Մունետիկ

«Թուղթ չունենք, դրա ծերա ոչ մի պետական աջակցություն չեն տվել»

Մայիսի 26-ի հեղեղից Լոռու մարզում զգալի տուժեցին հիմնականում Ալավերդի համայնքի բնակավայրերը: Քարկոփը հեղեղի կիզակետում էր: Հարություն Անդրեասյանի ընտանիքը րոպեների ընթացքում կորցրեց գրեթե ամեն ինչ: Ջուրն անցավ բնակարանի միջով՚ ոչնչացնելով ճանապարհին հանդիպածը:

«Գիշերվա ժամը 2-ն էր: Զանգեցին, որ ջուրը բարձրանում ա: Մտածեցինք ամեն անգամվա նման կամուրջին ա հասել, տրակտորները կհանենք, դեմը կփակենք: Էն էլ սա ուրիշ էր: Տրակտորով հազիվ մարդկանց ենք տարհանել»,-հիշում է Հարությունը:

Հեռուստացույց, համակարգիչ, սառնարան, լվացքի մեքենա, մահճակալներ, խոհանոցի կահույք... Տանից ոչինչ չի մնացել. «Ոչ մի վեշ չկա: Ոչ մի բան չկա տան մեջ, տուն չկա»,-ասում է Հարությունը:

Վնասները գնահատել են, սակայն փոխհատուցել դեռ հնարավոր չէ: Քարկոփի 1-ին փողոցի 10-րդ շենքը գործարանի սեփականությունն է: Ժամանակին վարչական-գրասենյակային նշանակություն է ունեցել:  Այնուհետև բնակեցվել է, սակայն ոչ ոք չի զբաղվել վերջինիս ճակատագրով, մինչև այն պահը, երբ աղետը մտավ բնակարաններ: Հաշվառելու և փոխհատուցելու համար դրանք պետք է բնակիչների սեփականությունը լինեին: Անհրաժեշտությունը ստիպեց, և  հիմնարկը վերջապես շենքը փոխանցեց համայնքին, սակայն վերջինս այն դեռ չի տվել բնակիչներին: «Թուղթ չունեինք: Դրա ծերա (այդ պատճառով) էս մեր շենքն էլ թղթերը հլա դեռ պատրաստ չի, ու ոչ մի պետական աջակցություն հլա չենք ստացել: Ժամանակի հետ կապված բան ա, բայց դե մեղքը մենք ենք ըլնում, էլի: Ձմեռը գալիս ա, րեխեքին ղարգում ենք խնամու տուն, որ տներում գործ անենք, բայց դե որ հատուցում չկա, ո՞նց անենք»,-ուսերն է թոթվում Հարությունը:  

Մի կողմից բնակարանի փոխհատուցման խնդիրն է, մյուս կողմից գույքի: Հարությունն ասում է՝ կորցրած գույքի համար պետությունը փոխհատուցելու է 1 մլն 200 հազար դրամ, ինչն ընդամենը մեկ-երկու գույքի գին է, իրենց կորցրածի համեմատ՝ չնչին. «Բայց դե պետությունը, որ ըտենց ա գնահատել, ի՞նչ կարանք անենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *