նախ հետաձգել էր մինչև հոկտեմբերի մեկ, ապա մինչև տարեվերջ, իսկ այսօր արդեն պարզ դարձավ, որ որոշման կիրարկումը կհետաձգվի մեկ տարով։ «Մենք լսեցինք վարորդների դժգոհությունները, կարծիքները և որոշում կայացրեցինք մեկ տարով հետաձգել որոշումը։ Մեկ տարի անց կլինի այլ տիպի սահմանափակում, որի մասին կխորհրդակցենք վարորդների հետ»,- ասել է Վրաստանի Ֆինանսների նախարարը։

Վրաստանի ֆինանսների նախարարի այս որոշումը բավարարում է նաև հայ բեռնափոխադրողներին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք ասել են, որ իմանալով Վրաստան պետությունը, այս պահի դրությամբ իրենց բավարարում է այս որոշումը, բայց խնդրի լրջությունը պատկերացնելով, իրենք դեռևս վստահ չեն, որ սա վերջնական լուծում է։ «Վրացիներին իմանալով՝ լավ է, որ պայքարի արդյունքում հասանք մեկ տարի հետաձգելուն, բայց մենք տեսանք, որ որոշումը մի քանի անգամ ենթարկվեց փոփոխության, դրա համար էլ դեռ կասկածներ կան։ Կասկածներ կան նաև հարցի քաղաքական բաղադրիչը հաշվի առնելու տեսանկյունից։ Ամեն դեպքում, որպեսզի բոլոր կասկածները փարատվեն, թող մեր կառավարությունը երաշխիքներ տա, որ ցորենը չի թանկանա, հացը չի թանկանա և անաշխատունակ ժողովուրդը մեր երկրում չի շատանա»,-նշել է զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ցամաքային ճանապարհով հացահատիկ տեղափոխելու արգելքի վերաբերյալ Վրաստանի կառավարության այս որոշումը պատճառաբանվում է ճանապարհների որակը խնայելով։ Նրանց ուսումնասիրություններով՝ հացահատիկով բեռնված մեկ մեքենան ավտոճանապարհին շատ ավելի վնաս է հասցնում, քան 20 հազար մարդատար մեքենան։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *