Սարիբեկ Սարգսյանը Թումանյան խոշորացված համայնքի Լորուտ բնակավայրի վարչական ղեկավարն է։ Գյուղում բնակվում է ընդամենը 130 ընտանիք, նախկին 350-ի դիմաց։ Ասում է՝ սիրով ընդունել է առաջարկը, քանի որ ինքը հեղափոխական է, ՔՊ կուսակցության անդամ։ Ղեկավարության, կառավարության հետ փորձում է աման բան անել, որ սայլը տեղից շարժվի և ինչքան հնարավոր է փոփոխություններ բերել, գյուղացու համար լավ բաներ անել, որ նա իրեն ապահով զգա, քանի որ Լորուտն օրեցօր դատարկվում է։ Հոգսերը շատ են, բայց սիրում է իր գյուղը, փորձում է ուժերի ներածի չափով օգտակար լինել։
Ինչո՞վ զբաղվի լորուտցին, որ չհեռանա գյուղից
-Հիմնական զբաղմունքը անասնապահություն է, որով փորձում են հոգալ իրենց հոգսերը։ Անասունից ստացած եկամուտը չնչին է, որովհետև ամեն ինչ թանկացել է, ձեռք բերելը՝ դժվար, բայց ի՞նչ արած, ապրելու ուրիշ միջոց, աշխատատեղ չկա։ Ժամանակին ունեցել ենք վարելահողեր, բայց դրանք կորցրել են ունակությունը, էրոզիայի են ենթարկվել, հիմա վերածվել են խոթհարքների։ Վերջերս ծրագիր է սկսվել, պայքար դեգրադացված հողերի դեմ։ USAID ծրագիրն է, աշխատում են, որ դեգրադացված հողերը մի փոքր տեսքի բերեն։ Հետագայում կտեսնենք՝ հողը կարո՞ղ է որպես վարելահող ծառայի, կփորձենք։ Ցավոք, այս պահին չունենք հողագործությամբ զբաղվողներ։
Գյուղի խնդիրները
-Գյուղացիների մեջ այսպիսի խոսակցություն կար՝ ասֆալտը լինի՝ ամեն ինչ լավ կլինի։ Շնորհիվ մեր կառավարության, մեր ղեկավարության և մեր համայնքապետարանի՝ այսօր մենք արդեն ունենք ասֆալտապատ ճանապարհ։ Գյուղը նաև գազաֆիկացված է։ Ունեցել ենք ջրագծի մեծ խնդիր, 15 կիլոմետրանոց ջրագծի 7 կիլոմետրը վնասված էր։ Էլի շնորհիվ մեր կառավարության այդ խնդիրը ևս լուծվեց։ Հիմա խնդիր ունենք միայն ներքին ցանցի հետ։ Դիմել ենք և հույս ունենք, որ այդ հարցին էլ լուծում կտրվի ինչ-որ մի ծրագրով, կառավարությունով, մարզպետարանով։ Դա էլ որ լինի՝ Լորուտը ապահով կլինի գազից, ջրից, ճանապարհից։ Դրանք այն նախադրյալներն են, որոնք լորուտեցուն կասեն՝ մի հեռացեք ձեր ծննդավայրից, որովհետև այն մի գողտրիկ, չնաշխարհիկ գյուղ է՝ հիանալի բնությունով։
Լուսավորության խնդիրն ամբողջությամբ լուծված չէ
-Սուբվենցիոն ծրագրով լուսավորության ցանցը մեծացրել ենք։ Նախկինում ունեինք 20-25 լույս, արդեն ունենք 50-ը, պլանավորել ենք ամբողջ գյուղի փողոցները լուսավորել։ Խնդիր ունենք գյուղ մտնող հոսանքի հետ կապված, որովհետև գյուղ մտնող հոսանքալարերը, հենասյուները բավականին հին են, փոքրիկ քամու, անձրևի դեպքում՝ գյուղը հոսանքազրկվում է։ Գյուղացիք ասում են՝ մեկը մեկի հետ խոսելիս թե փռշտում ա՝ լույսը կտրվում ա, այ էդ վիճակն ա։ Շատ կենցաղային էլեկտրատեխնիկա է փչացել հոսանքի տատանման պատճառով, շատ մեծ խնդիր է։ Ամփոփելով ասեմ, որ հրատապ լուծումներ են պահանջում ներքին ցանցի և էլեկտրականության խնդիրները։ Բարձրաձայնեք իմ ասածը, եթե կօգնի, թող էս խնդիրները մեր գյուղի համար լուծվեն։
Աշխատատեղերի անհրաժեշտությունը
-Դե եթե մեկը գա մի կարի ֆաբրիկա բացի, կամ վայրի բույսերի հավաքման, պահածոների արտադրամաս բացի՝ աշխատատեղ կունենանք։ Շատ է խեղճանում ժողովուրդը, միայն անասնապահությունով շատ դժվար է։
Մանրամասները՝ տեսանյութում
Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն