Լոռու մարզ Լորուտ բնակավայրում է ապրում Գոհար Խաչիկյանը: Անկախ կարծրատիպերից՝ նրան ընտրում են: Ավագանու անդամ է գյուղի բուժքույրը: Կրթություն ստանալուց, բազմաթիվ վերապատրաստումներից, Գերմանիայում, Երևանում աշխատելուց հետո նախընտրել է վերադառնալ հայրենի գյուղ և լինել համագյուղացիների կողքին:
Գոհար խաչիկյանը պատմում է.
-Աստված երևի կամեցավ, որ պետք է ծառայեմ իմ համայնքին: 2001 թվականից վերադարձա և աշխատում եմ Լորուտի ամբուլատորիայում: Մատուցում եմ մի շարք ծառայություններ, հիմնականում առաջին բուժօգնություն, կատարում եմ բժիշկների նշանակումները, մանկական պատվաստումները…
Լորուտի բժշկական ամբուլատորիայի շենքը կառուցվել է 40-ական թվականներին, հետո մեր պապերի շնորհիվ վերակառուցվել է որպես հիվանդանոց: Ժամանակին նույնիսկ ունեցել է հիվանդասենյակներ, հետծննդյան և մանկական սենյակ և ավելի քան 18 աշխատող:
Հիվանդանոցը հետագայում դարձել է բուժկետ, քանի որ էապես նվազել է բնակչության քանակը: 2007 թվականին շենքը արդիականացվել է USAID-ի (Միացյալ նահանգների միջազգային զարգաման) միջոցներով: Տրամադրել են կահույք և պիտույքներ:
Ես երջանիկ եմ, որ բուժքույր եմ, գիշեր-ցերեկ աշխատում եմ, չունեմ քուն ու դադար, իհարկե, գյուղի բնակիչներն էլ ինձ են խրախուսում…
Անցյալի հիվանդանոցի տխուր պատկերը
Տասնամյակներ շարունակ այստեղ գործել է հիվանդանոց, ստացիոնար բուժում են ստացել շրջակա գյուղերի, նույնիսկ Նոյեմբերյանի շրջանից եկած հիվանդները: Լավ կլիներ, որ լիներ աջակցություն, որպեսզի դարձյալ գործեր հիվանդանոցը, ունենայինք մեր բժիշկը, մեր ծննդատունը, քանի որ մենք շատ հեռու ենք գտնվում մարզկենտրոնից, ճանապարհներն էլ բարեկարգ չեն:
Ավագանու կին անդամը
2021 թվականին ընտրվել եմ որպես խոշորցված համայնքի ավագանու անդամ: Որոշեցի ավագանի դառնալ, որովհետև աշխատելով Գերմանիայում, ցանկանում էի, որ իմ ժողովուրդն էլ ապրի լավ պայմաններում, կարողանայի առաջ քաշել համայնքում առկա խնդիրները: Եվ մարդիկ վստահելով ինձ ընտրեցին ավագանի, ես էլ իրենց առաջ քաշած խնդիրները ներկայացնում եմ ավագանու նիստերին, որոնք հիմանականում լուծում են գտնում:
Որպես չլուծված խնդիր մնում է տրանսպորտի հարցը: Տասնամյակներ շարունակ չենք ունեցել նորմալ ճանապարհ, անանցանելի է եղել, սակայն հիմա ճանապարհը մինչև գյուղի կենտրոն ասֆալտապատվել է, հուսանք, որ տրանսպորտի խնդիրն էլ կլուծվի: Ունեցել ենք ջրի խնդիր, որը նույնպես լուծվել է սուբվենցիոն ծրագրի միջոցով, և սարից իջնող ջուրը նոր խողովակաշարերի միջոցով հասել է գյուղ: Մասնակի վերանորոգնել են նաև գյուղի ներսի խողովակաշարերը, մաքրվել են ջրամբարները:
Կին ավագանի լինելը
Կին ավագանի լինելը դժվարություն չի, եթե քեզ աջակցում ու օգնում են, խնդրանքները չեն մերժում: Հարկավոր է, որ ժողովուրդը աշխատացնի ավագանուն և առհասարակ ղեկավարներին, խնդիրները ներկայացնի, որպեսզի նրանք լուծում գտնել:
Երազանքը ապագայի Լորուտի մասին
Իմ երազանքը համայնքի հետ կապված նա է, որ բնակչությունը չգնա, աշխատատեղեր ստեղծվեն, ճանապարհները ամբողջովին վերանորոգվեն, ունենանք դեղատուն, հյուրատներ և գյուղը շենանա:
Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն