Մունետիկ

«Ասի՝ Սուսան, մեր վերջն եկել ա...»

Ալավերդի խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայրը մայիսի 26-ի աղետի հետևանքով զրկվեց հետիոտնային և տրանսպորտային կամուրջներից՚ ամբողջությամբ կտրվելով արտաքին աշխարհի հետ կապից: Բնակիչներին փրկելուց հետո նախկին հետիոտնային կամրջի տեղում արագ կառուցեցին նորը, սակայն օրեր շարունակվող սելավի պատճառով վարարած գետը երկրորդ անգամ ավերեց կամուրջը: Հիմա երկաթե և փայտե կոնստրուկցիաներով նոր ճոճվող կամուրջ են կապել: Բնակիչները տեղաշարժվում են դրանով, սակայն տրանսպորտային կամուրջը դեռ կառուցված չէ, ինչը հատկապես բերքահավաքի սեզոնին խոչընդոտել է բնակիչների բերքի իրացմանը: Քարկոփի բնակիչ Ռուզաննա Մաշինյանն աղետի օրը գտնվում էր տանը: Որդին Վրաստանից ապրանք էր բերել, տանելու էր Գյումրի վաճառելու: Երեկոյան ժամը 22-ին ջրհեղեղը հասավ Քարկոփ. «14 տարեկան թոռս սկսեց լաց ըլել, ասավ՝ ինձ հանեցեք, ես ստեղ չեմ մնա, ես վախենում եմ: Ես էլ վրեն խոսեցի, ասեցի՝ էլ ա պատահել, ջուր ա, կգա, կանցնի, կգնա: Հերը վեր կացավ, երեխանցը լցրեց ավտոն, տարավ: Ես չգնացի: Մինչև առավոտվա ժամը 6-ը տեսա՝ ինչ ա կատարվում Քարկոփում: Ինչքան գարաժներ կային, տնակներ կային, քշեց տարավ: Մեկ էլ տեսա՝ մի մեծ բաք գետի վրայով գնում ա: Եկավ, տվեց, մոստը փլեց տարավ: Հարևանս հետս էր: Ասի՝ Սուսան ջան, մեր վերջն եկել ա»: Ռուզաննան սրտնեղում է: Տրանսպորտային կամուրջը չվերականգնելու պատճառով ամռանն առևտրի համար գնած թուզը մեծ չարչարանքով դույլերով փոքր կամրջով են անցկացրել, տարել վաճառելու: Մինչ տիկին Ռուզաննան իր հոգսն էր պատմում, նրա շուրջը հավաքված բախտակից կանանցից Ջուլիետա Փարսադանյանն ավելացրեց. «Էդ կամուրջը օդ ու ջրի պես պետք ա: Բացի անցուդարձը, մեր խանութի մատակարարումը կատարվում ա գետի մյուս ափից: Մի բանը գալիս ա, 10-ը չի գալիս: Ինչ անի ժողովուրդը: Ստիպված մեկը գնում ա Ալավերդի, մեկը Նոյեմբերյան, թեկուզ սննդի, թեկուզ ուրիշ մանր-մունր առևտուր անելու համար»: Արևիկ Աքելյանն իր հերթին պատմեց. Էկան, ամեն ինչ խոստացան, կատարեցին: Մեր ցավոտ հարցը միայն կամուրջն ա, էլի: Ալավերդի գնալու համար բարձրանում ենք Ճոճկանով, Ախթալայով... Մի անգամ սարքեցին հին կամրջի տեղը, էլի ջրհեղեղ եղավ, քանդվեց: Նորը սարքեցին, գնում-գալիս ենք, բայց մեզ մեքենայի կամուրջ ա պետք: Շինանյութի խանութից ապրանքը ձեռքով ենք անցկացնում էս կողմ: Հմի, որ ձուն ըլնի, թաց ըլնի, չես կարա էրեխեքին թողնես՝ անցնեն, շատ վտանգավոր ա»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *