Մունետիկ

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ (2022-23թթ.) տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) 2023թ․ օգոստոսի 1-ից դեկտեմբերի 31-ը անցկացրել է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի մշտադիտարկում։ Ուսումնասիրվել են դատարաններ ներկայացված հայցերը, դրանց վերաբերյալ պատասխանողների առարկությունները, գործերի քննության ընթացքը, կայացված վճիռները և որոշումները: Ամփոփված արդյունքների, այդ թվում՝ վիճակագրական տվյալների հիման վրա կատարվել է վերլուծություն և պատրաստվել է սույն զեկույցը: Սա ԽԱՊԿ-ի չորրորդ նման հետազոտությունն է։ Այս անգամ մշտադիտարկման առարկան 2022 և 2023 թվականներին լրատվամիջոցների և լրագրողների դեմ հարուցված դատական գործերն են՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով: Վերլուծվել են նաև 2021 թվականին վարույթ ընդունված այն գործերը, որոնց վերաբերյալ վճիռներ են կայացվել 2023-ին։

Մոնիտորինգի շարունակականությունը կարևոր է՝ պարզելու, թե ինչ միտումներ են նկատվում դատական պրակտիկայում և թե ինչ ազդեցություն են ունենում իշխանության կողմից վերջին տարիներին հայտարարված լայնածավալ դատական բարեփոխումները լրագրողներին և լրատվամիջոցներին առնչվող դատական գործերի վրա:

Տվյալ հետազոտության ընթացքում պարզել ենք, թե դատարանները վիրավորանքի ու զրպարտության առնչությամբ վեճերը քննելիս, դրանց վերաբերյալ վճիռներ ու որոշումներ կայացնելիս որքանով են հետևում ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրությանը, միջազգային կոնվենցիաներին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների ակտերին: Նույնանման փաստերով գործերի միատեսակ իրավական մեկնաբանությունները կանխատեսելի արդարադատության կարևոր ցուցիչներից է, ուստի այն ևս մոնիտորինգն իրականացնող խմբի ուշադրության կենտրոնում է եղել․ բացահայտվել են դեպքեր, երբ դատարանները նույն օրենքի դրույթներին տվել են տարբեր մեկնաբանություններ:

ԶԼՄ-ների և լրագրողների անկախ գործունեությունը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարական հասարակարգում, հետևաբար սույն հետազոտությամբ հարց է բարձրացվում՝ արդյո՞ք դատարանները հաշվի են առնում նրանց առաքելությունը, խոսքի ազատության չափանիշները և դրա հանրային շահը:
Որոշ գործեր վերլուծելիս վկայակոչվել են «Տեղեկատվական վեճերի խորհուրդ» նախաձեռնության փորձագիտական եզրակացություններն ու կարծիքները:

Հետազոտության ընթացքում դատական գործերի վերլուծությունն իրականացվել է հետևյալ բովանդակային և դատավարական չափանիշներով.

տեղեկատվության արատավորող բնույթ

փաստերի և գնահատող դատողությունների տարանջատում

գույքային և ոչ գույքային փոխհատուցում

պատշաճ պատասխանողի խնդիր

դատական ակտերի պատճառաբանություններ

հայցի ապահովման միջոցի կիրառում

դատական ծախսեր (պետական տուրքի չափ, փաստաբանի վարձատրություն և այլն)

Ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական գործերի մշտադիտարկումները կարևոր նշանակություն ունեն նախևառաջ խոսքի ազատության հնարավոր սահմանափակումների իրավաչափությունը և համաչափությունը գնահատելու, առկա խնդիրները վերհանելու, դրանք հասցեագրելու, ինչպես նաև լուծումներ առաջարկելու և դատական պրակտիկան բարելավելու համար: Հետազոտությունը, որի արդյունքները ներկայացնում ենք ստորև, հետապնդել է հենց այդ նպատակը։

ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ՝ ԱՅՍՏԵՂ ԵՎ ԱՅՍՏԵՂ

Նյութի աղբյուրը՝  https://khosq.am/monitorings/%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a5%d6%80-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%ac%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a5%d5%be-2/

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *