Մունետիկ

Մենք ոչ մի հատուցում չենք ստացել

Հախվերդյանների ընտանիքը սարսափով է հիշում մայիսի 26-ի երեկոն: Տիկին Աղունիկն առանց հուզմունքի չի կարողանում պատմել տան հետ պատահածը: Որդին մի կերպ է փրկել ընտանիքը և տեղափոխել Ճոճկան: Հեղեղի ետ քաշվելուն պես եկել են, տեսել, որ տանն այլևս օգտագործման պիտանի ոչինչ չկա, տունը ևս առանց վերանորոգման ապրելու ենթակա չէ: Տարեվերջ է, սակայն դեռ փոխհատուցում չեն ստացել: Բնակարանը դեռ համայնքինն է: Այն բնակչի սեփականությոնը չէ: Աղունիկ Հախվերդյանը ափսոսում է՝ տունը նոր էին վերանորոգել, 10 օր վայելեցին. «Էկավ հեղեղը, քշեց տարավ: Դեռ էն մի վերնորոգածի պարտքը չփակած՝ երկրորդ վերանորոգման համար ենք մոտակա շինանյութի խանութից ապրանք վերցրել: Դեռ չեն տվել, բայց խոստացել են, որ փոխհատուցում կլինի: Ուղղակի ձմեռ ա գալիս: Էրեխեքը վարձով Այրումում են մնում, բայց վարձն էլ են արդեն հանել: 3-րդ ամիսն ա՝ տղես իրա 120 հազար աշխատավարձի 40 հազարը վարձ ա տալիս: Մենք էլ ստեղ 8 հոգի ենք: 92 տարեկան տատիկ ունենք անկողնային»: Տիկին Աղունիկը գիշերում է ամառային խոհանոցում: Այստեղով ևս հեղեղն անցել է՝ ոչնչացնելով գույքը, տեխնիկան ու ձմեռվա համար ամբարած սնունդը: Ասում ՝ 34 տարվա մեջ այսպիսի բան չէր տեսել: Անգամ փաստաթղթերն են ջրի մեջ մնացել. «Տատիկին մի կերպ հանել ենք 2-րդ հարկ, հաջորդ օրը տեգորս տղան Շամլուղից եկել ա, տրակտորի կովշով ա տատիկին իջացրել»: Թոռնիկները՝ Անին, Արեգն ու Վարուժանը պատկերավոր են հիշում չարաբաստիկ երեկոն: Երեխաները շատ են վախեցել: «Ես էդ ժամանակ քնած չէի: Սկզբից չէի վախենում, բայց որ եղբայրներս արթնացան, շատ վախեցան: Պապան եկավ, իր ռեզինի օզեկայով մեզ ջրից հանեց, տանից տարավ, նստեցրեց ավտոն ու հարևանների հետ գնացինք Ճոճկան գյուղ»,-ասում է Անին: Աղունիկը գնահատում է բարերարների օգնությունը: ասում է՝ ընտանիքի կողքին են եղել, կտրոններ են տրամադրել գնումների համար, սակայն ամենակարևորը՝ տան խնդիրը, լուծված չէ. «Ասել են մինչև դեկտեմբերի 31-ը տան գրքերը կհատկացնեն: Մենք էլ ե՞րբ ենք էս ձմռվա կեսին ռեմոնտ անելու: Պատերը թաց են, չեն չորանում: Գազը քաշել ենք, աբոնենտ ենք դարձել, շչոտչիկը չեն տեղադրել, որ ջեռուցում գոնե տան, էրեխեքին տուն բերենք: Վարձով տանն էլ ջեռուցում չկա: Ո՞նց պետք ա լինի: 1 մլն 200 հազար էլ գույքի համար են տալու, բայց մենք ամեն ինչ ունեցել ենք: Ամբողջ նոր տեխնիկան ու կահույքը թափել ենք»: Դիմել են կահույքի, տեխնիկայի բոլոր խոշոր խանութներին: Վերջիններս տոկոսային զեղչերի կտրոններ են տրամադրել, սակայն ապառիկ ոչինչ չեն տալիս: Խոստացել են՝ երբ գումարը պետությունը հատկացնի, անպայման կանեն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *