Մարգահովիտի բնակիչ Կարապետ Գրիգորյանի հյուրընկալ հարկում ենք: Արտակարգ դրությամբ պայմանավորված շինաշխատանքները կանգնել են, ժամանակը նվիրում է հողագործությանը, ջերմոցում՝բանջարաբուծությանը:
Մեկ ամիս է Մարգահովիտում արևածագն սկսվում է աքլորականչով, շարունակվում վար ու ցանքի ձայնով: Կառավարության կողմից սերմացուի տեսքով աջակցություն չի ստացվել, ինչը չենք կարող ասել պարարտանյութի մասով:
Գյուղատնտեսական աշխատանքներին ներգրավված են բոլորը՝ մեծ ու փոքր: «Հողի գործը դժվար է».- ասում է 8-րդ դասարանում սովորող, 13-ամյա Տիգրան Ղումաշյանը: Արտակարգ դրությամբ պայմանավորված հեռավար կրթությունը չի խանգարում Տիգրանին օգնելու ծնողներին: Հոր աջ ձեռքն է, միասին հողատարածքը վարել են, պարարտացրել, առաջիկայում էլ կցանեն:
1200 տնտեսություն ունեցող Մարգահովիտում բնակչության թիվը 3400 է: Հունվարի 1-ից 10-ը գյուղում հաշվառված է մոտ 2500 խոշոր, 1000 գլուխ մանր եղջերավոր, 98 գլուխ ձի, 100 գլուխ խոզ: Գյուղում 2 ֆերմա ունեն: Այժմ սպանդանոց չունեն, մտածում են շարժական սպանդանոց ունենալու ուղղությամբ: Արտակարգ դրությամբ պայմանավորված Ճգնաժամի հաղթահարման ուղին անասնագլխաքանակի թվաքանակը մեծացնելն է: Անասնաբուծությունը շահութաբեր է, կաթի սպառման խնդիրն էլ կարգավորում է գյուղի կաթի մթերման արտադրամասը:
Տարվա այս սեզոնին գյուղի տղամարդկանց մեծ մասին տեսնելու բախտ չէինք ունենա, եթե արտակարգ դրությունը չխափաներ արտագնա աշխատանքի մեկնելու նրանց ծրագրերը: Քանի որ Մարգահովիտում հիմնական զբաղվածությունը հողագործությունն ու անասնաբուծությունն է, արտերկրի ճանապարհը բռնելու փոխարեն գյուղի տղամարդիկ կզբաղվեն գյուղի 420 հեկտար վարելահողի մշակմամբ: Հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի մշակմամբ, ջերմոցներում՝ բանջարաբուծությամբ: Կորոնավիրուսը թեև նպաստել է գյուղատնտեսության ու անասնաբուծության զարգացմանը, բայց անժխտելի է, որ մեծապես վնասել է գյուղացու գրպանին:
Հողագործությունը և անասնապահությունը մարգահովիտցիների համար համար չի կարող ապահովել այն եկամուտը, ինչը արտագնա աշխատանքով էր վաստակում: Հաշվարկում են կորոնավիրուսի պատճառած վնասները:
Առողջ է գյուղատնտեսությունը, երբ առողջ է գյուղացին. համաճարակը խոչընդոտել էր նաև գյուղի ամբուլատորիան անբարեկարգ շենքից նոր մասնաշենք տեղափոխելու կառավարության ծրագրերը:
Այս տեսանյութը հնարավորություն է դարձել իրականացնել «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» /EED/ աջակցությամբ:
0 Մեկնաբանություն