Տարածքը մաքուր պահելու շենքի վրա արված կոչ-գրությունն առաջին հայացքից թույլ է տալիս կարծելու, որ այն կարևոր նշանակության վայր է, որ սեփականատերն այսպես խստորեն է դրել այն մաքուր պահելու խնդիրը: Իրականում գրության հեղինակները տարածքի բնակիչներն են, և վիրավորական արտահայտությունն անհայտ հասցեատերեր ունի, որոնց թեթև ձեռքով էլ այս պատի հակառակ կողմը դարձել է աղբանոց, արտաքնոց և ոչ միայն: Վանաձորի կենտրոնում գտնվող վիթխարի այս շինությունը քաղաքի ամենաթաքուն ու քողարկված վայրն է դարձել նաև դեռահասների համար: Այստեղ են պայմանավորվում հարցեր պարզաբանելու, վիճաբանելու, խմելու-ծխելու համար և ոչ միայն: Քիչ չեն եղել դեպքերը, երբ դեռահասների վիճաբանությանը միջամտել են տարածքի բնակիչները, հաճախ դիմել նաև ոստիկանություն՝ այսպիսով կանխելով անդառնալին: Այլընտրանք չունենալով՝ ընկուզենու ծառ են տնկել, որ խիտ սաղարթը փակի փլուզված պատերի ներքո կատարվող գործողությունները: «Լոռի» հեռուստաընկերությանն ապավինած բնակիչները մարզային և քաղաքային իշխանություններից պահանջում են խնդրի վերջնական լուծումը: ԽՍՀՄ տարիներին, այստեղ նախատեսված էր կառուցել երկդահլիճ՝ մինչև 2000 նստատեղով «Անի» կինոթարտրոնը՝ ճարտարապետ Ռաֆիկ Բոշյանի նախագծով: Շինարարությունն սկսվել է 1987 թ.-ին: Երկրաշարժի, հետագայում նաև ԽՍՀՄ փլուզման հետևանքով՝ մնացել անավարտ: 2006 թ.-ից տարածքը գնվել է և հանդիսանում է մասնավոր սեփականություն: 30-ից ավել տարիներ չի շահագործվել, արդյունքում քայքայվել է. խնդիր է ոչ միայն վերանորոգումը, այլև հետագա շահագործումը: Քաղաքացիական օրենսգրքով անձն ինքն է որոշում՝ ինչպես տնօրինել իր սեփականությունը: Փաստաբան Արթուր Սուքիասյանի համոզմամբ՝ համայնքապետարանը լծակներ չունի ազդելու սեփականատիրոջ վրա, կամ թելադրելու՝ ինչպես, օրինակ, օգտագործել իր գույքը, եթե պայմանագրով նախապայմաններ չեն դրվել: Շարունակում է՝ կան իրավական խնդիրներ: ՎՔ Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանն էլ նշում է, որ համայնքապետարանը սեփականության իրավունքով այլ անձին պատկանող մասնավոր տարածքը մաքրելու պարտավորություններ չունի: Խնդրի լուծմանը հետամուտ լինելու նպատակով գրավոր դիմել ենք նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ կիասկառույցի սեփականատիրոջը պարզելու, նրա և համայնքապետարանի միջև տարածքի գնման գործընթացի պայմանագրի օրինակը ձեռք բերելու նպատակով:
Մանրամասն՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն