Լոռու մարզում տարեսկզբի սելավների հետևանքով Դեբեդի վարարած հոսանքն իր հետ տարավ մարդկանց ապրուստի միջոց հանդիսացող խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ընտանի թռչուններ, որոնց համար փոխհատուցում ստանալը խնդիր է: Հաշվառված չեն եղել, քանակի վերաբերյալ ապացույցներ չկան: Ժենյա Միսկարյանի ընտանիքն այդ խմբում է: «Մենք պատրաստվում էինք քնելու, մեկ էլ թոռս եկավ, թե տատիկ, Սանահինը ջուրը տանում ա, դուք չե՞ք լսում, շուտ դուրս եկեք: Լացս գալիս ա... Թոռս թևս ընկավ, մինչև ծնկներս ջրի մեջ բերեց պերոնը բարձրացրեց ինձ: Պապիկն էլ հետևիցս եկավ: Մինչև առավոտվա ժամը 5-ը մնացինք դրսում, անձրև էլ գեր: Տղես տարավ գյուղ, մի շաբաթ բարեկամի տանը մնացինք: Էկանք տեհանք՝ սաղ էլածը ջարդել-տարել ա՝ խոզերը, հավերը, նապաստակնին... Վերջիվերջո տուն էր, ամեն բան ունեինք: 2 կարալյոկի ծառս ոնց որ կացինը կտրի, պոկել-տարել ա,-պատմում է տիկին Ժենյան: Որդին՝ Վազգեն Միսկարյանն ասում է՝ օգել են: Մարզպետարանից և քաղաքապետարանից եկել, նկարել, հաշվառել են վնասը: Օգնել են շինանյութով, սակայն մինչև գետը չվերադարձվի իր հունը, աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ: Ջուրը լցվել է տան տակ: «Խոզերն ա տարել. 4 հատ բուրվակ էր, մի մերուն էր, 8 գոճի, 10 հատ հավ էր, 20 հատ նապաստակ: Ջուրը սաղ տարել ա»,-ցավով կորուստն է հիշում Վազգենը և հավելում. «Տունը ճաքել ա, 3 մետր օդում կախված ա, ֆունդամենտը տարել ա: Եթե մի բան չարվի, հաջորդ վարարելուց տունը կքանդվի: Գնացել ենք քաղաքապետարան, գրել, բայց մինչև հմի դեռ ոչ մի բան չկա: Մեզ չեն հատուցում, քանի որ տունը սեփական չի: Բայց դե էդքան տարի լույսը, գազը մուծում ենք, դակումենտները կան»:
0 Մեկնաբանություն