Մունետիկ

Ցարի թվին կառուցված շենքն՝ առանց սանհանգույցի

Մայիսի 26-ին աղետի գոտի դարձած Ալավերդու Սանահին կայարանի բնակելի շենքերը հեղեղի առաջնագծում էին: Գետը բառիս բուն իմաստով մտել էր թիվ 11 շենք և ավերել ճանապարհին պատահած ամեն ինչ:  Առաջին հարկի բնակիչները ժամեր շարունակ կռիվ էին տվել ողջ մնալու համար և մի կերպ փրկել ընտանիքները: Վահե Այդինյանը կորցրել է ողջ կյանքում քրտինքով ստեղծած տունը, սակայն չի հուսահատվում, փրկել է ամենաթանկը` ընտանիքը:

    Հիշում է՝ ամբողջ օրն անձրև էր տեղում: Վերանորոգումից հետո տան դուռը նոր էր տեղադրել, ընկերներին հրավիրել էր նշելու: Խնջույքն ավարտվել էր, երեկոյան հյուրերին ճանապարհել էր ու դուրս եկել մաքուր օդ շնչելու. «Տեսա վայրկյան-վայրկյան ջուրը բարձրանում ա: Մտա տուն,  կնոջս արթնացրի, ասի՝ երեխաներին վերցնենք, արագ-արագ անցնենք երկաթգիծը: Էն էլ չհասցրինք, միանգամից ջուրը մտավ դռնով, մյուս կողմի պատուհանը կոտրվեց: Բարձրացանք հարևանի տուն ու վախով սպասեցինք, մինչև փրկարարները նավակով տեղափոխեցին»:

    Վահեի բնակարանն առաջին հարկում է: Աղետի հասցրած վնասն ահռելի է: Հեղեղը քանդել է պատերի մի մասը, քշել-տարել է գույքը՝ հեռուստացույցը, լվացքի մեքենան, սառնարանը, կահույքը ... «Տան միակ աշխատողն եմ: 10 տարի աշխատել ստեղծել եմ 3 անչափահասի հետ: Ամեն ինչ ունեինք, տուն ու տեղ էր, էլի»,-պատմում է ավերված տան բնակիչը:

   Շենքն ու գետի ափին գտնվող հարևան շենքերը կառուցվել են 1900-ականների սկզբին՝ Նիկոլայ ցարի օրոք: Սանհանգույցներ չեն ունեցել: Խորհրդային տարիներին բնակիչներին կարիքների համար բակերում տրամադրվել են օժանդակ կառույցներ: Հետագայում մարդիկ ինքնուրույն կառուցել են բաղնիքներ և արտաքնոցներ: Վահեն ևս կառուցել է, սակայն չի հասցրել օրինականացնել, և տան այդ հատվածը նախագծից դուրս է մնացել: Աղետի հետևանքով կրած վնասները գնահատելիս հաշվի առել են միայն նախագծով հաստատվածը և փոխհատուցել այդ չափով:  «Իմ տան մեկ երրորդ մասն ա կազմում: 40 քառակուսի իմ տունն ա, 15 քառակուսի էս ավելացրածը: Ասում են, որ գրքի մեջ ինչ գծագրված ա եղել, դա ա: Բոլորն էլ գիտեն, որ տան վերանորոգման ամենաթանկ հատվածը բաղնիք-զուգարանն ա, որն ինձ համար բեռ ա»,-ասում է Վահեն:

    Նշենք, որ աղետի հետևաքով ավերված բնակարանների վերանորոգման աշխատանքները դեռևս ավարտված չեն: Բազմաթիվ բնակարաններ ներծծված են խոնավությամբ: Թեև մարդկանց կորուստների չափերը տարբեր են, բոլորին փոխհատուցում են նույն չափով: Ընթացքում էլ ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ բնակիչների, համայնքի կամ պետության կողմից պատշաճ չլուծված խնդիրների հետևանքներն են:

Մանրամասները՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *