Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեխաների իրավունքների խախտման դեպքեր է բացահայտել:
«Ունենք լուրջ հարցեր ներառական կրթության հետ կապված: Առողջապահության ոլորտում չձեւակերպված վճարումների հարցը եւս առկա է՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին պետք է սպասարկեն անվճար, բայց մեծ մասի դեպքում գանձվել են գումարներ»,-ասում է Արման Թաթոյանը:
Նա առաջարկում է ուսուցիչների կամ դպրոցի տնօրենների աշխատանքի ընդունվելու կարգը փոփոխել:
«Քննության հարցերը վերաբերում են իրավական ոլորտին, այդ հարցաշարերն արդյունավետ չեն, եւ հնարավորություն չեն տալիս պարզելու ուսուցչի մասնագիտական գիտելիքները»:
Ուսումնական հաստատություններում ջեռուցման սեզոնը սկսվում է նոյեմբերի 15-ից: Մարդու իրավունքների պաշտպանի համար այդ պրակտիկան անհասկանալի է:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մանկապարտեզներում եւ դպրոցներում մոնիտորինգ է անցկացրել սանիտարահիգենիկ վիճակի հետ կապված:
«Երեխաներն են այդ հարցը բարձրացրել՝ ջրի հարց, օճառի հարց կամ սանհանգույցի բաժանումը: Այդ ամենը ազդում է երեխայի կրթության իրավունքի վրա»:
Պաշտպանը խնդիրների լուծումը տեսնում է իրազեկման լայնածավալ աշխատանքների մեջ:
«Պետական մարմիններն արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել: Հենց պետական մարմիններն ունեն իրազեկման կարիք, շատ հաճախ պաշտոնատար անձը տեղյակ չէ եւ այլ պատկերացումներ ունի»,-հավելեց Արման Թաթոյանը:
Այս հարցերը ներառված են «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» զեկույցում, որը պատրաստել է ՄԻՊ գրասենյակը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։
0 Մեկնաբանություն