Մունետիկ

Հայկ Նահապետի մասին նոր բացահայտումներ է անում Արմենուհի Դեմիրճյանը

                  ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ «Հայկ Նահապետը»

ԹԵՐԵԶԱ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆոսոր

            Հայ ժողովրդի կազմավորման և նրա լեզվի ծագման մասին ավանդական կամ աստվածաբանական բազմաթիվ վարկածներ կան, որոնք հիմնված են Աստվածաշնչի Բաբելոնյան աշտարակաշինության և Մովսես Խորենացու «Հայկ և Բել» իրապատումի վրա: Այնուհետև հայտնի է հնդեվրոպական տեսությունը, որը  շարադրված է Աճառյանի «Հայոց լեզվի պատմության» առաջին հատորում, հետագայում՝ «Լիակատար քերականության» ներածությունում: Մառը, որ հայտնի է իր խաչասերման տեսությամբ,  «Գրաբարի քերականության» մեջ վկայակոչում է հայ ժողովրդի կազմավորմանը մասնակցած կովկասյան կամ փոքրասիական բազմաթիվ ցեղերի անուններ: Իրոք, հայ ժողովրդի ստեղծումը տեղի է ունեցել տեղացի, ինչպես նաև եկվոր բազմաթիվ ցեղերի խաչասերումից: Ժողովուրդը կարող է խաչավորմամբ առաջանալ, մինչդեռ լեզուն չի կարող խաչավորման ենթարկվել. մեկն անպայման կհաղթի: Գրիգոր Ղափանցյանի տեսությունը՝ «Հայասան՝ հայերի բնօրրան», ըստ էության, Մառի տեսության մի տարբերակն է: Ժամանակակից պատմագրությունը հայ ժողովրդի կազմավորումը քննում, վերլուծում է իբրև պատմական Հայաստանի տարածքում տեղի ունեցած դարավոր գործընթացի արդյունք: Այն ժողովուրդները, ցեղերն ու ցեղային միավորումները, որոնց անունը հիշատակվում է այդ շրջանի հայ ժողովրդի պատմության մեջ, բոլորն էլ տեղացի, բնիկ են: Այս հարցի վերաբերյալ հետագայում կարծիքներ հայտնեցին Գևորգ Ջահուկյանն՝ իր «Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան» աշխատությամբ, Գամկրելիձե, Իվանով համահեղինակները, Ռաֆայել Իշխանյանը և ուրիշներ:

Արմենուհի Դեմիրճյանը հայ ժողովրդի կազմավորման գործընթացը ներկայացնում է նորովի: Ըստ հեղինակի՝  տարբեր ժողովուրդներ Բաբելոնում հավաքվել են արդեն իսկ իրենց լեզուներով: Մովսես Խորենացին Հարանց տուն էր կոչում Նոյի որդիների երկիրը, այսինքն՝ պատմական Հայաստանի տարածքը, որտեղից հայերը մեկնում էին կառուցման աշխատանքների, սփռվում դեպի Միջագետք: Պատումն   սկսվում է Բաբելոնյան աշտարակաշինությամբ, որին մասնակցում է նաև Հայկը՝ իր գերդաստանով ու ցեղախմբով: Ըստ հեղինակի՝ Հայկը տիտանական ուժի տեր հսկա շինարար էր. «Հայկը, քարե մուրճը ձեռքին, մի քանի ոստյունով  հայտնվեց պատնեշի վրա և բարձր ձայնով որոտաց.  

-Է՜-հե՜յ, ժողովո՜ւրդ, ով ուզում է քար կտրել, թող գա ստանա իր մուրճը և շարժվի դեպի քարհանք: Այնտեղ հազար հոգու գործ կա: Ո՞ւմ տամ իմ մուրճ-կացինը:

Հսկայակերպ Հայկի և նրա մուրճի տեսքից մարդկանց մարմնով սարսուռ անցավ: Ո՞վ կկարողանար բարձրացնել, ո՜ւր մնաց թե քար կտրել այդ սարսափելի գործիքով»:

Պարզվում է, որ աշտարակաշինության ակտիվ գործիչներից է նաև Բելը.

«- Իմ բացակայությամբ Բե՛լը կկանգնի գործի գլուխ,-  հատու ասաց Հայկը և շրջվեց, որ հեռանա, բայց վարպետները ավելի վրդովվեցին. 

- Ախր Բելը ո՞ր օրվա շինարարն է,- խռխռալով բողոքեց Աշուրը»:

Ուշագրավ են հայկազուն մեր նախնիների առաջարկած շինարարական նյութերի ստացման ու գործադրման տեխնոլոգիաները, հատկապես  բրոնզի ու երկաթի արտադրությունը: Հեղինակը և՛ տեքստում, և՛ ծանոթագրության մեջ նշում է երկաթի ստացման կարևորությունը՝ ընթերցողի ուշադրությունը բևեռելով հնագույն ժամնանակների ամենաարտասովոր գյուտին, որը Հայկին հասցրեց հաղթանակի.

«- Սա ի՞նչ է... Ո՛չ բրոնզ է, ո՛չ էլ ոսկի կամ արծաթ,- զարմացավ Հայկը:

- Երկաթ է,- ասաց Հրահատը,- բրոնզը սրա մոտ ուղղակի կոշտ քար է: Հապա ծալի՛ր:

- Որքա՜ն ճկուն է և որքա՜ն ամուր: Հարանց երկրի՞ց է, դո՞ւք եք սարքում,- աչքը պսպղան դանակին՝ հարցրեց Հայկը:

- Այո՛: Մենք հիմա պղինձը թողել, երկաթ ենք հալեցնում»:

Այստեղ Հայկի մտքում կարծես նշմարվում է երկաթի հայրենիք՝ իր պապերի երկիր վերադառնալու միտքը, սակայն կայուն որոշումը պետք է կայացվի ավելի ուշ՝ աշտարակի փլուզումից հետո: Բելի հավակնոտ մեծամտության ու ապաշնորհության պատճառով աշտարակի շինարարությունը վերածվում է խառնակության: Նա Հայկին նպատակադրված ձևով հեռացնում է Բաբելոնից, ուղարկում  Տիգրիսի կողմերը, աճապարանքով փոխում է աշտարակի քարակերտ գաղափարը,  շինարարությունը շարունակում  հում աղյուսով և  ներսում տեղադրում իր արձանը: Ա. Դեմիրճյանը ծանոթագրության մեջ գրում է. «Տեղեկություն կա, որ Բել-Մարդուկի անդրին ունեցել է 6 մ բարձրություն և զարդարված է եղել թանկարժեք քարերով»: Վերադարձին, տեսնելով աշտարակի այլանդակված գլուխը, Հայկն իր Արամանյակ որդուն ասում է.  «Կփլվի… Մի՞թե չգիտես, որ աշխարհում ոչ մի անճոռնի բան կանգուն չի մնում»:

Ի վերջո, տեղի է ունենում հարկադրված բաժանում: Հայկն իր գերդաստանով հեռանում է դեպի հյուսիս, հաստատվում Հարանց երկրում, իսկ Բելը, փառքի մոլուցքից արբած, գալիս է նրա հետևից: Հայկի ու Բելի առճակատումը նկարագրված է  տարբեր աղբյուրների նրբին զուգորդությամբ: Ա. Դեմիրճյանն այստեղ համադրել է ոչ միայն հայ հին պատմագրության և կլասիցիզմի անվանի դեմքերի՝ Խորենացու, Սեբեոսի, Վարդան Արևելցու, Վարդան Այգեկցու, Արսեն Բագրատունու և այլոց երկերը, այլև օգտվել է հարևան ժողովրդի՝ 11-րդ դարի վրաց պատմագիր Լեոնտի Մրովելիի պատումից, որտեղ նույնպես ցնծագին ձևով ներկայացվում է  Հայկի հաղթանակը և տրվում հայ ու կովկասյան ազգերի ստեղծման պատմությունը:

Ստեղծագործությունն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ: Հեղինակի լեզուն պատկերավոր է, հարաճուն, գեղարվեստական հնարքներով, դարձվածքներով ու ասացվածքներով հագեցած: Գիտական տեսակետից այն նույպես կարևոր ասելիք ունի: Երկի մեջ կան բազմաթիվ նոր մոտեցումներ՝ հայ ժողովրդի բնօրրանի, Բաբելոնյան աշտարակաշինության ու խառնակության առեղծվածի, լեզուների տարանջատման, Հայկի տոհմի պատմական նկարագրի, այդ շրջանի հայոց շիարարական արվեստի նորամուծությունների, որոշ մետաղների քիմիական բաղադրության վերանայման և այլնի մասին: Գուցե ինչ-ինչ դրվագներ տեղիք կտան նաև տարակարծությունների, սակայն կարևորն այն է, որ սա նոր խոսք է հայ ժողովրդի կազմավորման գործընթացի, ի սկզբանե զարգացման ուղի որդեգրելու և փայլուն հաղթանակներ տոնելու վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *