Նունե Էլիբեկյանի տունը գտնվում էր գետափին՝ Բաղրամյան թաղամասում: Ուներ մեծ այգի՝ պտղատու բազմաթիվ ծառերով: Ընտանիքը զբաղվում էր նաև անասնապահությամբ: Գետի մակարդակի վրա և անմիջապես ափին գտնվելու պատճառով մայիսի 26-ի հեղեղն այն ավերել է հիմնովին: Անտուն և առանց տնտեսություն մնացած ընտանիքը վստահ չէ, որ կորուստը լիարժեք կփոխհատուցվի:
«Ժամը 10:30-11:00-ի կողմերն էր, արդեն տեսանք, որ ոչ մի բան չենք կարում անենք: Աղջիկս Սանահին կայարանում ա ապրում, զանգեց, թե մամա, դուրս եկեք, ստեղ էլ ա գետը շատ վարարել: Փեսես եկել ա, օգնել են, մեզ տանից հանել են: Մեր բնակելի տունն էր: Կողքին տեգրս էր ապրում: Հետո նրան հանեցին»,-հիշում է տիկին Նունեն:
Կղզիացած տանը կես ամիս շարունակ հնարավոր չի եղել մոտենալ, իսկ երբ հնարավոր է դարձել, պարզվել է՝ տանից մնացել են միայն պատերը: Գետի հունը լայնացել է: Այնտեղ, որտեղ այգին էր, այժմ գետն է հոսում, իսկ ջուրը շարունակում է խարխլել տան հիմքերը:
Եկել են, գնահատել են վնասը: Բոլոր տները համարել են բնակության համար ոչ պիտանի: «Տունն էլ, հողամասն էլ սեփականաշնորհված են: Ասում են՝ ձեզ կարանք տանք գումար, բայց քիչ տանք: Ձեր տարածքն ամենաթանկ տարածքն ա, ո՞նց կլինի»,-զարմանում է տիկին Նունեն:
Տների և հողամասի համար դեռ չեն փոխհատուցել: Աում է՝ 2 անգամ ստացել են 200 000-ական դրամի սերտիֆիկատներ և 100 000 դրամ՝ համապատասխան խանութներից ապրանք գնելու համար:
8000 մետր հողատարածքը ծառերով հանդերձ գնահատել են 150 000 դրամ: Այգետերը վրդովվում է. «Կարալյոկի, տխիլի ծառեր եմ ունեցել: Ամեն ինչի ծառ էլ կար: Ես 3 հատ թթի ծառ եմ ունեցել, որ սեզոնին 150 000 դրամ մենակ էդ 3 ծառից եմ ստացել: Հավերը բնի մեջին խեղդվեցին: 30 հատ նապաստակ ունեինք, խոզեր, մեղուներ... Բոլորը քշել, տարել ա: Մեզ ասում են՝ կարա՞ք ապացուցեք, որ ունեցել եք: Եթե գրանցված չի, նշանակում ա՝ չունեք ոչ մի բան»:
Մանրամասները՝ տեսանյութում
0 Մեկնաբանություն