Մունետիկ

Կյանքից հեռացել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը

Սեպուհ արք. Չուլջյանը ծնվել էր 1959 թվականի մարտի 24-ին,  Թուրքիայի  Մալաթիա  քաղաքում։  Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Ներսիսյան վարժարանում։ 1969 թվականին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան և բնակություն հաստատել Գյումրի քաղաքում, ուր շարունակել և ավարտել է միջնակարգ կրթությունը։ 1978 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան։ 1979 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ և զորացրվելուց հետո շարունակել ուսումը Հոգևոր ճեմարանում։ 1985 թվականի դեկտեմբերին սարկավագ է ձեռնադրվել՝ ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։ 1986 թվականի մարտին պաշտպանել է ավարտաճառ՝ Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունեությունը թեմայով։ Հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո ծառայության է անցել Վեհարանում Վազգեն Ա Հայրապետի մոտ՝ որպես քարտուղար։ 1987 թվականի հունիսի 7-ին, Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա (աբեղա)։ Հետ ձեռնադրության՝ շարունակել ծառայությունը Վեհարանում։ 1987 թվականի սեպտեմբերին Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի փոխտեսուչ։  1989 թվականի նոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Պահքը Հայաստանյաց Առաքելական Եկեղեցում» թեմայով։  1990 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ։ 1991 թվականին հրավիրվել է Մայր Աթոռ և նշանակվել  Շիրակի թեմի փոխառաջնորդ։ 1995 թվականի հունիսից Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից զբաղեցրել է Մայր Աթոռի պահեստային տնտեսության գույքագրման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Նույն թվականի հոկտեմբերից նշանակվել է կառավարության կողմից Մայր Աթոռին վերադարձվող շենքերի, շինությունների ու հողատարածությունների ընդունման հանձնաժողովի նախագահ։ 1996 թվականին ընդգրկվել է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ ՀՀ  կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովում։ 1997 թվականի հունիսի 15-ին ձեռնադրվել և Օծվել եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Տ. Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի։ 2000 թվականի նոյեմբերին նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ 2002 թվականին հիմնադրել է «Ծիծեռնակ» ճամբարը։ 2002 թվականի հոկտեմբերին ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ։ 2004 թվականի դեկտեմբերին պարգևատրվել Է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հուշամեդալով։ 2005 թվականի հունվարին պարգևատրվել է հայ ժողովրդի բարեկամ և մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկյա հուշամեդալով։ 2006 թվականին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ «Պետություն-Եկեղեցի» փոխհարաբերության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։ 2007 թվականին դադարել է անդամակցությունը Գերագույն Հոգևոր խորհրդում։ 2010 թվականի դեկտեմբերի 26-ին «Լոռվա ձոր» հայրենակցական միության կողմից «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հետնորդ» կոչում է շնորհվել։ 2012 թվականի մայիսի 17-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով շնորհվել է «Արքության» պատիվ Սեպուհ Սրբազանի քահանայագործության 25-ամյակի և առաջնորդության 15-ամյակի առթիվ: 2015 թվականի փետրվարի 24-ին՝ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ՝ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը Սեպուհ արք. Չուլջյանին պարգևատրեց «Անդրանիկ Օզանյան» մեդալով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած անուրանալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ: 2016 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշանակվել է Կարգապահական հանձնախմբի անդամ: 2017 թվականին լրացավ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30, եպիսկոպոսության 20 և Գուգարաց թեմի առաջնորդության 21 տարին: 2017 թվականի հունիսին ընտրվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ: Սեպուհ արք. Չուլջյանը, որպես առաջնորդ, շարունակում էր ծառայությունը Գուգարաց թեմում՝ մինչ չարաբաստիկ կորոնավիրուսի հաստատումը: Տևական ժամանակ է Սեպուհ Սրբազանը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, որը, ցավոք չկարողացավ հաղթահարել:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *