Ստեղծագործում են ՎՊՀ֊ի շրջանավարտները
Անահիտ Եղիազարյանը որևէ ակնկալիք չունի սույն գրքի հրատարակմամբ։ Հոբելյանի առթիվ ընտանիքը անակնկալ մատուցեց` հանրությանը ներկայացնելով նրա հետաքրքրական ու գրագիտորեն շարադրված ֆբ֊ական հրապարակումները։ Գիրքը խմբագրել է Թերեզա Շահվերդյանը` Անահիտի դասախոսը։
Անահիտ Եղիազարյանի հուշապատումը
Անահիտ Եղիազարյանի հետ շփումներս սկսվել են կես դարից առաջ: 70-ականների սկզբին նա բարձր դասարանի աշակերտուհի էր, ես՝ ԵՊՀ- ի նորավարտ շրջանավարտ-դասախոս: Նոր էր հիմնադրվել ՎՊՄԻ-ը /1969թ./: Դասախոսներս պարապում էինք նաև մեր բուհի նախապատրաստական կուրսերում: Անահիտը ամենաակտիվ ու ամենաուշիմ ունկնդիրներից էր, և պատահական չէր, որ անմիջապես գրավեց իմ ուշադրությունը: Ընդունվեց բանասիրական ֆակուլտետ դարձավ կուրսի ավագ ու ֆակուլտետային միջոցառումների կազմակերպիչ ու վարող՝ Սամվել Խալաթյանի հետ: Մեր մտերմությունը թափանցեց նաև ընտանեկան ոլորտ, ու մի օր ամուսնուս հարազատների՝ հորեղբոր ընտանիքի հետ, գնացի խնամախոսության նրանց փոքր տղայի՝ իմ ամենասիրելի տեգրոջս՝ Անդրանիկի համար: Այդ օրը հատուկ էի պատրաստվել: Դուռը բացեց Անահիտը և առանց մյուսներին ուշադրություն դարձնելու՝ ասաց.
-Էս ո՞վ է Ձեզ այսպես սիրունացրել,-ամեն անգամ ժպիտով եմ հիշում այդ պահը;
Դարձանք նույն գերդաստանի տեգերկանայք, սակայն Անահիտին երբեք չլքեց իմ՝ իր դասախոսը եղած լինելու փաստը: Անցան տարիներ, Անահիտը աչքի ընկավ բազմակողմանիորեն՝ որպես հայոց լեզվի և գրականության քաղաքի լավագույն ուսուցիչ, որպես հիանալի տանտիկին ու մայր, բարեկամ: ՈՒ մի օր հանգամանքների բերումով ընտանիքով լքեց հայրենի քաղաքը՝ դեպի օտար ափեր՝ ՈՒկրաինա, տասը տարի ստեղծած ընտանեկան բիզնեսն էլ ռմբակոծությունից ավերված թողնելով՝ երեք տարի առաջ էլ հանգրվանեց Գերմանիայում:
Մեր հաղորդակցումը շարունակվեց վիրտուալ՝ ֆբ-ի միջոցով: Այս ընթացքում նրան ճանաչեցի բոլորովին նոր կողմերով՝ հրապարակած դասերով, գեղեցիկ, ուշադրության արժանի հուշերով, խոր, ամեն նշանակալից իրադրություն քննելու, տեսնելու գնահատելու ու վերլուծելու կարողություններով:
Նախ տված դասերը.
Ի՛նչ է ասում շնորհակալության մասին:
1.«Մեր օրերն այդ առումով չպետք է տարբերվեն իրարից, ու մենք ամեն օր պիտի ինչ-որ բանից շնորհակալ լինենք:
Եթե մարդը երախտագիտության զգացումից զուրկ չէ, ապա նա միշտ շնորհակալ լինելու առիթներ կգտնի: Հիշենք, որ Տիեզերքը միշտ սպասում է մեր սրտանց ասված շնորհակալությանը… Իսկ եթե մարդը դժգոհ է իր ունեցածից ու իր շրջապատից, էներգետիկան թուլանում է, և հեշտությամբ է ենթարկվում արտաքին անբարենպաստ ազդեցություններին ու հիվանդություններին»:
Այո՛, սրանք երախտագետ մարդու հորդորներ են, որ երբեք չպետք է մոռանալ:
2. Մեղքի զգացումը:
«Ես միշտ Աստծուց խնդրել եմ, որ նա իմ մեղքերը ների այնքանով, որքանով որ ես եմ ներել ինձ վիրավորողին, ցավ պատճառողին, վնաս տվողին․․․ Իսկ ես շատերին չեմ ներել կամ շատ ուշ եմ ներել․․․ Պարզվում է, որ պարտք բառը պետք էր հասկանալ որպես մեղք:
Սկսեցի քննադատաբար վերանայել ողջ կյանքս… Ինքնասիրությունս միշտ կարևոր է եղել ինձ համար, և երբեք չեմ ներել ինձ վիրավորողին։ Բա մե՞կը չլիներ, որ ժամանակին բացատրեր․․․Չերկարացնեմ․այդ օրվանից սկսեցի զբաղվել ինքնադաստիարակությամբ»:
Բոլոր հավատավոր մարդիկ գիտեն Տերունական աղոթքը՝ «Հայր մերը», քչերն են, որ կարող են խորանալ աղոթքի իմաստուն մտքերի մեջ, քննադատաբար մոտենալ իր սեփական վերաբերմունքին ու «ինքնադաստիարակվել»:
3.Ստախոսությունը տգեղ բան է:
Մի անգամ ընկերներս մոտ ասացի. «Ես սուտ երբեք չեմ խոսում»: Ընկերուհիս ասաց. «Բայց որ շատ շտապ սուտ է պետք լինում, ի՞նչ ես անում»: Մի ուրիշ հարգարժան տիկին մի առիթով ասաց. «Բարի նպատակով ասված սուտը արդարացի է»:
Իսկ հիմա Անահիտի ստի մասին: Շոր կարելու բազմաթիվ փորձեր էր արել ու հաջողել: Բարձր դասարանում որոշել էր դերձակության բիզնեսով զբաղվել, ու որպեսզի մարդիկ վստահեն իրեն, սկսել էր ստել, թե իր մայրը դերձակ է և շատ պատվերներ է ունի: Մի կին անմիջապես գայթակղվել է և այդ խնդրանքով դիմել Անահիտի մորը: Վերջինս տագնապով ընդունել է պատվերը՝ առանց աղջկան մատնելու: Անահիտը փայլուն ավարտել է պատվերը և 50 ռուբլի գումար վաստակել, մի այդքան էլ հայրն է ավելացրել ու պարտադրել նրան, որ մորը ներողություն խնդրի ստախոսության համար:
«-Մայրիկիցդ ներողությու՛ն խնդրիր, որ այլևս ստի վրա հիմնված « բիզնես» չես անի ու խելո՛ք համբերիր, մինչև մեծանաս․․․
Խոստացա, ես ստիպված էի էլի մի սուտ ասել ( վերջինը), իբրև թե մայրս գերհոգնածության պատճառով էլ շոր չի կարում։ Ահա այսպես ավարտվեց իմ՝ նոր-նոր փթթող «բիզնեսը»՝ սուտ խոսելու հարկադրանքով։ Չէ, ավելի լավ է՝ փոքր ժամանակ սպառել ստելու լիմիտը, քանի դեռ դա ներվում է ու անվնաս է․․․»
4. Հարկադրված սուտ-կեղծիքը:
Հայոց լեզվի ուսուցիչը հիվանդ էր ու ծեր, բայց կենսաթոշակին անցնելու ժամանակը չէր լրացել, տեսողության խնդիր էլ ուներ ու մի օր դիմում է Անահիտին.
«- Դրանք ձեր այսօրվա շարադրության տետրերն են, կտանես տուն, կարմիր գրիչով կստուգես, մատիտով կգնահատես, կբերես:
Անահիտը հանկարծակիի է գալիս ու կարմրելով ու տագնապած՝ վերցնում տետրերը: Մի ամբողջ տարի ստուգում է իր դասընկերների տետրերը, բայց իրենը տալիս է ուսուցչին, որ նա ստուգի ու գնահատի: Անահիտը գրում է. « Ես դա կարող էի ընդունել որպես իմ հանդեպ մեծագույն վստահություն և նույնիսկ հպարտանալ, բայց մտքովս էլ չէր անցնում այդպես վարվել։ Ես տառապում էի ։ Իմ մեջ ինչ-որ բան էր փլուզվել… Փաստորեն, ինձնից պահանջվում էր երեք հատկություն դրսևորել՝ գրագիտություն, ազնվություն և գաղտնապահություն։ Երեքն էլ սրբությամբ պահպանում էի երկու տարի շարունակ։ Բայց․․․մի օր էլ դեմ առ դեմ կանգնեցի զանցանք կատարելու անհրաժեշտության առջև։ Ժողկրթբաժնի կողմից ստուգողական շարադրություն էինք գրել։ Հատուկ ուշադրությմբ ստուգում էի տետրերը, մինչև հերթը հասավ իմ մոտ ընկերուհու տետրին։ Բացեցի, խայտառակություն։ Վերնագրից հետո ընդամենը չորս- հինգ տող էր իբր թե գրել ու թողել կիսատ: Շարունակեցի կիսատ թողած շարադրությունը ՝ անթերի, անսխալ, բայց ձեռագրի և անփութության պատճառով չորս նշանակեցի։ Ահա և վերջ՝ իմ Ազնվությանը․ երկրորդ կարևոր հատկանիշս կորցրի՝ ինքս իմ աչքից ընկնելով՝ Գաղտնապահությանը, նույնպես դավաճանել։ Բայց․․․ ոնց որ արդեն դավաճանեցի, հա՞․․․ ամբողջ աշխարհն իմացավ ․․․։
Այդպես էլ այդ մասին ոչ ոք չի իմանում: Անահիտը չի ասում անգամ ընկերուհուն, որը մի քանի անգամ զարմացած բացուխուփ է անում տետրը, իսկ երբ հարցնում է՝ ի՞նչ ես ստացել, պատասխանում է ՝ չորս: Պարզվում է, որ այդ ընկերուհին այդպես էլ շարադորություն գրել չի սովորում: Երեք անգամ կենսաբանության ֆակուլտետում մասնագիտական առարկաներից գերացանց է ստանում, հայոց լեզվից՝ անբավարար: Չորրորդ տարում Անահիտը փորձում է ընկերուհուն օգնել իր դասախոսի՝ Մարիամ Անանյանի միջոցով. որն այդ տարի ընդունելության քննությունների անդամ էր: Հրաշքով փրկվում է ընկերուհին, սակայն Անահիտն արժանանում է իր դասախոսի վրդովմունքին՚.
«- Էս ի՜նչ բերեցիր դու իմ գլխին։ Այդպիսի անգրագիտություն ես չէի կարող պատկերացնել անգամ։ Ես այսօր հանցագործություն եմ կատարել բացահայտ, ու չզարմանաք, եթե մի օր ես հայտնվեմ մեղադրյալի աթոռին։ Որ հեշտ գործ լիներ, մինչև հիմա մեկն օգնած կլիներ, ու ես էս փորձանքի մեջ չէի ընկնի, ամբողջ հանձնաժողովին խնդրել եմ, բացատրել, որ մարդը մասնագիտականները հինգ է ստացել, մի քիչ ներողամիտ լինենք, բայց ոչ մեկը չհամաձայնվեց երկրորդ ստորագրությունը դնել իմի կողքին։ Դու հասկանու՞մ ես, թե ինչ վիճակում եմ հիմա ես․․․»
Երբ ես ասացի, որ մենք Մարիամ Անանյան անուն-ազգանունով դասախոս չենք ունեցել, Անահիտը պատասխանեց.
-Այդ դասախոսը Դուք էիք, փոխել եմ անուն-ազգանունը:
Ես այդ մասին գրում եմ, որովհետև հանցանքիս վավերականությունը անցել է, բայց և չեմ էլ հիշում, որ նման բան եմ արել:
4.Ընդունելության և սեսիոն քննություններ:
Կան թեմաներ, որոնք մեր սրտին մոտ չեն լնում, չենք սովորում՝ հուսալով, որ դրանք մեզ չեն հանդիպի: Սակայն եկ ու տես, որ անգլերենի բանավոր քննության ծամանակ հենց «Էքսկուրսիա»-ն բաժին ընկավ Անահիտին, որին բոլորովին չէր պատրաստվել, բայց հնարամտորեն «տակից դուրս է գալիս»՝ անգլերենից իմացած իր ողջ բառապաաշարը գործի դնելով:
- «Մի գեղեցիկ, արևոտ կիրակի օր ես, հայրիկս, մայրիկս, եղբայրս ու քույրիկս որոշեցինք գնալ գյուղ։ Մեզ հետ եկան նաև հորեղբայրս, հորաքույրս, հորաքրոջս աղջիկը, ընկերներս․․․ (ու թվարկեցի իմ իմացած բոլոր անձ ցույց տվող բառերը՝ ավելացնելով շնիկին և կատվին)։ Մենք մեզ հետ վերցրինք (այստեղ ես թվարկեցի իմ իմացած բոլոր հավանական ու անհավանական գոյականները) գրիչ, գիրք, կարագ, գդալ, կավիճ․․․ (ո՜նց էի ափսոսում, որ տրոլեյբուս, բազմոց, գրատախտակ և էլի ահագին բառեր չկարողացա մեր ավտոբուսի մեջ տեղավորել):․ Անտառի մոտով անցնելիս մենք տեսանք աղվես, գայլ, արջ, մուկ, նապաստակ (և այդպես շարունակ՝ նույն սկզբունքով․ փիղն ու կոկորդիլոսն էլ գիտեի, բայց չասացի): Ամեն բառից հետո պայթում էր քննողների ծիծաղը»:
Բանասերների ավագ սերունդը շատ պատկառանքով ու սիրով է հիշում հայ գրականության ամբիոնի դասախոս Ռաֆայել Հարությունյանին, որը բանահյուսության ժանին պատմում է.
«-Մի երիտասարդ տղա ապրելիս է լինում իր ծեր ծնողների հետ, և մի օր նրանց է այցելում Գաբրիել հրեշտակապետն ու ասում, որ նրանցից մեկը պետք է իր հոգին տա, այսինքն՝ մահանա։ Ընտրությունը թողնում է նրանց։ Ընտանիքի անդամները խառնվում են իրար․․․»:
Հենց այդ պահին Անահիտին դուրս են կանչում լսարանից ու չի իմանում, թե դասախոսն ինչպես է ավարտում իր խոսքը: Թարսի պես այդ նարցը քննության ժամանակ բաժին է ընկնում իրեն ու չի իմանում՝ ի՛նչ պատասխանի. ոչ մի տեղ կարդացած չի լինում, ուստի հորինում է.
«-Գաբրիել հրեշտակապետը, որ եկել էր մի հոգի տանելու համար, բարկացավ ու անխիղճ, անջիգյար հո՛րն էլ տարավ, մո՛րն էլ․․․։
Մի համո՜վ ծիծաղ պայթեց․․․ Մենք մեր բարի ու հումորով դասախոսին այդպես քահ-քահ ծիծաղելիս չէինք տեսել․․․:
-Անահի՜տ, Անահի՛տ, էս ի՜նչ հեղափոխություն ես անում մեր ժողովրդական բանահյուսության մեջ»։
5. Առաջին «Բիզնես-ծրագիրը» դասարանում:
Առաջին «Բիզնես-ծրագիրը» ուսուցչուհի Անահիր Եղիազարյանի իրականացրել է, երբ վեցերորդ դասարանի դասղեկ էր: Կազմակերպել է սննդարդյունաբերություն, գնել են պոպկորնի եգիպտացորեն, կարտոֆիլ և ձեթ, պատրաստել պոպկորն և չիպսեր ու փաթեթավորել: Աննկարագրելի ոգևորությամբ «հաջորդ օրը՝ երկար դասամիջոցին, հատուկ գոգնոցներով մեր փոքրիկ վաճառողուհիները աշխատեցին 20 րոպե, և հասույթը պատրաստ էր... աշխատանքում ներգրավված էին բոլորը, ստացված գումարով մարտի 8-ին ծնողների համար նվերներ գնեցին»:
6. Դաս՝ «Անլռելի զանգակատուն » պոեմի գլխավոր հերոսի մասին
Անահիտը գրում է. «Ես սովորություն ունեի պետական ծրագրերի խախտումով աշխատելու։ Մատյանում ճիշտ գրանցում էի կատարում, բայց ժամերը բաշխում էի՝ ըստ իմ հայեցողության»։Դասը «Անլռելի զանգակատունն» էր: ՈՒսուցչի նպատակն աշակերտներին նախ Կոմիտասի դերը մեր ազգային մշակույթում ներկայացնելն է եղել, հետո «մեր իմացած Կոմիտասին ԻՆՉՊԵ՛Ս է զգում և ներկայացնում մեր շա՜տ «Կոմիտասասեր» Սևակը, որը նրան բնութագրելիս կոչում է նաև «Ձայնասփյո՜ւռը կենդանի»․․․
«Երբ գնացել են Եգիպտոս, Կոմիտասին տարել են բուրգերը տեսնելու։ Այնտեղ նա տեսել է, թե ինչպե՛ս են որոշ զբոսաշրջիկներ մասնագետի առաջնորդությամբ մագլցում բուրգի գագաթը, և նա ցանկություն է հայտնել, որ ինքն էլ բարձրանա։ Նրա ուղեկիցները, որոնց համար շատ թանկ ու կարևոր էին Կոմիտասի կյանքն ու առողջությունը, համոզում են նրան՝ հրաժարվել իր որոշումից։ Կոմիտասը համառում է՝ բացատրելով.
«-Ասելիք ունեմ աշխարհին, այդ բուրգերը վկաներն են, թե աշխարհում քանի՜-քանի՜ հնագույն ազգեր են ապրել, բարգավաճել, հետո տարբեր հանգամանքներում վերացել՝ որպես ազգ, իսկ հայերը եղել են և կլինեն մի՛շտ։ Հայաստա՛նն է երկիրը դրախտավայր․․․: Ես ցանկանում եմ ամենաբարձր բուրգի գագաթին կանգնել և երգել «Հայաստա՛ն, երկի՛ր դրախտավայր» երգը, որ բոլորը լսեն այն ․․․:
- Հիմա մենք կունկնդրենք այդ երգը», -ասացի ես և գործի գցեցի իմ տեխնիկան․․․
Հնչեց երգը, և դասարանի պատերն անգամ սարսռացին «Հայաստան» բառից․․․ »
7. Րաֆֆու հայրենասիրությունը
Դասը «Սամվել» պատմավեպն էր: Րաֆֆին տաղանդավոր պատմավիպասան է, սակայն ուսուցչի սրտով չէր գլխավոր հերոսի՝ Սամվելի՝ ծնողներին սպանելու փաստը / թեև ըստ Բուզանդի՝ նա մորը չի սպանում/: Որոշում է կազմակերպել դատավարություն:
«-Այնուամենայնիվ, պետք է դատի տալ Սամվելին՝ մեղադրելով ծնողներին սպանելու մեջ. մեր ամփոփիչ դասը պետք է լինի բաց դաս-դատավարություն»:
Երբ դիմում է դասարանին, թե ո՛վ է ուզում Սամվելի դերակատարը լինել, լսում է Արամի ձայնը՝ ես, որն «առանձնապես մեծ սեր չուներ ուսման հանդեպ և մեկումեջ անելով՝ ապահովում էր քառորդային «երեքը»։ Դասարանը քարանում է նրա պատասխանից. «Երբ նայեցի աչքերին, առաջին անգամ այնտեղ այնպիսի կայծ տեսա, որն անտեսելն ու մարելը հանցագործություն կլիներ։ Իհարկե, մեզ մի կերպ հաջողվեց արդարացնել Սամվելին։ Դահլիճը, ոտքի կանգնած, լսեց դատավորի վճիռը.
-Դատարանը որոշեց արդարացնել Սամվելին, որովհետև ՀԱՅՐԵՆԻՔԸ ՎԵՐ Է ԱՄԵՆ ԻՆՉԻՑ»․․․,- գրում է Անահիտը::
8. Կարվինգի դասերը
Ովքեր հետևում են Անահիտի ֆբ-յան կարվինգին, նկատած կլինեն, թե ինչպե՛ս է կենցաղային զանազան առարկաներով սպասքադրման նպատակով գործածում սուրճի կավե սպասք, փայտե բաժակակալներ, դանակներ, ափսեներ, ծղոտե առարկաներ, մրգամաններ ու այդ կոմպոզիցիաներով ապշեցնում մրգերի և բանջարեղենի ձևավորման արվեստվ, ու ակամա մտածում ես, թե ու՛ր կարող է հասնել ճաշակվոր մարդու մտքի սլացքը:
9. Մանկության օրերի հուշապատումներ
Ով երջանիկ մանկություն է ունեցել, հուզմունքով կկարդա Անահիտի հուշապատումները՝ իր տատի ու պապի, հայրիկի ու մայրիկի մասին իրապատում ու հրաշապատում հեքիաթները ու զուգահեռներ կանցկացնի իր հուշերի հետ: «Երբ փոքր էի, հաճախ էին ինձ տանում շոգ գյուղի տատիկիս տուն: Շոգը չէի սիրում, բայց տատիկիս ամպի չափ էի սիրում…Ուրիշ էր դառնում մեր մառանը, երբ արևն էլ շատ չէր կծում, ու այգիներում բոլոր մրգերը սոսինձի պես էին դառնում. Հենց որ ուտում էի, մատներս իրար էին կպչում:
-Անահի՛տ ջան, որ քո ձեռքը դրանց կպել է, դրա համար են համով: ՈՒ ես նորից ստիպված մտածում էի. «Իմ ձեռքը ո՞նց կարող է համովացնել»: Հետո՝ ավելի ուշ, ես հասկացա, որ մեծերը ճիշտ չեն հասկանում. Այդ մայրիկների ու տատիկների ձեռքերն են ամեն ինչը համովացնում, ու այդ համը ողջ կյանքում ուղեկցում է մեզ. Մենք այն փնտրում ենք միշտ և ամենուրեք, բայց էլ ոչ մի անգամ ու ոչ մի տեղ չենք գտնում…»
Բայց տատս մի անբացատրելի խանդ ուներ.-« Դուք պապին ավելի շատ ենք սիրում»
Գուցե պապս միշտ հեքիաթներ էր պատմում, դա էր պատճառը։ Ամեն մի հեքիաթը ձգվում էր մի քանի երեկո։ Սերիալների նման պապս կարողանում էր իր համով-հոտով պատմությունը ընդհատել այնպիսի կարևոր պահի, որ չէինք կարողանում քնել, անհամբեր սպասում էինք հաջորդ երեկոյին, որ իմանայինք՝ թագավորի տղան ի՛նչ արեց յոթգլխանի դևին, ու՛մ հաջողվեց բերել անմահական խնձորը և այլն»։
Անահիտն ինչ-որ տեղ կարդացել էր. «Երազանքդ կատարվելու համար պետք է թղթի վրա գրել, յոթ անգամ աղոթել ու գաղտնի տեղ պահել»։ Քանի որ հույսը սովորություն ունի կառչել ցանկացած անհավանական թվացող ծեղից, վերցրի թուղթն ու գրիչը, անասելի հուզմունքով գրեցի. «Տատիս՝ փռում թխած հացն ու գաթան եմ ուզում»:
Տարիներ հետո հարսը պատահաբար կարդում է «թուղթուգիրը» և յուրովի իրականություն դարձնում թղթին հաննած երազանքը:
10. Սահմռկեցուցիչ պատումներ
Անահիտ Եզիազարյանը չի շրջանցել իր ապրած տարիների ողբերգությունները՝ երկրաշարժի ահավիրքը՝ մի ընտանիքի դժբախտության օրինակով, Հայաստանում տեղի ունեցած քաղաքացիական անիմաստ բախումները, ռուս-ուկրաինական պատերազմ և իր ընտանիքի հերթական տեղաշարժն այս անգամ դեպի Գերմանիա:
11. Քաղաքակիրթ երկրներում
Սակայն ամենահետաքրքրական պատումները վերաբերում են Վենետիկին, Սուրբ Ղազար կղզում տեղակայված Մխիթարյան միաբանությանը /Վիեննայում գտնվող միաբաններին չի հաջողվել այցելել/, Գերմանիային՝ չորս գրառումների շրջանակներում:
Թերեզա Շահվերդյան
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
0 Մեկնաբանություն