Մունետիկ

ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Միշել Լեգրանը հիսուն տարի շարունակ սիրում էր մի կնոջ, բայց հարազատներին ցավ չպատճառելու համար նրանք երդվեցին բաժանվել և այլևս երբեք չփնտրել միմյանց։
Մաշա Մերիլ Գագարինայի հետ Լեգրանը ծանոթացել էր 1964 թվականին, Բրազիլիայի կինոֆեստիվալի օրերին, երբ ֆրանսիական պատվիրակության հետ մեկնել էին Ռիո դե Ժանեյրո։
Երազանքի գեղեցկուհուն նա տեսավ ծովափին և միանգամից սիրահարվեց։ Մեծ կոմպոզիտորը իր ամբողջ կյանքի սիրուն հանդիպեց այնքա՜ն տարաժամ։
Դա ճակատագրի նախապատրաստած այն անակնկալն էր, որը բախտորոշ դարձավ մեծ արվեստագետի նուրբ ներաշխարհի գեղեցիկ և իմաստալից կազմավորման համար։ Միևնույն ժամանակ՝ դա սիրո մեծ փորձությունն էր, որը պատվով անցնողները միայն կարող են դառնալ մեծ մարդիկ, և մարդկությանը ցույց տալ իսկական սիրո վառ օրինակը։ 
Այդ ժամանակ Լեգրանը արդեն ընտանիք ուներ, նրան տանը սպասում էին կինն ու երկու երեխաները։ Իսկ Մաշան պատրաստվում էր դառնալ իր իտալացի փեսացուի կինը։ 
Մաեստրոյի խոսքերով՝ «Դա պլատոնական սիրավեպ էր, որը հանկարծ բռնկվեց և փոխադարձ համաձայնությամբ էլ ավարտվեց հենց այնտեղ»։ 
Օվկիանոսի պես խոր ու անծայրածիր այդ սիրո ազդեցությամբ նա ստեղծեց «Շերբուրգյան հովանոցներ» զգայացունց երգը, որին հետևեց նույնքան սքանչելի և կատարյալ «Իմ սրտի հողմաղացները» սիրերգը։
Դրանցով Լեգրանը կայացավ, որպես հանճարեղ երգահան և համաշխարհային կինոարվեստի և երաժշտության պատմության մեջ զբաղեցրեց իր ուրույն տեղը։
Քանի դեռ աշխարհում գոյություն կունենան մարդկությունն ու արվեստը, երբեք չեն մոռացվի նրա գլուխգործոցները, որոնք սիրային մեծ ու տառապալից ապրումների պատմություններ են։
Մաշա Մերիլ Գագարինան գեղեցիկ կին էր, ֆրանսիացի տաղանդավոր դերասանուհի և գրող, որը ռուսաստանցի վտարանդի կնյազ Վլադիմիր Գագարինի դուստրն էր։ Նա համարվում էր արքայադուստր, որովհետև ծագումով արքայական գերդաստանից էր։
Որպես անկրկնելի երգահան և կինոերաժշտության անզուգական վարպետ, Միշել Լեգրանը բազմաթիվ բարձր մրցանակների էր արժանացել, դրանց մեջ կային օսկարներ, գրեմիներ, ոսկե գլոբուսներ... Սակայն նրա կյանքի ամենամեծ մրցանակը, որը նրան շնորհվեց վերուստ՝ դա նա էր՝ Մաշա Մերիլ Գագարինան, նրա արքայադուստրը և սրտի տիրուհին...
2013 թ., գրեթե հիսուն տարի բաժանումից հետո, Միշելն ու Մաշա Մերիլը կրկին հանդիպեցին։ Գագարինան այդ օրը Փարիզյան թատրոնում խաղում էր «Մտերիմ հանդիպումներ» ներկայացման մեջ։ Ուղիղ կես դար նա հիշել ու կարոտել էր նրան։
Թե ինչպիսի խորն ու ալեկոծ տխրություն էր ապրել երաժիշտի հոգին առանձնության երկար տարիներին Մաշային հիշելիս, կարելի է պատկերացնել միայն «Շերբուրգյան հովանոցների» և «Իմ սրտի հողմաղացների» մեղեդիները լսելով։
Կոմպոզիտորը դահլիճում նստել էր բեմից ոչ հեռու։ Մաշայի և նրա միջև մնացել էր ընդամենը տաս մետր հեռավորություն։ Նա հիացքով նայում էր իր սիրո իդեալին և արցունքները անձրևի պես թափվում էին աչքերից։
Ներկայացումից հետո նա գնաց կուլիսներ և Մաշային նվիրեց սպիտակ վարդեր, որոնց թերթիկների վրա կարմիր թանաքով գրել էր «Շերբուրգյան հովանոցների» և «Իմ սրտի հողմաղացների» նոտաները։ Սիրո այդ հոգեհույզ մեղեդիները նա գաղտնի նվիրել էր նրան։ 
Այժմ երկուսն էլ միայնակ էին, և ալևոր երաժիշտը այդ կնոջ համար ամեն ինչի պատրաստ էր։ 2014 թվականին նրանք ամուսնացան, միասին ապրեցին ընդամենը հինգ տարի, սակայն դրանք նրանց կյանքի ամենաերջանիկ տարիներն էին։ 
Երկու օր առաջ, 2019 թ. հունվարի 26-ին Միշել Լեգրանը հեռացավ կյանքից։ Նա մահացավ երջանիկ։

Հ.Գ.
Վշտակցում եմ մեծ Մաեստրոյի հարազատներին, նրա բոլոր երկրպագուներին, նրա միջոցով հարազատացած հայ և ֆրանսիացի ազգերին, և համայն երաժշտասեր մարդկությանը։

Փարոս Մասիս

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *