Մունետիկ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Մարտի 12-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը:

Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ ՀՀ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

 «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորիդ: Ողջունում եմ նաև եթերում մեզ հետևողներին: Սույն թվականի փետրվարի 24-ին Կառավարությունն ընդունեց և Ազգային ժողով ուղարկեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2023 թվականի զեկույցը:

 Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ խորհրդարանական քննարկումներից առաջ հրավիրել եմ այս ասուլիսը նաև Կառավարությունում հավատարմագրված լրագրողների հետ հարցուպատասխանի միջոցով զեկույցը քննարկելու համար:

 Մինչ հարցուպատասխանին անցնելը՝ ընդգծեմ, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 8,7 տոկոս տնտեսական աճ: Այստեղ ճշգրիտ լինելու համար, ասեմ, որ Ֆինանսների նախարարության և Վիճակագրական կոմիտեի մեջ որոշակի քննարկում կա աճի ճշգրիտ թվի հետ կապված, բայց վստահ ենք, որ տնտեսական աճը 8 տոկոսից ավելի է, հընթացս երևի կճշգրտվի կամ կմնա նույնը:

 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Կառավարությունը 2021-2026 թվականներին տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը սահմանեց որպես առանցքային թիրախ: 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, 2021 թվականին՝ 5,8 տոկոս տնտեսական աճ: Ըստ այդմ՝ ընտրություններին հաջորդած երեք տարվա արդյունքներով տնտեսական աճի թիրախն ապահովված է:

 Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է, որից պետք է բխեն Կառավարության քաղաքականություններն ու որոշումները: Տնտեսական զարգացումն է, որ Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա սպասարկել պետական օրակարգն իր ամբողջության մեջ: Այս առումով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալող և հարկեր վճարող բոլոր անձանց, ովքեր 2023 թվականի պետական բյուջեի համար ռեկորդային՝ 2 տրիլիոն 222 միլիարդ դրամ, հարկային եկամուտներ են ապահովել: Այս ցուցանիշը 2017 թվականի պետական բյուջեի եկամուտների համեմատ ավելի է շուրջ 92 տոկոսով կամ 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով:

 

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

 2023 թվականի մեծագույն մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումն էր: Կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդն ի վիճակի եղան 1 շաբաթում ավելի քան 100 000 մարդ ընդունել և հասցեագրել նրանց կարճաժամկետ կարիքները: Առջևում բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների երկարաժամկետ կարիքների հասցեագրումն է, և առաջիկայում ավարտին կհասցնենք նրանց բնակարանային կարիքների հասցեագրման ծրագիրը: Ինչպես ասել եմ, եթե բռնի տեղահանված մեր քույրներն ու եղբայրները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չունենան, կառավարության քաղաքականությունն ուղղված կլինի նրանց Հայաստանի Հանրապետությունում մնալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն:

 Հարգելի լրագրողներ,

 Սիրելի ժողովուրդ,

 Վերջին տարիների իրադարձությունների խորը և համապարփակ վերլուծության արդյունքներով Կառավարությունը շարունակում է արտաքին և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը: Այս համատեքստում մեզ համար շարունակում է առաջնային մնալ խաղաղության օրակարգը, և Կառավարությունը շարունակում է երեք սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և սահմանների սահմանազատում և սահմանագծում իրականացնելու քաղաքականությունը: Ու չնայած այդ սկզբունքները հանրահայտ են, շփոթության տեղիք չտալու համար հարկ եմ համարում կրկին բարձրաձայնել դրանք:

 Առաջին՝ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

 Երկրորդ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման քաղաքական հիմք է, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծելու օրակարգ չկա, այլ անհրաժեշտ է հողի վրա արտահայտել ԽՍՀՄ փլուզման շրջանում հանրապետությունների միջև դե-յուրե գոյություն ունեցած վարչական սահմանը, որ Ալմա-Աթայի հռչակագրով դարձել է պետական սահման:

 Երրորդ՝ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս թեմայի վերաբերյալ մեր պատկերացումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

 Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *