Մունետիկ

ՊԱՅՔԱՐԵԼ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ. Արտավազդ Ալավերդյան

   Արտավազդ Ալավերդյանը Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու անդամ է, գործարար և մարզաշխարհի ներկայացուցիչ։ Սպորտը համարում է մշակույթի բաղկացուցիչ մաս, որը մշտական հոգածության կարիք ունի։

Պետության, համայնքի հոգածությունը սպորտի հանդեպ

  -Եթե մարդը նվիրվում է սպորտին և մենք ունենք պետական մտածողություն՝ մարզիկներին, հատկապես նրանց, ովքեր նշանակալի արդյունքներ են գրանցում՝ հարկավոր է նրանց համար խթանիչ, շահագրգռող համակարգեր մտածենք, որովհետև այդ մարդիկ ուրիշ մասնագիտությամբ չեն զբաղվում, սպորտը դա թույլ չի տալիս։

Սպորտը գաղափար չի դառնում

  -Ինչ վերաբերում է երկրի և հատկապես մարզի մարզական կյանքին, ապա արդյունքներ գրանցելու, ինչպես նաև մարդկանց գիտակցության մեջ սերմանելու, որ սպորտը լինի ոչ միայն նախասիրություն և զբաղմունք, այլ նաև՝ մասնագիտություն՝ մենք չունենք խորքային մշակված համակարգ և սպորտը գաղափար չի դառնում։ Բոլոր այն միջոցառումները, որոնք կազմակերպվում են՝ ավելի շատ փիառվելու միտում եմ ես տեսնում, որի մասին խոսում են հենց գրանցված արդյունքները՝ Հայաստանում և Հայաստանից դուրս։

Մարզաշխարհի խորքային խնդիրները

  -Խորքային խնդիրները գալիս են հենց մարզադպրոցներից, ցանկացած ոլորտի հիմքում ընկած է դպրոցը և մարզադպրոցների կուռ ու ամուր լինելը հիմք է հանդիսանում հետագայում պրոֆեսիոնալ մարզիկներ ունենալու։ Եթե խոսենք մեր մարզի մասին՝ որպես բնագավառի պրոֆեսիոնալ՝ ցավով պիտի նշեմ, որ նույնիսկ ցուրտ ու մութ տարիներին շահագրգռվածությունը և մասնագետների բազան մի քանի անգամ գերազանցում էր այսօրվան։ Փաստերն են վկայում, որ մեր մարզական կյանքը հետնահանջ է ապրել և բավականին մեծ ճեղքվածք կա։ Եթե մենք ուժեղ ենք եղել մենամարտային մարզաձևերում՝ այսօր մենք չենք կարողանում այն արդյուքները գրանցել ծանրամարտում և ըմբշամարտում, որոնք գրանցել ենք նախկինում։ Որոշակիորեն դիրքերը պահպանում է բռնցքամարտը, այն էլ՝ պատանիների և երիտասարդների շրջանում, և մենք լուրջ, պրոֆեսիոնալ մարզիկներ վերջին տարիներին չենք ունենում։

Ավագանին՝ համայնքի մարզական կյանքի ակտիվացման ուղղությամբ

  -Որպես խոշորացված համայնքի ավագանու անդամ՝ ասեմ, որ շատ քիչ են մրցաշարերը, որոնք կազմակերպվում են մեր քաղաքում, առաջ ավելի շատ էին։ Համայնքը կարող է և պետք է մի քանի մարզաձևերում մեկ-երկու մրցաշար կազմակերպի իր միջոցներով, որպեսզի մեր համայնքի երեխաները իրենց հարկի տակ մասնակցեն այդ մրցաշարերին, արդյունքներ գրանցեն և զարգանան։ Վանաձորը խորհրդային և հետխորհրդային տարիներին ֆուտբոլային քաղաք է եղել, բայց այսօր, ցավոք, մենք չունենք ֆուտբոլային թիմ, որը կխաղա ինչ-որ մի լեգիոնում։ Այո, ֆուտբոլային թիմ պահելը բավականին ծախսատար է, բայց դա շատ կարևոր է Հայաստանի 3-րդ քաղաքի համար։ Ես գիտեմ, որ բազմահազար են այն երեխաները, որոնք սիրում են ֆուտբոլը, ապրում են ֆուտբոլով, բայց չունեն հեռանկար, շատ վատ է ֆուտբոլային դպրոցի վիճակը, որը մի կերպ գոյատևում է նվիրյալների հաշվին։

Սպորտը և քաղաքականությունը

  -Որպես մարզիկ, պիտի ասեմ, որ սպորտը չի առընչվում քաղաքականության հետ, բայց քաղաքականությունը մշտապես մտնում է սպորտի մեջ և դա ցանկացած մարզիկի համար անընդունելի է, որովհետև սահմանափակվում են ազատությունները և քաղաքականությունն առհասարակ սպորտի մասին չէ, և երբ այն մտնում է սպորտի մեջ՝ ցանկացած պարագայում այն փչացնում է, դեմոտիվացնում սպորտսմենների և մարզչական կազմի որոշակի հատվածին։

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *