Մունետիկ

ՄԵՐ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՀԱՅՈՒՀԻՆ

    Այսօր այս գերազնիվ հայուհու` Դորա Սաքայանի ծննդյան օրն է: Անպարփակելի է այն հոգևոր գանձերի առատությունը, որ նա է պարգևել մեզ: Աստծո շնորհած իր տևական կյանքի ամեն օրը ստեղծագործութուն է եղել և այսօր էլ է՛: Երկար տարիներ ԵՊՀ-ի օտար լեզուների ամբիոնի վարիչն է եղել: ԽՍՀՄ-ում մասնագիտական օտար լեզվի հիմնադիրն է` գերմաներենի ուսուցման տված օրինակով: Տասնամյակներ շարունակ լինելով գերմաներենի դասագրքերի, մեթոդական ձեռնարկների հեղինակ` արժանացել է Գերմանիայի աշխարհիկ բարձրագույն պարգևի` «Արժանյաց կարգի կառավարական մեդալի»: 70-ական թվականների վերջերից լինելով Կանադայի Քվեբեքի ՄաքԳիլ համալսարանի օտար լեզուների բաժանմունքի ղեկավար` հայերենն է որպես պարտադիր դասավանդվող օտար լեզու մտցրել համալսարանի ուսումնական ծրագրեր: Անգլերենով լույս է ընծայել «Արևմտահայերենը անգլախոս աշխարհի համար», ապա` «Արևելահայերենը անգլախոս աշխարհի համար» ստվարածավալ գրքերը: Դրանցից երկրորդը Հայաստանի դեսպանատների պաշտոնյաների սեղանի գիրքն է դարձել:

    Անուրանալի է տիկին Դորայի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Տարբեր օտար հեղինակների բազմաթիվ վավերագրություններ է լույս ընծայել` Հայոց մեծ եղեռնին նվիրած ուսումնասիրությունները վեր հանելով ու մեկնաբանելով: Շարադրել է սեփական տոհմի պատմությունը ևս, որ նույնպես առատ է արյունալի իրադարձություններով` ազգային արժեք դարձնելով այն: Մի քանի տարի առաջ գոթատառ գերմաներենից վերծանում և լատինատառ գերմաներենով լույս է ընծայում  մի գիրք, որի հեղինակը շվեյցարուհի է: Այդ կինը իր հարսանյաց արարողության օրը ամուսնու հետ 1918-ին մեկնում է հայահոծ վայրեր, քանի որ ամուսինը երկաթուղու ճարտարագետ էր և գործուղվել էր Բաղդադ` իրականացնելու երկաթուղու շինարարական աշխատանքներ: Այդ ընթացքում էլ ամուսիններն ականատես են լինում սահմռկեցնող եղելության: Սեփական կյանքը վտանգելով` ուժերի ներածին չափ կարողանում են փրկել տասնյակ հայերի: Այս ամենը նկարագրող` «Նրանց քշում են անապատները» խորագրով գիրքը գերմաներենից հետո լույս է տեսնում անգլերեն, հայերեն, թրքերեն: Նշված ամուսնական զույգի շառավիղներն իրենք էլ չեն իմացել, թե ինչ արժեք է ունեցել իրենց տատի` իրենց իսկ անհասկանալի տառերով շարադրանքը: Գրքի լույսընծայման առթիվ Շվեյցարիայում կառավարական մակարդակով երեք շնորհանդես է կազմակերպվում նշանավոր համալսարաններում ու մշակութային օջախներում, հեռուստատեսություն են հրավիրում տիկին Դորային, կենտրոնական պաշտոնաթերթերն են լիածավալ նյութերով անդրադառնում գրքին: Այս ամենից գազազած` Թուրքիան վերջնագիր է հղում Շվեյցարիայի կառավարությանը, որը պետական մակարդակով արժանի պատասխան է տալիս և սաստում մեր ընդհանուր թշնամուն (Հայաստանի կառավարության ականջը խուլ)...

    Ընդգրկուն է տիկին Դորայի գործունեության շառավիղը: Արամ Ղանալանյանից հետո շարունակել է համալրել հայկական առածանին, լույս ընծայել հայերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն` յուրաքանչյուրը` 100-200 էջ առաջաբանով` գիտական խոր վերլուծությամբ, ըստ որում տարբեր լեզուներով գրված առաջաբանները մեկը մյուսի կրկնությունը չեն, այլ ինքնուրույն հետազոտություններ են: Այժմ էլ ավարտին է հասցրել իր հուշագրությունը, որը մեղմ ասած սեփական կյանքի սոսկական նկարագրություն չէ, այլ մի ողջ դարաշրջանի ինքնատիպ պատմություն` բեկված Խորհրդային Հայաստանում կազմակերպված Հայրենադարձությամբ և նրա բերած թե՛ դրական, թե՛ հայերնադարձվածներից շատերի համար ողբերգական հետևանքներով: Չափազանց արդիական է հատկապես նրանով, որ գուցե կարողանա փակել սովետի կարոտախտով տառապող շատերի երախն ու ախորժակը... Գիրքը գրել է անգլերեն. շուտով հեղինակը կավարտի նրա գերմաներեն և հայերեն թարգմանությունները:

    Դեռ մինչև վերջին պատերազմը գրեթե ամեն տարի Հայաստան էր գալիս տիկին Դորան, և նրա ամեն մի գալուստը իրադարձություն էր այստեղ: Նախ` գալիս էր «Ամեն տարի` մի գիրք» նշանաբանով, և դա իրականացնում էր առարկայնորեն, ապա` մշակութային անասելի աշխուժություն էր մտցնում այստեղ հատկապես տարբեր առիթներով կազմակերպած և անցկացրած միջազգային գիտաժողովներով և դրանց նյութերի հրապարակումներով:

    Դորա Սաքայանն ապրում է Հայաստանով, հայերենով, հայոց պատմությամբ, հայկական իրականությամբ: Նա մեր այն գործիչներից է, որոնց հետ օտար արժանավորների ամեն մի շփում իր արդյունավոր հետևանքներն է բերում Հայաստանին և հայությանը:

    Շնորհավորելով պատկառելի հայուհուն ծննդյան օրվա առթիվ` առողջություն եմ մաղթում և իր ուրվագծած բոլոր իղձերի կատարում:

                                                      Դավիթ Գյուլզադյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *