Մունետիկ

Բարեգործությու՞ն եք ուզում անել, արե՛ք, բայց քաղաքականությունից դուրս…

Մաշկիս բջիջներով վտանգ եմ զգում ... Ձեզ դիմում է սովորական մի հայ մարդ: Մեկը նրանցից, որոնք չեն գոռում, շահեկան վիճակում հայտնվելու համար ուրիշների գլուխները չեն տրորում և երբեք ուրիշի ունեցվածքին աչք չեն դնում: Մարդ, որի համար գերագույն արժեք է հայրենիքը, որը պատրաստ է ամենաթանկ զոհաբերության հայ մարդուն հպարտ, բարեկեցիկ ու արժանապատիվ տեսնելու համար, որի համար ընտանիքը վեհ է և պաշտելի, ազնվությունն ու մարդկանց առանց թմբկահարելու օգնության ձեռք մեկնելը՝ ապրելու սկզբունք: Երեք որդիների հայր և երեք թոռների պապիկ եմ: Ես ծառայել եմ Սովետական բանակում, որդիներս՝ Հայկական բանակում (փոքր որդիս կզորացրվի հուլիսի երկրորդ կեսին):

Միջնեկ որդիս հատուկ նշանակության բրիգադի գումարտակի հրամանատար է (2016 թվականի ապրիլի 3-ից մինչև մայիսի 3-ը հատուկ առաջադրանքով գումարտակի հետ գտնվել է Արցախում): 2016 թվականի ապրիլ-մայիսին մասնակցել եմ Արցախի հյուսիսային սահմանների պաշտպանությանը: Մայիսի 3-ին ականի պայթյունից վիրավորված կամավորականին ականապատ դաշտից հանելու նպատակով կատարված գործողության ժամանակ ականի պայթյունից ծանր վիրավորվել եմ և կորցրել ոտքս: Վանաձորի պատվավոր քաղաքացի եմ, որով շատ հպարտ եմ:

Հարգարժան հայ մարդ, վերը շարադրվածը հետապնդում է միայն ու միայն մի նպատակ, իմ ապրած կյանքով և դավանած արժեքներով արժանանալու քո ուշադրությանը և ասելիքս լսելի դարձնել:

Անհանգստությունս ծագեց ԱԺ-ում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կողմից հնչեցված հետևյալ արտահայտությունից. «Պարոն Փաշինյան, խորհրդակցե՞լ եք Գագիկ Ծառուկյանի հետ, որ բարեգործության ոլորտն ուզում եք կարգավորել» և ավելի խորացավ սոցապ նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի լուրը լսելուց հետո: Արժեհամակարգի, աշխարհընկալման և փիլիսոփայության առումով հակադիր բևեռներում գտնվող կողմեր, որոնք սատանայի քմքհաճույքով հարվածում են միևնույն թիրախին: Թիրախը զարթոնք ապրող հայ ժողովուրդն է իր համախմբվածությամբ և իր առաջնորդի նկատմամբ ունեցած հավատով և սիրով: Մ. Թանդիլյանի դեպքում ունենք առաքինի հայ կին, կայացած անհատ, սկզբունքային և անզիջում քաղաքական գործիչ, որի համար սկզբունքները երբեք չեն ստորադասվում պաշտոնին:

Ցավոք, հարգարժան հայուհին կարծում եմ իր և իր թիմի առաքելությունը ամբողջ խորությամբ չի ըմբռնել: Ժողովրդի կամքով ազգին առաջնորդելու առաքելություն ունեցող թիմը ճեղքեր տալու իրավունք չունի, առավել ևս ճանապարհի սկզբում: Սա ֆուտբոլային թիմ չէ, այն էլ բարձրագույն կարգի, որ դաշտում վնասվածք ստացող ցանկացած խաղացողի համար ունենա համարժեք փոխարինող, որը որևէ կերպ չի կարող անդրադառնալ խաղի ելքի վրա:

Հարգելի Մանե, դուք որոշումը կայացրել եք տաքացած, այսրոպեական վիրավորանքի ազդեցության տակ, որը խանգարել է ձեզ լիարժեք գիտակցելու կարևորագույն առաքելություն ունեցող թիմում ձեր դերի կարևորությունը: Ձեզ համար փոխարինող նույնիսկ փոխարինողներ կճարվեն, իհարկե, բայց հավատացեք, որ հանրության մեջ մտահոգություններ են առաջանում, տրամադրություններ են փոխվում: Վկան անձամբ իմ մոտ առաջացած մտահոգությունները, իսկ ես հաստատ միակը չեմ: Որպեսզի այս դատողությունները ճիշտ հասկացվի և տպավորություն չստեղծվի, թե ես գույները խտացնում եմ կամ ֆետիշացնում եմ թիմի անդամի դերը նպատակին հասնելու ճանապարհին, ասեմ որ այս ամենը ես անց եմ կացնում Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված հայկական իրականության պրիզմայով:

Երբ ամեն ինչ դեռևս հեղհեղուկ է, կան ռևանշի ձգտումներ, ժողովուրդը անհամբեր է և շտապում է օր առաջ հեղափոխության պտուղները տեսնել իր տանը: Կան ուժեր, որոնք թաքուն կամ արդեն բացահայտ ձեռքերն են շփում և նոր իշխանությունների կողմից օրինականության խրախուսումը կարող են իրենց հարմար տեսանկյունից մեկնաբանել: Եվ վերջում. մի բան է, երբ թիմը լքում է թիմի գաղափարները կրող լիիրավ անդամը, այլ բան է, երբ հայտնաբերվում և հեռացվում է պաշտոնյա, որը սողոսկել է պաշտոնը չարաշահելու նպատակով: Առաջին դեպքում թիմը թուլանում է, երկրորդ դեպքում՝ ուժեղանում: Եվ քանի որ ժողովուրդը բնազդով սրանք հասկանում է, հարկավոր է գնահատել այն և **առանձին դեպքերում **սեփական սկզբունքները ստորադասել թիմի շահերին, իսկ այժմեական հաջողությունները՝ հեռահար և հիմնավոր ձեռքբերումներին:

Հետևաբար՝ հարգարժան հայ մարդ քեզ համբերություն և իմաստություն:

Արդեն նախանշվող բարիկադների մյուս կողմից ունենք գործիչներ, որոնց ամենամեծ արժանիքը հայ մարդու չքավորությունից օգտվելու ճարպկությունն է և կոպեկներով այդ դժբախտությունը կապիտալի վերածելու վարպետությունը: Այս գործիչներին ուզում եմ հարցնել, հարգելիներս, դուք ի՞նչ եք ուզում: Երբ Նիկոլն ասում է, որ վարչական ռեսուրսը հանձինս ուժայինների, դպրոցների, ԲՈւՀ-երի, առողջապահական հիմնարկների, համայնքապետերի ու մարզպետների և էլի հազար ու մի հաստատությունների չպետք է միջամտեն ընտրություններին և փող չպետք է բաժանվի, դուք ուզու՛մ եք, որ Ծառուկյանն իր հիմնադրամով շարունակի աղքատության եզրին հասցրած գյուղացու ձայները առնե՞լ, հիմնադրամի հաշվին ճոխ-ճոխ գրասենյակնե՞ր պահի:

Ձեր կարծիքով այստեղ տրամաբանություն կա՞: Տրամաբանություն կար այն ժամանակ, երբ Սերժը վարչական ռեսուրսն օգտագործում էր, հետն էլ փող էր բաժանում և ձեզ էլ թույլ էր տալիս, որ դուք էլ բաժանեք ու խորհրդարանում միշտ երկրորդ «պատվավոր» տեղն ունենաք, ավելի քան համոզված լինելով, որ դուք չեք համարձակվի խախտել ձեզ համար որոշված խաղի կանոնները: Այլ կերպ չէիք էլ կարող (հիշեք Սերժի հայտնի ելույթը): Բա ինքներդ ձեզ երբևէ հարց չե՞ք տվել, ինչպե՞ս էր լինում, որ իշխանությունների և սանձարձակ, ժողովրդին մաշկող հարուստների նկատմամբ ժողովրդի անսահման ատելության պայմաններում ՀՀԿ-ն ու Բարգավաճը ցանկացած ընտրությունների իրենցով էին անում խորհրդարանի ձայների 85-90%-ը: Հիմա ի՞նչ է պատահել: Բարեգործությու՞ն եք ուզում անել, արե՛ք:

Բայց միշտ հիշեք, որ Աստվածաշունչն ասում է, որ բարեգործությունը չեն անում այն հրապարակային ներկայացնելու կամ թմբկահարելու համար: Եթե բարեգործություն ե՞ք ուզում անել՝ արե՛ք, քաղաքականությունից դուրս գտնվող՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների կարգավիճակ ունեցող կառույցների միջոցով: Սուսուփուս փողերը փոխանցեք այդ կազմակերպություններին և պայմանավորվեք դրանք տնօրինելու ուղղությունների շուրջ (այդ կազմակերպությունները, որպես կանոն, այդպիսի հնարավորություն տալիս են): Չեմ ուզում որևէ մեկին չարախոսել, բայց համոզված եմ, որ խաղի այսպիսի կամ նման կանոններ սահմանելու դեպքում Հայաստանյան ծագում ունեցող բարեգործական գումարները կտրուկ կնվազեն:

Վերջերս անձնական արխիվներս էի փորփրում և վերընթերցեցի, թե ինչպես 2008 թվականին Սերժին հասցեագրված նամակներից մեկում վերջինիս նկարագրում էի մեր երկրի համար շատ հավանական այսպիսի մի սցենար. պատկերացրեք մի իրավիճակ, երբ հարաբերություններն այն աստիճան են սրվում, որ սահմանները ռեալ պաշտպանելու անհրաժեշտություն է առաջանում: Եվ հարցնում էի, ձեր կողքին կանգնած մարդկանցից քանի՞սն է պատրաստ կրելու երկիրը պաշտպանելու առաքելությունը, կա՞ն մարդիկ, որոնք պատրաստ են դիրքերում գիշերներ անցկացնել, զրկանքներ կրել, կյանքը վտանգել, և ինքս էլ պատասխանում էի, որ երկիրը պաշտպանելու պատիվն ու առաքելությունը միշտ էլ եղել և մնում է մեր և մեր ընտանիքների խաչը, որը միշտ էլ պատվով կրել ենք և միշտ էլ կկրենք: Ձեր մարդիկ դրա հետ կապ չունեն, ձերը՝ մեջ ուտել, ղրաղ ման գալն է:

Դրանից 8 տարի հետո 2016 թվականի ապրիլյան պատերազմը հաստատեց խոսքերիս ճշմարտացիությունը: Առանց բացառության բոլոր զոհվածները սովորական, համեստ ընտանիքի տղաներ են, որոնց ընտանիքները Սերժի Հայաստանում միայն գոյության կռիվ են տվել կամ անօրինականությունների ու անարդարությունների ճիրաններում անարդյունք մաքառել: 2016-ի ապրիլը մի տխուր բացահայտում էլ արեց. Պատերազմի առաջին օրվա շփոթը անցնելուց հետո մի փոքր հապաղումով պլպլան կոշիկներով, նատովկեքով, թիկնապահներով և ազերիների դեմ կռվելու համար հատկապես «հարմարեցված» թանկարժեք ջիպերով հրապարակ դուրս եկավ նաև Սերժի գվարդիան:

ԱԺ հիշյալ նիստում հնչած ելույթները լսելուց հետո մտորումներս ինձ տարան 2016-ի ապրիլ: Երևակայությանս զոռ տալով, մտածում եմ, թե ինչքան դաստիարակչական կլիներ Բարգավաճի Մելքումյան Միքայելի հետ դիրքերում մի քանի շաբաթ, օր ու գիշեր մարտական հերթապահություն կատարեինք: Ոչինչ որ գիշերները հնարավոր է՝ անձրևից մի քիչ թրջվեինք, անփորձությունից մի թեթև էլ շակալների կաղկանձից սարսռայինք, բայց դա ոչինչ, կարևորը՝ ազերու թիրախ չդառնալն է:

Չնայած այս դեպքում էլ, տղամարդ չե՞նք․ ինչ է, իրենք կկրակեն, մենք էլ պատասխանը կտանք, մեր ձեռքն ո՞վ է բռնել: Ու այսպես, ինչպես ասում են, իրար թև ու թիկունք, գիշերները կխոսեինք, օրինակ, վարչապետին դիմելիս ձայնի տոնը փոխելու անհրաժեշտությունից, ենթադրենք՝ տոնը դարձնենք այնպիսին, ինչպիսին լինում է Գագիկ Ծառուկյանի հետ խոսելիս՝ զգույշ, յոթ չափելով մեկ կտրելով, կամ ասենք դադարեցնենք կանանց հետ գռեհիկ վարվելը, ինչպես վերջին նիստերից մեկի ժամանակ վարվեց փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի հետ: Ու այսպես էլի շատ-շատ բաներից:

Ինձ ճիշտ հասկացեք, այս ամենը, իհարկե, ավագ ընկերոջ իրավունքով և մաքուր սրտով: Ճիշտն ասած մի փոքր գաղտնիք էլ բացեմ: Ինչու հենց երևակայությունս գնաց ու Մելքումյանի վրա կանգնեց: Ուրեմն, մի ժամանակ մի ծառայություն կար, անունը՝ նախագահի վերահսկողական ծառայություն: Ես այդտեղ մի քանի տարի ծառայել եմ: Ճիշտա, կռվով դավով ինձ հանեցին, պատճառաբանելով, որ ես իրենց թիմից չեմ, բայց ծառայություն եմ ասել է՜, ինֆորմացիան՝ գնա գալիս եմ, իրան-իրան գալիս լցվումա գլուխդ: Տերդ մեռնի, ինֆորմացիա, ի՜նչ ինֆորմացիա․ ով ինչքան փող ունի, ինչ սեփականություն ունի, ով ում հետա քնում, ում կնիկը ում հետա, որի գույննա փոխված դբա երկնագույնը, ու սենց հազար ու մի բան: Դու մի ասի էդ իմ ծառայության տարիները մի թեթև համըկելա մեր Մելքումյանի պետական գույքի կառավարման վարչության պետի ծանդ՛ր պաշտոնում ծառայելու հետ: Փաստորեն ստացվումա, որ չնայած տարբեր տեղերում, բայց իրար հետ ծառայել ենք:

Հիմա ավելի լուրջ:

Հարգելի բարգավաճականներ, եթե այն կարծիքին եք, որ հաղթանակի դափնիները Նիկոլը ձեզ հետ պետք է բաժանի, ապա չարաչար սխալվում եք: Նախկինների նկատմամբ ունեցած վրեժխնդրությունը (հիշեք Սերժի հայտնի ելույթը, խնամի Արգամիչի կարիերայի անփառունակ վախճանը), իրավիճակի փոփոխությանը հարմարվելու և ժամանակին ուժեղի կողմն անցնելը և միամիտ բախտը ժպտալու հանգամանքը ձեզ ընդամենը կարող է բնութագրել որպես կազինոյի խաղացողի, բայց ոչ երբեք զրկանքների միջով անցնող ժողովրդի ցավին դարման անողի առաքելություն ունեցող ուժի: Մայիսյան հաղթանակը (դարձյալ մայիսյան, ինչպիսի մեծ խորհուրդ) ոչ թե վայելքներ է բերում այլ տառապանք, տառապանք, որը Աստծու բարեհաճությամբ հաջողելու դեպքում Նիկոլի և իր գաղափարակիցների անունը ոսկե տառերով կգրի հայոց պատմության մեջ: Եկեք անկեղծ լինենք, դուք պատրաստ չեք նման զոհողությունների:

Կյանքի և շրջապատի նկատմամբ դուք պահանջատեր եք: Դուք չեք կարող ապրել ուրիշի հոգսերով: Խեղճ ու կրակ մարդկանց անհասկանալի ճանապարհներով կուտակած հսկայական հարստությունից չնչին կոպեկներ բաժին հանելը խրախուսանքի արժանի վարմունք չէ, ավելին, խեղճին ու կարիքավորին նսեմացնելու, կործանելու ամենակարճ ճանապարհն է: Դուք ունակ չեք փյունիկի նման այրվելու և այրվելով ապրեցնելու մյուսներին: Դուք չեք գիտակցում կատարվածը ողջ խորությամբ: Անկեղծորեն ես ձեզ չեմ մեղադրում: Դուք մեղք չունեք, դուք տեսակով եք այդպիսին և դա հանցանք չէ: Հանցանք կլինի, եթե դուք ձեր խոսափողերն ու հարստությունն օգտագործեք ի չար, և ձեր հավակնություններով մոլորեցնեք հասարակ ժողովրդին, խլեք նրանից հաղթանակը:

Հասկացեք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը նորից 30 տարի սպասելու ժամանակ չունի, որպեսզի հիմա էլ ձեզ ուղարկի գրողի ծոցը: Այդպիսի հեռանկարը հայ ժողովրդին տասնամյակներով հետ կմղի՝ ապագայի նկատմամբ այլևս առանց շանսի:

Անդրանիկ Հարությունյան

7 Մեկնաբանություն

  1. Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար:

  2. Անդրանիկ Հարությունյանը իսկական հայ, ազատամարտիկ է։ Աստված իրեն որդիներ է պարգևել հայրենիքին ծառայելու, մեր անվտանգությունը ապահովելու համար։ Ես նամակը կարդալուց հասկացա, որ համեստ, զինվորի կին և մայր Շահանեի ամուսինն է գրողը։ Ապրիլյան դեպքերի ժամանակ կամավոր գնաց ռազմաճակատ իր տղայի կողքին կանգնելու, կռվելու, ինչպես շատ հայազգի հայրեր, որ տղաները իրենց ուժեղ զգան, քանի որ ընտանիքներով են կանգնած թշնամու դեմ, փառք ու պատիվ մեր ժողովրդի քաջ զավակներին, ամեն ինչ արել են այսօրվա ազատ, անկախ Հայաստանի համար։ Նամակի մեջ չկա հենց իր խնդիրների մասին, իր նկատմամբ անտարբեր վերաբերմունքի մասին, որ ինքը և շատ հաշմանդամներ բոլորիս ուշադրության և հարգանքի կարիքն ունեն... Հպարտ եմ, որ կան Ձեզ նման հայրենիքին նվիրյալներ և կողքից ճանաչում եմ Ձեզ, բարի, անփորձանք ծառայություն Ձեր տղաներին։

  3. հարգելի քաղաքապետս,դուք միշտ ինձ համար իմ քաղաքի պատվավոր ղեկավարն եք եղել ու մնացել եք այդպիսին: Երբ առաջին անգամ ձեզ հետ խոսեցի`հասկացա ,որ դուք շատ ավելիին էիք արժանի:երբ ծանոթացա ձեր ընտանիքի հետ,հիացած էի ու զարմացած:Երբ տեսա,թե ինչ քնքշությամբ էիք սիրում ձեր «արջուկ» փոքր որդուն ամբողջ նկարահանող խմբով հիպնոզացած,ծածուկ վայելում էինք պահը: հիմա ձեր երեխաները մեծացել են:դուք չեք դադարել պայքարել ու ձեր ապրած կյանքը` իմաստուն հային չի կոտրել: էլի պայքարում եք անարդարության դեմ:ինձ թվում է ,բոլորիս համար հաճելի երիտասարդ նախարարը ,կհասկանա ձեր մեկաբանություները `նոր իրավիճակներում, նոր փորձություներին ըմբնումով մոտենալ ու դիրքերը ամուր պահել:նրա համար, այս նյութը կարդալուց հետո,շատ ճիշտ կլիներ ձեզ հետ անձամբ հանդիպել:

  4. բարեգործությամբ-բարերարությամբ կարող են /և պետք է/ զբաղվել միայն ապահով և ՀԱՐՈՒՍՏ մարդիք, այլ ոչ թե ՓՈՂԱՏԵՐԵՐԸ...

  5. Hiacac em uxaki Andranik Harutyunyan dzer texin ev jisht meknabanutyan hamar.

  6. Hiacac em uxaki Andranik Harutyunyan dzer texin ev jisht meknabanutyan hamar.

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *