Մունետիկ

Երկու ամսում 6072 արտակարգ պատահար, 164 զոհ. ԱԻՆ-ը ներկայացնում է

Այս տարի հունիս-հուլիս  ամիսներին հրդեհների քանակը 650 է՝  նախորդ տարվա 532-ի փոխարեն: Շատացել են նաև ճանապարհատրանսպորտային արտակարգ պատահարները՝ մահվան ելքով: Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը  լրագրողներին այսօր ներկայացրեց,  որ այս  տարի ընդհանուր առմամբ գրանցվել է 6072 արտակարգ պատահար, որից զոհվել է 164 մարդ:

«Փրկարարներին հաջողվել է փրկել 116 մարդու կյանք, որից մեծամասնությունը ճանապարհատրանսպորտային դեպքերը: Արտակարգ դեպքերի, պատահարների ընդհանուր կառուցվածքում գերակշիռ մասը՝ 92.1 տոկոսը, բաժին է ընկնում ճանապարհատրանսպորտային պատահարներին, հրդեհներին, թունավորումներին»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:  

Նրա խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների գերակշիռ մասը պայմանավորված է մարդկային գործոնով՝ արագության գերազանցում, ոչ սթափ վիճակում վարել, անսարք ավտոմեքենաներ շահագործել: Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի աճել է 212-ով:

«Նախորդ տարի հունիսին և մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 532 հրդեհի դեպք, այս տարի արդեն 650-ից ավելի է: Բավական լուրջ աճ ունենք հուլիսի մի քանի շաբաթվա ընթացքում: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում շատ զգույշ լինել բաց կրակի հետ աշխատանք իրականացնելիս, ծխախոտի մնացորդը, ապակե տարաները և այլ համանման առարկաները դառնում են հրդեհների առաջացման պատճառ: Ցանկացած փոքր կայծից կարող ենք ողբերգական հետևանք ունենալ»,-ասաց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը:

Այս տարի ջրահեղձման 2 դեպք է գրանցվել, նախորդ տարվա 7-ի փոխարեն: Այս տարի 17 %-ով աճել են ինքնասպանությունները: Ինքնասպանության 100 դեպք է գրանցվել, որից 14-ը՝ կամուրջից ընկնելու դեպք է, 74-ը կախվել են, մնացածը թունավորում, հրազնեն և այն:  Ինքնասպանություն գործածները հիմնականում 40-60 տարեկան քաղաքացիներ են:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *