Անձի հիշատակին խոսք գրելը ինքնանպատակ կլինի, եթե նրա արած-թողածը չաղերսվի առկա իրականությանը: Այս առումով Աշոտ Աբրահամյանի գիտական ստեղծագործությունը լավագույն առիթ է` վեր հանելու ոչ միայն հայ, այլև ընդհանուր լեզվաբանության մեջ ցավալիորեն իշխող ինքնահավան մտայնությունը` ի տես արդի լեզվաբանության մանր միտումների փառաբանության: Արևմուտքում կրթություն ստանալու ձգտումը խիստ խրախուելի է և նորություն չէ հայ իրականության համար` սկսած Մովսես Խորենացուց, վերջացրած Մանուկ Աբեղյանով ու Հրաչյա Աճառյանով: Սակայն նշածս անձինք, դրսում ձեռք բերած հոգևոր հարստությունը ստեղծագործաբար յուրացնելով, լիաբուռ բաշխել են այստեղ անհրաժեշտ ընտրողությամբ:
Արդի լեզվաբանության չորս տարբեր ուղղությունների վերաբերյալ նույն գնահատականն եմ լսել, և այդ նույնականությունն առանձնաբար հերքում է մյուս երեքը: Դրանք են այսպես կոչված բնական լեզվաբանությունը (ճիշտն ասած, այս մեկի անվանումը զավեշտահարույց է), ճանաչողական լեզվաբանությունը (ջատագովը «ճանաչողականի» փոխարեն համառորեն «կոգնիԾիվ»-ն է նախընտրում), ժամանակակից իմաստաբանությունը (ջատագովը համառորեն «սեմանԾիկա» է արտասանում), զանգվածային լեզվաբանությունը (ջատագովը «կորպուսային»–ն է գերադասում): Այս ուղղություններից յուրաքանչյուրի գիտակը հայտարարում է, թե միակ իրական լեզվաբանությունն իր ներկայացրածն է, և, որ զայրացուցիչ է, հայտարարողների մի մասը հայտարարությունն անում է հիմնականում թափթփված կիսահայերենով...
Ասեմ, որ ոչ միայն նշված, այլև լեզվաբանական բոլոր ուղղությունները կարևոր են, այստեղ էլ պատրաստ ենք սովորելու, եթե տվյալ ուղղությունը ներկայացվի` կա՛մ թարգմանաբար որևէ հիմնարար աշխատություն մատուցելով, կա՛մ համապատասխան ոլորտն ուսումնասիրողների սեփական քննությունը հրապարակելով: Սակայն «միակ»-ի կտրուկ հռչակումն արժանահավատության տեղ չի թողնում և հուշում է, որ նշված ուղղությունները տարփողողները կա՛մ տեղյակ չեն հայաստանյան լեզվափիլիսոփայությանն ու նշանագիտությանը, կա՛մ չեն մարսել դրանք, որովհետև տեղյակ ու մարսած լինելու դեպքում ոչ միայն տեղացիներիս կլուսավորեին արևմուտքի լեզվաբանական ուղղություններով, այլև ներքին պարտավորվածությամբ կձգտեին հայրենական արտադրանքը հասու դարձնելու դրսում, և կա՛մ անտեղյակ են թե՛ համաշխարհային, թե՛ հայ լեզվաբանական մտքի պատմությանը:
Արևմուտքը (բացառապես մեր մեղքով) տակավին անիրազեկ է, որ լեզվաբանության պատմության նորագույն` գերհամադրական լեզվաբանության փուլում ենք, և այդ փուլը կազմավորվել է Հայաստանում` շնորհիվ փիլիսոփա-լեզվաբան Էդուարդ Աթայանի: Աշոտ Աբրահամյանն ահա աթայանական դպրոցի առանցքային ներկայացուցիչն էր: Լինել նշված դպրոցի ներկայացուցիչ` նշանակում է քաջատեղյակ լինել հայ և համաշխարհային լեզվաբանական հայեցակարգերի պատմությանը, իրազեկ լինել փլիսոփայական ու նշանագիտական ուսմունքներին, պատկերացում ունենալ մաթեմատիկական զինանոցից, ունենալ լեզվական ուժեղ հոտառություն, այդ ողջ իմացական պաշարի հենքով ստեղծել սեփական համակարգ, ունենալ այդ համակարգը ներկայացնելու յուրօրինակ ոճ, որում մտքի գիտական ճշգրտությունը ծփա բանաստեղծական ու փիլիսոփայական անօրինակ կոհակումներով: Ճիշտ այսպիսին էր Աշոտ Աբրահամյանի գիտական համակարգը:
Պատանի Աշոտին դպրոցում հետաքրքրել են բոլոր առարկաները, բայց հակումը կարծես եղել է դեպի մաթեմատիկան: Ամեն տարի մասնակցելով մաթեմատիկայի օլիմպիադային` ամեն անգամ առաջին տեղն է զբաղեցրել, սակայն այդ տեղը շահել է ոչ թե սոսկ առարկայի գերազանց իմացությամբ, այլ առաջադրված խնդիրները միշտ նոր եղանակներով լուծելու հմտությամբ: Պատանու անսովոր ձիրքը նպաստավոր առիթ է եղել, որ նրա մաթեմատիկայի ուսուցչուհին մտերմանա Աբրահամյանների ընտանիքի հետ: Այդ տևական մտերմությունը շարունակվում է մինչև Աշոտի համալսարան ընդունվելը, այսինքն` մինչև այն պահը, երբ ուսուցչուհին իմանում է, որ Աշոտը բանասիրության մասնագիտությունն է ընտրել` կարծելով, թե ծնողներն են իրենց որդուն ուղղորդել... Իրականում, սակայն, ծնողների համար ևս անսպասելի էր Աշոտի որոշումը: Հայրը` ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը, հիշեցնելով, որ տանը բոլորը բանասերներ են, հորդորում է տղային մաթեմատիկական մասնագիտացում ձեռք բերել: Բայց տղան իր վճիռն արդե՛ն կայացրել էր...
Աշոտ Աբրահամյանի պատանեկան տարիներից մեկ-երկու դրվագ էլ եմ ուզում ներկայացնել, որ պատմել է նրա համադասարանցիներից մեկը` Սամվել Առաքելյանը. «Աշոտը մեր ընկերական շրջապատի խաղաղության աղավնին էր: Չի եղել կռվի վերածված մի անախորժ դեպք, որ Աշոտը ներկա լինի ու փարատած չլինի: Մեջներիս ամենավտիտն էր, բայց գզվռտոց տեսնելիս անմիջապես նետվում էր ամենաթեժ կետն ու խոսքի ուժով ակնթարթորեն հանդարտում բոլորին: Ինչ վերաբերում է ինձ, ի տարբերություն Աշոտի` բացարձակ չէի սովորում, դասերին էլ ձանձրանում էի: Հենց դասամիջոցին դուրս էի գալիս, գիտեր, որ փախչելու եմ դասից, համոզում-նստեցնում էր: Բայց մեկ է, համբերությունս չէր հերիքում, դուրս էի գալիս, տեսնեմ` ինքն էլ է դրսում: Հարցիս, թե ուր է գնում, պատասխանում էր` ուր որ դու: Մի քանի օր այդպես դպրոց չմտա, միշտ հետս էր: Հետո տեսա, որ իմ պատճառով ինքն է բացակայում, ճարս կտրած` սկսեցի կանոնավոր հաճախել դպրոց»...
Համալսարանական տարիներից գոհ էր, ասում էր, որ բախտը բերել է. երեք-չորս ընտիր դասախոսներ է ունեցել, որոնց անպայման պետք էր լսել: Բայց այդ տարիները սեփական մտահորիզոնի ընդլայնման առումով նաև ինքնակրթության բուռն ժամանակահատված էին նրա համար: Ընտրած լինելով բանասերի, ի մասնավորի` լեզվաբանության մասնագիտությունը` այդուհանդերձ, շարունակում էր հետաքրքրվել ամեն ինչով, կարդում և ուսումնասիրում էր, ի թիվս այլոց, նաև մաթեմատիկային, ֆիզիկային, աստղագիտությանը, կենսաբանությանը վերաբերող նորագույն հետազոտություններ: Համալսարանում իր ուսումնառության շրջանում դասախոսսների մեջ կար մեկը, ում շատ պիտի ցանկանար, որ դասավանդեր իրեն, սակայն ճակատագիրը մեկ այլ բան էր նախասահմանել այդ մեկի և իր մոտալուտ կապի համար...
Ավարտաճառի համար Աշոտ Աբրահամյանն իր սեփական թեման է առաջարկում փիլիսոփայական լուծումներ ենթադրող շարահյուսական մի խնդրի շուրջ: Նման բան, ցավոք, հազվադեպ է պատահում մեր համալսարաններում: Որպես կանոն համապատասխան ամբիոնների դասախոսներն իրենք են իրենց թեմաներն առաջարկում, իսկ ուսանողներն ընտրում են` երբեմն էլ նեղսրտելով իրարից, թե ինչու իրենք այս կամ այն թեման չկարողացան ժամանակին սեփականել: Աշոտ Աբրահամյանի ոչ միայն թեման էր անհայտ, այլև (բնականաբար) ղեկավարը: Թեման` որպես մարտահրավեր, ընդունում է ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոի վարիչ Էդուարդ Աղայանը և անմիջապես ղեկավար կարգում Էդուարդ Աթայանին: Իրոք, ճակատագրական է լինում ներդաշնակ հոգիների հանդիպումը, որից հետո մինչև Է. Աթայանի վախճանը պահպանվում ու թեժանում է ուսուցչի և աշակերտի հարաբերության ջերմությունը, որն էլ իր շարունակությունն է ունենում սանի հրապարակային գնահատումներում մինչև իր վախճանը...
Մի անգամ Երևանի երբեմնի ազատ հումանիտար համալսարանում ուսանողների ներկայությամբ Աթայանի մասին էինք խոսում (Աթայանը դեռ կար), և իմ խոսքում պատմեցի այն ընթացքը, որ ունեցել եմ Աթայանին ճանաչելուց ի վեր, մասնավորապես առաջարկածս թեմայի ձևակերպման, Աթայանի արագ կողմնորոշվելու, ապրումներիս և հատկապես այն մասին, որ մինչև Աթայան կարդալս ծով գրականության մեջ չեմ գտել այն խնդիրների արծարծումը, որոնք հետաքրքրել են ինձ, ուստի վախվորած եմ շարադրել մտածածս, իսկ Աթայան կարդալուց հետո գտել եմ խնդիրների մի մասի սպառիչ պատասխաններն ու մեկ այլ բարդույթի մեջ հայտնվել, մինչև որ ուսուցչիս խրախուսանքով համարձակություն եմ ձեռք բերել մտքերս անկաշկանդ հյուսելու, անգամ եթե դրանք հակադրված լինեն ամենահեղինակավոր գիտնականների ասածներին: Իմ խոսելու ընթացքում Աշոտ Աբրահամյանը մի քանի անգամ անունս տվեց, ենթադրում էի` զուգահեռներ էր ուզում տանել ի՛ր անցած ուղու հետ, սակայն այնպես էի ոգևորված, որ չուզեցի ընդհատել ինքս ինձ, և միայն «կամավոր» լռելուցս հետո դարձյալ անունս տվեց, բայց զարմացահիացական մի հնչերանգով, որի գրավոր արտահայտությունը թերևս պիտի լինի շեշտի, հարցական ու բացականչական նշանների հարակցությունը. «Դավի՛՞՜թ, դու իմ մասին ես պատմո՞ւմ... Այն, ինչ որ նոր պատմում էիր, քեզնից առաջ նույնությամբ ինձ հետ է պատահել»... Եվ իրոք, տարիներ անց, երբ Աթայանն արդեն չկար, «ՎԷՄ» ռադիոկայանում Հասմիկ Գուլակյանի հեղինակային «Ակունք» հաղորդաշարի մի հաղորդման ժամանակ իր և Աթայանի հարաբերությունը մոտավորապես այդպես էլ ներկայացրեց Աշոտ Աբրահամյանը` գեղեցկորեն եզրափակելով խոսքը. «Երբ արդեն ազատ մուտք ունեի Աթայանի տուն և մտերմացել էի նաև ընտանիքի անդամների հետ, թե՛ նրա տանը քննարկումների ժամանակ, թե՛ նրանից հեռու զգում էի, որ մեր միջև ստեղծվել է մի գեղեցիկ համալարում, և այդ համալարումն իմ ներսում շարունակվում է մինչև օրս»...
Համալսարանն ավարտելուց հետո Աշոտ Աբրահամյանն ընդունվում է ակադեմիայի լեզվի ինստիտուտի ասպիրանտուրա: Ուզում էր մասնագիտանալ ընդհանուր լզվաբանության գծով, սակայն այդ տարի նշված մասնագիտությամբ ընդունելություն չի լինում: Ընտրում է հայոց լեզվի պատմության մասնագիտությունը, ղեկավար է նշանակվում Գևորգ Ջահուկյանը, ատենախոսության թեման` «Արսեն Այտընյանի լեզվաբանական հայացքները»: Ժամանակին պաշտպանում է ատենախոսությունը, որը հրատարկվում է որպես մենագրություն: Թեև հայ լեզվաբանության պատմության մեջ լավ ուսումնասիրված հեղինակներից էր Այտընյանը, բայցևայնպես Աշոտ Աբրահամյանի պրպտումների շնորհիվ նորովի է բացահայտվում մեծ լեզվաբանը: Աբրահամյանին հոգեհարազատ էր Այտընյանը, որովհետև հատկապես նրա «Քննական քերականության» ըդնարձակ «Նախաշավիղը» ներդաշնակ էր ընդհանուր լեզվաբանության հիմնադիր, գերմանացի փիլիսոփա-լեզվաբան Վ. ֆոն Հումբոլդտի հայացքներին, որոնց ստեղծագործական վերագնահատումներով էր վեր հանվում հայերենի պատմական ընթացքը, կարևորվում էր գործող լեզվի` աշխարհաբարի դերը, և Այտընյանի քերականությունն էլ հենց արևմտահայ աշխարհաբարով գրված աշխարհաբարի ուսումնասիրություն էր: Աշոտ Աբրահամյանը խորությամբ է վեր հանում Այտընյանի հայացքները, որոնցից են լեզվի զարգացման նրա ըմբռնումը և հայերենի ընթացքի լուսաբանումը, լեզվի փոփոխության պատճառները և փոփոխության ընթացքի վրա ազդող գործոնները, լեզվի հասարակական-ոճական տարբերակման խնդիրները, գրական լեզվի ընտրության և մշակման խնդիրները և այլն: Այս շահեկան ուսումնասիրությունը չէր կարող վրիպել լեզվաբանության պատմաբանների ուշադրությունից, ուստի միանգամայն բնական է, որ բարձր գնահատականի ու գովեստի խոսքեր են հնչում Էդուարդ Աղայանի, Գևորգ Ջահուկյանի և Աշոտ Արսենի Աբրահամյանի շուրթերից:
Ատենախոսությունը պաշտպանելուց հետո սկսվում է Աշոտ Աբրահամյանի գիտական գործունեության երկրորդ շրջանը:
Կարոտով տրվում է ընթերցանությանը, կլանում է գիտության տարբեր ճյուղերի նորությունները, և ահա 1988-ին «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի 1-ին համարում լույս տեսած «Բովանդակության և արտահայտության հակադրման հարաբերականությունը լեզվում» հոդվածով որակապես նո՛ր Աշոտ Աբրահամյան է ծնվում: Տարբեր առիթներով ասել եմ, այստեղ էլ կրկնում եմ, որ սա Աշոտ Աբրահամյանի աշխատությունների գլուխգործոցն է, որը մարդկային տրամաբանության կանոններով պիտի գրվեր լեզվի նշանագիտական փիլիսոփայությանը վերաբերող իր բոլոր ուսումնասիրություններից հետո, այնինչ այդ բոլորին նախորդել է հիշյալ հոդվածը: Թող տպավորություն չստեղծվի, թե Աշոտ Աբրահամյանի հաջորդ ուսումնասիրությունները պակաս արժեքավոր են: Բնա՛վ այդպես չէ: Այս առեղծվածը ես փորձում եմ մեկնել նաև՛ հոգեբանական բեկմամբ: Աշոտ Աբրահամյանը համալսարանական տարիներից տարված էր լեզվի փիլիսոփայության խնդիրներով, ավարտաճառն այդ խնդիրներից մեկին էր վերաբերում, ասպիրանտուրա ընդունվել էր նույն մասնագիտությունն ընտրելու հեռանկարով, սակայն հանգամանքների բերումով ստիպված էր առժամյա դադար տալ սեփական հակումներին: Նշածս հոդվածը մի տեսակ կարոտալի պոռթկում է նրա դարձի ճանապարհին, մտահոսքի անօրինակ հորձանք, ներսում տարիների կուտակածի ու դրա հիմքով պայծառացած ճախրալից բացահայտումների արարում` իբրև արտահայտություն ինքնագտնումի և ինքնահաշտեցման վեհագույն գիտակցման...
Հենց այս կետից էլ սկսվում է նրա բուռն գործունեության շրջանը: Ընդհանուր լեզվաբանական բարդ ու կարևոր գիտակարգերը հիմնականում նրան են վստահում, զեկուցումներով ելույթներ է ունենում հանրապետական ու միջազգային բազմաթիվ գիտաժողովներում, որոնցից գրեթե յուրաքանչյուրի ավարտից հետո Աշոտ Աբրահամյանին ջերմորեն շրջապատում են գործընկերները` յուրաքանչյուրն իրեն հուզող մասնագիտական հարցը նրա օգնությամբ բացահայտելու համար, մեկը մյուսի հետևից արևերես է հանում իր պրպտումների գրավոր արտադրանքը` մեծ մասը լեզվի փիլիսոփայությանն ու նշանային դերին վերաբերող: Նա հասցրեց ամբողջացնել լեզվի կառուցվածքի բոլոր մակարդակների նշանագիտական քննությունը, դրանից բացի` նուրբ ու խորքային շերտեր քողազերծեց մի կողմից` արտաքին իրականության ու լեզվի, մյուս կողմից` լեզվի և գիտակցության հարաբերության ներսում` գիտակցության ոլորտում տալով անգիտակցության կամ զրոյական գիտակցության, ենթագիտակցության, այլագիտակցության, ինքնագիտակցության և բացարձակ գիտակցության հանգրվանների նախանձելի նկարագրությունը, որոնք «գիտակցություն» գերնշանի կազմում զույգ-զույգ միջնշանային հարաբերության մեջ են իրար նկատմամբ, քանի որ գիտակցության յուրաքանչյուր ստորին աստիճան հաջորդի բովանդակությունն է, ուստի հաջորդի` իբրև արտահայտության հետ նշանասերման գործընթաց է ապրում հանգրվան առ հանգրվան: Գիտակցության բարձրագույն շերտում` բացարձակ գիտակցության մեջ է, որ իր վախճանակետին է հասնում «ոգու վերընթացը նյութի խորքերից»...
Աշոտ Աբրահամյանի ինքնատիպությունն անմիջապես նկատելի է իր իսկ ուսումնասիրությունների խորագրերից: Մինչ այդ չընդունված ձևն իր գիտական վերնագրումներով հանրության համար ընդունելի էր դարձնում լեզվաբանը: Բերեմ միայն երկու օրինակ` «Հնչյուն և գիր. թռչո՞ւմ է արդյոք Զենոնի նետը», «Նշանը, որի մասին երազում էր Չարլզ Փիրսը»: Եթե մասնագետի համար առաջին վերնագրով ընկալելի է Զենոնի նետի սլացքի հարաբերությունը հնչյուն-գիր զուգահեռ հասկացություներին, ապա երկրորդ վերնագրով հազիվ թե որևէ հմուտ մասնագետ կռահել կարողանար, որ վերնագրյալ նյութի առարկան նախադասությունն է...
Աշոտ Աբրահամյանը, քաջ տիրապետելով մաթեմատիկական տրամաբանությանը, չտրվեց անցյալ դարի 70-80-ականների կառուցվածքաբանության ու մաթեմատիկական լեզվաբանության օրինակով լեզվական իրողությունները մաթեմատիկական բանաձաևերով մեկնաբանելու` հաճախ ինքնանպատակության հասնող գայթակղությանը, թեև շատ շատերից ավելի լավ կարող էր կիրառել նման մեթոդներն իր ուսումնասիրություններում: Այնուամենայնիվ, չի կարելի ասել, թե լեզվաբան դառնալով` նա հրաժեշտ տվեց մաթեմատիկային: Նախ` բարեպատեհ դիպվածով հրավեր ստացավ` մասնակցելու մաթեմատիկայի դպրոցական դասագրքերի կազմությանը` համահեղինակ դառնալով միջին դպրոցի երկու դասարանի մաթեմատիկայի դասագրքերի, ապա` Երևանի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի մասնագետները նրան պարբերաբար հրավիրում էին` դասախոսություն լսելու բարձրագույն մաթեմատիկայից, մանավանդ որ Աբրահամյան լեզվաբանը, ելնելով աշխարհի միասնականության սկզբունքից, լեզուն ևս դիտում էր արտաքին աշխարհի մի մասը, որն այդ աշխարհի նման ուներ իր` մաթեմատիկական ճշգրտությամբ բացատրելի օրինաչափությունները, ասել է` մաթեմատիկոսներին հետաքրքիր էին մաթեմատիկան «դրսի աշխարհից» տեսնող ու գնահատող մարդու տեսակետներն ու մեկնությունները: Մեծ հաշվով կարող եմ ասել, որ մաթեմատիկան, ավելի ճիշտ՝ մաթեմատիկական մտածողությունն Աբրահամյանի համար մեկնարկ եղավ՝ հասնելու իմաստասիրական ընդհանրացումների։
Վերստին ուզում եմ անդրադառնալ հոդվածիս սկզբում արտահայտած մտահոգությանս: Չորս տարբեր «միակ լեզվաբանության» ջատագովները ծանո՞թ են այս ուսմունքին, թե՞ չունեն դրա կարիքը, որովհետև այն հասանելի չէ զարգացած ամերիկաներին ու հոլանդիաներին: Եվ այդ լուսավոր երկրներն արդյո՞ք կարոտ չեն մտքի այն ճառագումներին, որոնք կա՛ն, գոյությո՛ւն ունեն ներկա խավարամած Հայաստանի որոշ ոլորտներում, և չէր խանգարի, որ զուտ տեսանելի լույսից զատ` ողողվեին այնտեղ ևս առայժմ իրենց անհաս մի լույսով, որին ուղղված ձգտումն անգամ հուսո ազդակ կարող է լինել` տրվելու անհաղթահարելին տքնանքով հաղթահարելու մասնագիտական բերկրանքին: Եթե գիտության մարդը չունի իր հոգում այդ բերկրանքի զգացողությունը, զուր է ամեն մի ուսումնասիրություն, ինքնանպատակ է` որքան էլ ճռճռան հռչակումներով ողողված լինեն «միակի» գովազդներն ու դրանց ազդարկուները...
Արդ` դառնամ-փառաբանեմ Էդուարդ Աղայանին, որ չնայած խորհրդային ժամանակի գաղափարախեղդ դրսևորումներին` կարողանում էր իր ամբիոնի աշխատակիցներին հեռու պահել վարչարարական վայրենություններից` հարվածներն իր վրա ընդունելով, կարողանում էր պաշտպան լինել Էդմոն Ավետյանին և Էդուարդ Աթայանին, կռիվ էր տալիս գրաքննիչների դեմ, ազատ ստեղծագործելու մթնոլորտ էր ապահովում, ղեկավար պաշտոնի բերումով արժանավոր երիտասարդների և նշված ամբիոնականների կապն էր ապահովում:
Դառնամ-փառաբանեմ Էդուարդ Աթայանին, որ ստեղծագործական ճախրի էր ընտելացնում իր սաներին` մինչև վերջ հոգեկան կապվածություն ունենալով և մասնագիտական, հաճախ նաև մարդկային բարերար հարաբերությունների ուղի հարթելով նրանց համար:
Աշոտ Աբրահամյանի հետ ակամա միջհամալսարանական դասընթաց վարելու բարեպատեհությունն եմ ունեցել: Մի տարի Վանաձորի պետական համալսարանի մագիստրատուրայում լեզվանշանագիտության ժամին ուսանողներից մեկն իմ հանձնարարությամբ լեզվաբանի հոդվածներից մեկն էր ներկայացնում, և սկսվեց մի շահեկան քննարկում: Մի դրույթի շուրջ թեժացավ բանավեճն այնքան, որ մղեց ինձ անսպասելի քայլի: Ասացի. «Հանգի՛ստ: Զանգ ընկերոջը»: Եվ բջջայինով միացա Աշոտ Աբրահամյանին: Երբ իմացավ, որ նման քննարկում է, ասաց. «Այդ դեպքում սպասիր` ես էլ միացնեմ բարձրախոսը, որովհետև ես էլ եմ մագիստրատուրայում նույն գիտակարգի դասին»: Չեմ կարող նկարագրել այն վայելքը, որ ստացան երկու համալսարանների մասնագիտակից ուսանողները, որովհետև, իրոք, բաց քննարկում էր, և ուսանողներն իրենք էլ երկուստեք գործուն մասնակցություն ունեցան բանավեճին... Արդ` դառնամ-փառաբանեմ Աշոտ Աբրահամյանին ևս, որ, ուսուցիչներից քաղածն իր հոգում բովելով, փոխանցում էր սաներին` նաև լուսավորելով նրանց կերպարները, որ այդ բովվածքը գրի փոխարկելով` կենարար լույս էր սփռում շուրջբոլորը, որ վաղաժամ հեռանալով` թեև վշտացրեց մեր հոգիները, բայց փոխարենը հնարավորություն տվեց ապրելու, ի թիվս այլոց, նաև ի՛ր ստեղծածով, մղելու նաև ա՛յդ ստեղծածի հիմքով նո՛րը ստեղծելու և հագենալու հոգևոր արարման լույսով...
23-24. 09. 2024 թ.
0 Մեկնաբանություն