Մունետիկ

ՄԵՐ ՎԱՐՔՈՒԲԱՐՔԸ՝ ՄԵՐ ԻՍԿ ԴԵՄ ՀԱԿԱԳՈՎԱԶԴ

ՄԵՐ ՎԱՐՔՈՒԲԱՐՔԸ՝ ՄԵՐ ԻՍԿ ԴԵՄ ՀԱԿԱԳՈՎԱԶԴ

   2019 թ. դեկտեմբերի վերջին զանգեցի Վանաձորի ծանոթ տաքսիներից մեկի վարորդին` ինձ Թբիլիսի տեղափոխելու խնդրանքով և հայտնեցի, որ ինձ համար հարմար է մեկնել ժամը 15-ին : Համաձայնեց: Սակայն մեկնելուց մեկ օր առաջ «խառնված» զանգեց, թե՝ վաաա՜յյ, հայ-վրացական սահմանին չլսված հերթեր են գոյացել և ավելի լավ է շուտ՝ ժամը 12-ին մեկնել, որպեսզի չուշանանք: Մեկ ժամ անց  նորից զանգեց, թե՝ հերթերը շատացել են և ժամը 10-ին պիտի մեկնենք: Ստիպված համաձայնեցի:

   Սահմանին տեսածս խաղաղ ու դատարկ տարածքներն այնքան չզարմացրին ինձ, որքան Վրաստան մուտք գործելուց հետո վարորդի տաք-տաք, բարձրաձայն, «ղալմաղալի» նմանվող անդադար հեռախոսազանգերն` իրեն Թբիլիսիում սպասող հաճախորդներին: Մեկի հետ պայմանավորվում էր Հայաստանից բերած փաթեթները հանձնել, մյուսին ներողություն էր խնդրում, որ երկու ժամ ուշացումով է տեղափոխելու Հայաստան…

   Մինչ Թբիլիսի կհասնեինք, ես արդեն հասկացա, թե «տաքսիստ-աճպարարն» ինչո՛ւ էր վայնասուն գցել, թե՝ «սահմանում մեծ հերթեր  ու մեքենաների կուտակումներ են»…

   Մեր օդանավակայաններում ովքե՞ր չեն հանդիպել տաքսիստների` իրարից  ուղևորներ «փախցնելու» տհաճ մելուցքին:

   Փոքր քաղաքներում անգամ  ակնհայտ են տաքսիների այնպիսի առատություններ, որ երբեմն սովորական քաղաքացին դժվարությամբ է կայանատեղ գտնում: Որոշ տաքսիստներ, ըստ իրենց դժգոհությունների, միայն «հացի փող են» վաստակում: Հարց է առաջանում: Իսկ ինչո՞ւ ավելի օգտավետ աշխատանքով չեն զբաղվում: Ասենք՝ հողագործությամբ կամ անասնապահությամբ: Գուցե դրանք ծա՞նր աշխատանքներ են: Ամեն դեպքում հասկանալի է, որ մեքենա վարելն ավելի հեշտ է՝

   -Փողը տուր տանեմ,

   Ու հետ գամ, տեղս կանգնեմ…

   Անկեղծ ասած՝ ես դեռ չեմ հանդիպել մի տաքսու վարորդի, ով սպասարկման ոլորտի մասնագիտություն ունենա, կամ գոնե նման մի դասընթացի մասնակցած լինի: Իսկ նրանցից ո՞ր մեկն է բժշկական քննության ենթարկվել, ո՞ր մեկն է տաքսի վարելու թույտվություն ստացել: Հարցեր, հարցեր…

   …Սպիտակում «DANIELYAN GROUP»-ը բազմաֆունկցիոնալ ծառայությունների մատուցման հետ իրականացնում է նաև ուղևորափոխադրումներ և՛ իրենց պատկանող տաքսիներով և՛ այլ սեփականատերերի մեքենաներով: Այս կազմակերպությունը հիմնադրման օրից աչքի է ընկել բազմաթիվ բարեգործություններով, հարյուրավոր աշխատատեղեր ստեղծելով, ծերերին ու միայնակներին հաճախակի և սիստեմատիկաբար սատարելու գործառույթներով: Դանիելյանների ընտանիքի անդամների մի մասն իմ երկար տարիների  հոգեհարազատներն են: Սակայն որոշ աշխատակիցների ոչ պատշաճ վերաբերմունքը պատիվ չի բերում ողջ հանրապետությունում վաղուց մեծ ճանաչում գտած կազմակերպության աշխատանքային գործունեությանը:

   Օգոստոսի մեկին, վաղ առավոտյան, այցելեցի գործակարգավար, կամ, ինչպես ասում ենք, դիսպետչեր Ռոմանին: Ժամը 10:00-ին Երևան մեկնող տաքսու վարորդի նստարանի ետևում երկու տեղ պատվիրեցի, փոխադրավարձը վճարեցի՝ տեղեկացնելով, որ մեկնում են թոռնուհիս և մայրը, և որ թոռնուհիս երբեմն սրտխառնոց է ունենում: Իմ հարցին, թե հնարավո՞ր է, որ սպասենք «Միկա» բենզալցակայանի մոտ, թե՞ պիտի գնանք տաքսու կայանման վայր, Ռոմանը հայտնեց, որ կարող ենք սպասել բենզալցակայանի մոտ: Ժամը տասից մի քանի րոպե առաջ զանգահարեց և հայտնեց, որ տաքսին շարժվում է և ճանապարհին էլի ուղևորներ պիտի նստեն… Զարմացա, թե ինչո՞ւ է ճանապարհին սպասող ուղևորների մասին տեղեկացնում ինձ: Ես թոռնուհուս ու մորը մեքենայով շտապ տեղափոխեցի մեր պայմանավորված վայր: Տաքսին արդեն մեզ էր սպասում: Վարորդը մոտեցավ, բացեց ետևի դուռը, ապա իջեցրեց ետնամաս անցնելու թիկնաթոռը և մերոնց հրավիրեց նստելու: Ես առարկեցի, որ պատվիրել եմ վարորդի ետևի նստարանը, որտեղ արդեն մի կին ու երեխա էին նստած: Վարորդը չէր կողմնորոշվում ինչ անել: Զգացվում էր, որ անտեղյակ էր: Զանգեցի Ռոմանին: Նա պնդեց, որ ես ճիշտ եմ: Հեռախոսս փոխանցեցի վարորդին: Մի քանի բառ փոխանակելուց հետո, երբ իմ պատվիրած տեղերն զբաղեցրած կինը երեխայի հետ հրաժարվեց զիջել տեղը, ի զարմանս ինձ, վարորդը շտապ հրավիրեց հարազատներիս նստել ետնամասում: Ուղևորներից մեկն էլ սկսեց ինձ նախատել, թե՝ ճանապարհ ենք գնում, պետք չէ ավելուդ խոսակցությունը շարունակել: Այդ ընթացքում վարորդը կարգի գցեց շարժիչը, ինձ դիտողություն անելով ՝ «չբարկանաս ինձ վրա», ու շարժվեց: Ես խփեցի պատուհանին, որ վարորդը կանգնեցնի մեքենան, բայց նա հեռացավ: Այս ամենից հետո ես նորից զանգեցի Ռոմանին և հարցրի վարորդի անունը, թեև գիտեի: Նա ոչ միայն վարորդի անունը չասաց, այլև սկսեց խնդրել, որ չբողոքեմ, քանի որ վարորդն իմ հարազատներից մեկի մոտիկ ընկերն է: Իսկ ես սկսեցի մտորումների մեջ ընկնել.

   -Չեմ կարծում, թե դիսպետչերը հայտնած կլիներ վարորդին, որ երկու տեղ զբաղեցնողն ինքս եմ: Իսկ եթե հայտնել է, ապա Հակոբն էլ լավ ճանաչելով ինձ, ինչո՞ւ ճանապարհին ուղևորներ վերցնելիս չի հայտել, որ նշված տեղերն զբաղված են: Ու եթե դիսպեչերը վարորդին նախատելու փոխարեն «տասը ձեռքով պաշտպանում է», ապա ամենահասարակ մարդկային տրամաբանությամբ «մեղավորության հետքերը» տանում են հենց դեպի դիսպետչերը…

   Իմ նկատմամբ առհամարհանքի հասնող վերաբերմունքը մինչև հոգուս խորքը վիրավորեց ու նվաստացրեց ինձ: Ես զանգեցի ղեկավարին՝ Տիգրան Դանիելյանին, ով միշտ աչքի է ընկել իր ազնվությամբ, բարձր ինտելեկտով ու մարդկային վեհ հատկանիշներով:: Անկեղծ ասած, նա նույնպես զայրացավ, և  խոստացավ, որ երկու օրից Սպիտակ վերադառնալով կպատժի մեղավորներին: Սակայն Ռոմանն ու վարորդը մի այնպիսի «խառնաշփոթ» պատմություն էին հորինել, որից գլուխ կհաներ միայն հանրահայտ Շերլոկ Հոլմսը…

   Տ. Դանիելյանին Ռոման-Հակոբ «խմբակցության» զեկուցման համաձայն՝ հարազատներիս տեղն զբաղեցրած կինն ու երեխան,  իբր, նստել են ճանապարհին, և վարորդն էլ, իբր,  չի իմացել, որ այդ տեղերը ոչ թե ինքս էի պատվիրել, այլ վերջիններս: Եվ այս պարագայում ինչպե՞ս կարող էր Հակոբն այդ կնոջն ու երեխային տեղափոխել ետնամաս: Ինչպես իրենք էին պատճառաբանում՝ «Բա որ այդ կինն էլ նեղանար ու ասեր՝ ինչո՞ւ ինձ այստեղ տեղավորեցիք, հիմա էլ տեղափոխում եք հետնամաս…»: Բա որ…

   Մինչ «բա որ»-ները, Շերլոկը կհաստատեր, որ կինն ու երեխան նստել էին վաղօրոք՝ տաքսու կայանատեղում: Գուցե նրանք հրաժարվել են ետնամաս անցնել և գործակարգավարն էլ ուղղակի չի ցանկացել ուղևոր «կորցնել» ինչ-որ մեկի պատճառով: Իսկ գործակարգավարի ասած՝ «ճանապարհին էլի մարդիկ են նստելու» հայտարարությունը նախապես մտածված և հետագա անախորժ իրադրությունից դուրս պրծնելու ձև է:  Եվ մինչև «բա որ»-ները, գործակարգավարը պարտավոր էր վարորդին զգուշացնել, որ իր նստարանի ետևի երկու տեղերն զբազված են:

   Վարորդն էլ, ընդհանրապես, ճանապարհին սպասող ուղևորների  մասին  գործակարգավարին պիտի զեկուցի, որ այսինչ ուղևորին  տեղավորեց, որից հետո շարժվի: Չէ՞ որ աշխատանքում թերծանրաբեռնվածություն ունեցող գործակարգավարի պարտականությունը չի սահմանափակվում ուղևորներին մեքենա նստեցնելով   և ուղեվարձերը գանձելով միայն:

   Թող այն տպավորությունը չստեղծվի, թե սա մի չնչին միջադեպ է: Երբ սպասարկման ոլորտի ծառայություն մատուցելու աշխատանքներում պատահական հայտնված անձինք «մասնագիտանում են»  աշխատելու «իրենց սեփական փորձերով ու մեթոդներով», նրանք շատ հեշտ են գտնում նաև իրենց «արդարանալու ճանապարհները» և հաճախ «ջրից չոր են դուրս գալիս»: Չգիտեմ, թե ով ինչո՛ւմ է մեղավոր, սակայն   ինչո՞ւ պիտի իմ պատվերն ընդունվի, չկատարվի՝ օրեր ու շաբաթներ մտատանջության մեջ գցելով ինձ, թրատելով անմեղ զգացմունքներս:

    Եթե այս գրածս պիտի որպես հակագովազդ դիտվի վերոհիշյալ կազմակերպության համար, ապա ասեմ, որ ամենամեծ հակագովազդը հենց իրենց անբարեխիղճ և «շուստրի» աշխատակիցներն են իրենց վարքուբարքով: Ավելին՝ այդպիսի վարքուբարքը ամբողջ մի ժողովրդի ու պետության հակագովազդ է:

   Սպարտակ Մաթոսյան

   Բանաստեղծ, արձակագիր,

   ՀՀ Ժուռնալիստների միության անդամ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *