Ժաննա Շահնազարյանը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է, միաժամանակ ոստիկանության մայոր։ Սիրով համատեղում է բարձրակարգ մարզիկի և իրավապահի շախատանքը, գտնելով, որ մեկը մյուսին օգնում է։
-Սպորտը իմ առօրյան է, իմ կյանքը, մի օր, որ չմարզվեմ՝ ինձ թերի կզգամ, կյանքից կտրված։ Նույնիսկ հիվանդ ժամանակ մարզումներս բաց չեմ թողնում։
Մարզական կարիերան
-Առաջին անգամ սպորտի հետ ծանոթացա 14 տարեկանում, ակրոբատիկայով սկսեցի զբաղվել։ Իհարկե, այդ ժամանակ մեծ հաջողոթյուն չունեցա, բայց ինձ համար դա բացահայտում էր, որ կարող եմ ինչ-որ բան անել։ Հետո սկսեցի զբաղվել լեռնային հեծանվային սպորտով, մասնակցել եմ մի քանի արշավների։ Պատահաբար իմացա, որ կա մի մարզաձև՝ գնդի հրում։ Սկսեցի զբաղվել ու առաջին իսկ ամիսներին, միջխմբային մրցույթներում սկսեցի հաջողություններ գրանցել և մնացի աթլետիկայի մեջ։ 2003-ից սկսած՝ այս մարզաձևում եմ․ գնդի հրում, մուրճի նետում, սկավառակի նետում։ 2011 թ․ համալրեցի աթլետիկայի ազգային հավաքականի շարքերը և դուրս եկա միջազգային մրցումների։ Այն տարիքում, երբ շատ մարզիկներ թողնում են մարզական կարիերան՝ ես սկսեցի հաջողություններ գրանցել, ինձ համար նոր՝ օլիմպիական մարզաձևում, ուժային եռամարտում։ 38 տարեկանում դարձա աշխարհի չեմպիոն երկու մարզաձևում, որ ինձ համար մեծ հաջողություն է։
Խորհուրդ կտամ բոլորին, անկախ տարիքից՝ զբաղվել սպորտով, որովհետև սպորտը ապրելակերպ է, կյանք է, առողջություն է։
Պատերազմի և քովիդի ազդեցությունը սպորտի վրա
-Շատ դժվար ժամանակներ ապրեց մարզաշխարհը պատերազմի և քովիդի ժամանակ։ Շատերս ստիպված էինք տանը մարզումներ անել։ Հիմա մեր կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը փորձում են անել ամեն ինչ, որպեսզի կորցրածը հնարավոր լինի վերականգնել, լինի՝ դրամական պարգևատրումների, թեկուզ պատվոգրերի տեսքով, որոնք շատ պարտավորեցնում են մարզիկներին։
Մարզադպրոցների վիճակը մարզերում
-Ե՛վ մարզերում, և՛ Երևանում կան խնդիրներ, չեմ կարող ասել, որ մարզադպրոցները ամբողջությամբ հագեցված են մարզագույքով կամ իդեալական պայմաններ ունենք։ Առհասարակ, լավ կլիներ, որ մարզադպրոցների թիվն ավելանար մարզերում։ Ի տարբերություն նախորդ տարիների, այսօր երիտասարդներն ավելի քիչ են զբաղվում սպորտով, մտածում են, որ սպորտը Հայաստանում ապագա չունի, ու նախընտրում են զբաղվել օրինակ, ՏՏ ոլորտով, որն ավելի եկամտաբեր կլինի ապագայում։ Ես ինքս էլ զբաղվում եմ 2 մարզաձևով, որտեղ ևս մարզագույքի պակաս կա։ Բայց այսօր ունենք վազքուղիներ, նետումների սեկտոր, որոնք նախկինում չեն եղել։ Այնպես չէ, որ այսօր ծանրամարտիկները կամ ըմբշամարտիկները գույք չունեն, ունեն, իհարկե, սակայն չի կարելի սպասել, որ տարիների բացթողումները 1-2 տարում վերականգնվեն։ Զարգացումը չպետք է դնել միայն պետության ու կառավարության ուսերին, այն պետք է նաև մե՛ր ուսերի վրա կրենք։
Աշխարհի չեմպիոն և ոստիկանության մայոր
-2013 թ․ պատահական իմացա, որ ոստիկանության հատուկ ստորաբաժանումներում ծառայողներ են հարկավոր։ Չափանիշներ կային, որոնց նաև ես էի համապատասխանում։ Դիմեցի և հաջողությամբ անցա հարցազրույցը։ Չգիտեի՝ ոստիկանությունում ծառայելը արդյո՞ք կխանգարի սպորտով զբաղվելուն։ Ղեկավարությունն, ընդհակառակը, ողջունեց, որ ծառայողը լինի նաև մարզիկ։ Սկսեցի ծառայությունս՝ ստանալով լեյտենանտի կոչում։ Եղել եմ հատուկ ծառայության տեսուչ, այնուհետև ծառայել եմ հետաքննությունում՝ Երևանի կենտրոնի բաժնում, որից հետո նշանակվել եմ Ծաղկաձորի բաժնի պետ, ապա նշանակվել եմ, և մինչև օրս զբաղեցնում եմ ոստիկանության Վաղարշապատի պետի տեղակալի պաշտոնը, ոստիկանության մայոր եմ, շուտով կստանամ փոխգնդապետի կոչում։ Այս բոլոր տարիներին, տարեկան 2-3 անգամ մասնակցել եմ միջազգային մրցաշարերի։ Ոստիկանության ղեկավարությունը երբեք խոչընդոտ չի հանդիսացել իմ մարզական կյանքին, ընդհակառակը, միշտ խրախուսել է։
Պատվով եմ կրում ուսադիրներս և պատվով եմ բարձրացնում Հայաստանի դրոշը տարբեր միջազգային մրցաշարերում։
Մանրամասները՝ տեսանյութում
Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն