Մունետիկ

Մի շնորհալիի կողքին տասնյակ ապաշնորհներ կան

Կարեն Մանուչարյանը երիտասարդ գրականագետ է, ԵԹԿՊԻ դասախոս։ Պատմում է իր ու գրականության մեձեցման, արդի հայ գրականության խնդիրների, գրողների ազատության մասին։ «Գրականություն ուսումնասիրում էի ազատ ժամանակ, հանգստանոմ էի մաթեմատիկայից, բայց հոբբին վերածվեց մասնագիտության, մասնագիտությունը վերածվեց հոբբիի։ Մաթեմատական և երկրաչափությունն օգնեցին գրականագիտական վերլուծություններում։ Օգնեցին, որ գրականագիտության տարածություններում հաստատեմ իմ փնտրած ճշգրտությունը, գոնե հարաբերական ճշգրտությունը» ։

Արդի հայ գրականությունը

   -Արդի հայ գրականությունը նորագույն շրջանի հայ գրականության մի ենթափուլ է, որի սկիզբը պայմանականորեն տալիս ենք 90-ականների սկզբնահատվածը, 1991 թ․, անկախացում, դրան նախորդած և հաջորդած հասարակական-քաղաքական կարևոր իրողություններ։ Գրականության յուրաքանչյուր փուլ կամ ենթափուլ միշտ ծնվում է ինչ-որ հասարակական-քաղաքական հանգամանքներից, հասարակական-քաղաքական կարևոր նախադրյալներ է ունենում։ Նշածս ժամանակաշրջանում ունենք երկրաշարժը, արցախյան շարժումը, պատերազմն իր շարունակական հետևանքներով, կարճատև կամ երկարատև զինադադարներով։ Այս բոլորը ասպարեզ բերեցին գրողների մի նոր խումբ։ Ասպարեզ եկավ մի նոր սերունդ՝ պատկերավորման ի՛ր սկզբունքներով, իրականության պատկերավորման ի՛ր համակարգով, որը նկատելիորեն պիտի՛ տարբերվեր և տարբերվեց նախորդ սերունդներից։

Պահպանողական մտածողությունը՝ կարծրատիպ

Պահպանողական մտածողությունը ինչպես գրականության նախընթաց փուլերում, այնպես էլ այս ժամանակաշրջանում մեծապես խանգարեց։ Դա է պատճառը, որ շատ գորղների ստեղծագործություններ մինչ օրս օբյեկտիվորեն արժևորված չեն։ Մինչ օրս քննադատությունը հին չափանիշներով է մոտենում այս գրողների ստեղծագործություններին։ Առաջ է բերվում գրական տեքստի արժևորման բարոյական չափանիշը։ Այսինքն, եթե տվյալ գործում մի քիչ շատ են բացությունները, շատ են բարոյականության քառակուսիներին չենթարկվող տեսարանները՝ այդ գործն անմիջապես դատապարտվում է, համարվում է ոչ պիտանի, հակադաստիարակչական։

Ի՞նչ, թե՞ ինչպես գրել

   -Կարելի է գրել ամեն ինչի մասին, ամեն ինչ՝ առանց բացառությունների, էականը՝ ինչպեսն է, ինչպես է ստեղծագործում տվյալ մարդը, ինչպես է արտացոլում տվյալ իրականությունը, աթե անգամ այդ իրականությունը տգեղ է, եթե անգամ այդ իրականոււթյունը մերժելի է, եթե անգամ հակագեղագիտական է։ Իսկ ո՞վ է ասում, որ գրականության արտացոլման տիրույթում պիտի լինի միայն բարին, գեղեցիկն ու վսեմը։ Կյանքում կան նաև տգեղը, մերժելին, պախարակելին, պաթոլոգիկը, որոնք նույնպես պիտի արտացոլվեն։ Այս շրջանում հայտնված շատ ստեղծագործողներ կենտրոնացան հենց կյանքի տգեղ ու մերժելի երևույթների վրա, բայց բարձրարժեք ստեղծագործողները կարողացան ապահովել այդ տգեղի գեղագիտությունը, հակագեղագիտականի գեղագիտությունը, այսինքն, նրանք խոսում են տգեղ երևույթների մասին, բայց չկա այդ տգեղության պրոպագանդան, քարոզչությունը։ Նրանք խոսում են մերժելի երևույթների մասին, բայց ապահովում են դրա գեղագիտությունը, որն իհարկե, ուրույն է, որը տարբերովում է նախորդ շրջանների գեղագիտական ընկալումներից։

Գրողը և իր ազատությունը

   -Երևի սա այն ժամանակշրջանն է, որ ամենաազատն են գրողները։ Քաղաքական պարտադրանքներ եթե կան էլ ՝ դրանք չեն հասնում այնպիսի ծավալների, որ եղել են խորհրդային ժամանակշրջանում։ Գրաքննություն ասվածը այն աստիճանի բուռն չի գործում։ Կան, իհարկե, այնպիսի անհատ քննադատներ, որոնք տարբեր ստեղծագործությունների մասին խոսում են այնպիսի տոնայնությամբ, որ կարծես խորհրդային ժամանակշրջանի գրաքննիչ լինեն։ Բայց գրողն այսօր ունի իր փնտրած ազատությունը։

Ազատությունը և ամենաթողությունը

   -Հաճախ ազատությունը շփոթում են ամենաթողության հետ և կարծում են, որ ազատությունը ամենաթողությունն ու անվերահսկելիությունն է։ Էլի՛ գրել ամեն ինչի մասին, բայց գրել ցանկացած ձևով, մոռանալ ասելիքի մասին, մոռանալ, որ գրականության ու արվեստի կենտրոնում միշտ եղել է ու շարունակում է մնալ մարդը, ու ստեղծել ձևի ու բովանդակության առումով չկայացած տեքստեր և անունը դնել ազատություն, նոր մտածողություն, պոստմոդերնիզմ, այդ ստեղծագործություննեը քննադատողներին էլ համարել հետամնաց՝ ճիշտ չէ։ Ճիշտ չէ, բայց անխուսափելի է, քանի որ գրականության յուրաքանչյուր պարբերափուլում էլ այդպես է եղել, մի շնորհալիի կողքին տասնյակ ապաշնորհներ են եղել․․․

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *