Մունետիկ

ՀՈԳԵՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐՈՒՄ ՆՇՎԵՑ ԴԻՍՊԱՆՍԵՐԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ ՀՐԱՉԻԿ ՓԱՆՈՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ

  Այսօր Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում նշեցինք դիսպանսերի հիմնադիր գլխավոր բժիշկ Հրաչիկ Արտաշեսի Փանոյանի 100-ամյակը: Ովքեր երբևէ ապրել են Կիրովականում, անպայման լսած կլինեն բժիշկ Փանոյանի մասին, ում անունն էլ կրում է հաստատությունը, և ում կենդանության օրոք ժողովուրդն արդեն կիրառում էր «Փանոյանի հիվանդանոց» անվանումը: Հսկայական է Հրաչիկ Փանոյանի ներդրումը Կիրովականում հոգեբուժական ծառայության ստեղծման հարցում, այդ ծառայությունը զարգացնելու նրա ջանքերն ապարդյուն չեն անցել՝ 1951թ.բացվել է հոգեբուժական կաբինետ Կիրովականի քաղաքային ամբուլատորիայում, որը հետագայում վերակազմավորվել է որպես միջշրջանային դիսպանսեր՝ Հյուսիսային Հայաստանի 6 շրջանների ազգաբնակչությանը այդ շատ կարևոր՝ հոգեբուժական ծառայությամբ, ապահովելու համար: 1960թ. կառուցվեց ներկայիս եռահարկ շենքը ստացիոնար բաժանմունքով և ամբուլատոր մասով, աշխատանքային թերապիայի արհեստանոցով,

իսկ աշխատակիցների հսկայական ջանքերով հիմնվեց հրաշալի պարտեզը՝ հանդիսանալով դիսպանսերի այցեքարտը: Հրաչիկ Փանոյանը շատ խստապահանջ ղեկավար էր, կարգուկանոնի ջատագով, առողջապահության լավ կազնակերպիչ, նաև՝գիտելիքը կարևորող բժիշկ, ով զբաղվում էր գիտությամբ, սան-լուսավորչական աշխատանքով և հասարակական ակտիվ գործունեությամբ, ինչի կապակցությամբ Հրաչիկ Փանոյանին շնորհվել էր վաստակավոր բժշկի կոչում: Պատիվ եմ ունեցել աշխատել բժիշկ Փանոյանի ղեկավարության ներքո, կայացել որպես բժիշկ՝ անցնելով նրա դպրոցը, ինչպես ընդունված էր ասել«շկոլան», իսկ հետագայում՝ նրա վաստակած հանգստի անցնելուց հետո՝ստանձնել հաստատության ղեկավարումը, նշանակվելով որպես գլխավոր բժիշկ և պահպանել բարի ավանդույթները:

Բարի հիշատակ մեծ դրական հետք թողած հրաշալի մարդուն, վաստակաշատ, հարգված բժշկին և ղեկավարին:

P.S.Ներողություն եմ խնդրում վատ որակի լուսանկարի համար, որն արվել է երկրաշարժից հետո, 1989թ. գարնանը, մեզ հյուր եկած բժիշկների հետ: 

Նյութը՝ Գայանե Քալանթարյանի ֆեյսբուքյան էջից:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *