Մունետիկ

Վանաձորում տեղի ունեցավ «Ցավի կառավարման և պալիատիվ խնամքի հասանելիությունը Հայաստանում» թեմայով համայնքային հանդիպումը

    Հուլիսի 8–ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «ՀԵՆԱՐԱՆ» հիմնադրամի կազմակերպած «Ցավի կառավարման և պալիատիվ խնամքի հասանելիությունը Հայաստանում» թեմայով երկրորդ համայնքային հանդիպումը։ Առաջին համայնքային հանդիպումը կայացել է հունիսի 17–ին Գյումրիում։

    Արշավի կազմակերպիչները ներկայացրին մտահոգիչ վիճակագրություն՝ 2022-ին կոնկրետ մորֆին դեղամիջոցի իրական պահանջարկը եղել է 25,5 կգ, պետությունը հաշվարկել և հաստատել է ընդամենը 8,5 կգ, բայց ներմուծվել է 2,2 կգ, իսկ օգտագործվել ընդամենը 1,5 կգ։ Այսինքն՝ ցավազրկման կարիք ունեցող մարդկանց միայն 6%-ն է ստացել պատշաճ ցավազրկում, իսկ 94%-ը ցավերի մեջ մահացել է տանը։

    Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում ցավազրկման և պալիատիվ խնամքի կարիք ունի օրական միջինը 3600 հիվանդ։

    «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն «Կյանք առանց ցավի» արշավի ընթացքում 2013թ.-ից սկսած իրականացնում է ցավազրկողների հասանելիության մշտադիտարկում ՀՀ բոլոր մարզերում։ Այս տարիների ընթացքում, ըստ ՀԿ ղեկավար Ժենյա Մայիլյանի, շատ բան է փոխվել․ օրենսդրությունը լիովին ազատականացվել է, բժիշկների համար հատուկ ուղեցույցներ են մշակվել, բազմաթիվ դասընթացներ են իրականացվել, այդ թվում՝ կրեդիտավորված։ Բայց վիճակն առայժմ բարվոք չէ։

    Մշտադիտարկումը ցույց է տվել, որ որոշ տեղերում բժիշկները ծանոթ չեն թմրամիջոց պարունակող դեղամիջոցների դուրսգրման նոր կարգին, և կարծում են, որ դա կարող է անել միայն ուռուցքաբանը, այն էլ հանձնաժողովի հաստատմամբ։ Մինչդեռ թմրամիջոց և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դուրսգրման կարգը Հայաստանում վերջին տարիներին բավականին հեշտացվել է, նշեց «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը։

    Մասնագետների կարծիքով, այս դեղերի պատշաճ նշանակման ամենամեծ խոչընդոտը՝ հնուց մնացած կարծրատիպերն են, թե թմրամիջոց պարունակող դեղերը կախվածություն են առաջացնում։ Նմանատիպ կարծրատիպեր կան նաև պացիենտների և նրանց հարազատների շրջանում։ Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի նախագահ, բժիշկ Նարինե Մովսիսյանի կարծիքով՝ պատճառը և՛ բժիշկների մոտ ձևավորված կարծրատիպերն են, և՛ բուժառուների տեղեկացված չլինելը։

    Ինչպես ներկայացրեց «Կյանք առանց ցավի» արշավի իրավաբան Վաղինակ Տեր– Հովհաննիսյանը. թմրամիջոց պարունակող ցավազրկողները ճիշտ նշանակման և օգտագործման դեպքում կախվածություն չեն առաջացնում, Հայաստանում գործող օրենսդրությամբ դրանց նշանակման համար հանձնաժողով հրավիրել պետք չէ։ Այդ դեղերը կարող է դուրս գրել ցանկացած բուժող բժիշկ, դեղատոմսերը կարելի է դուրս գրել մինչև 10 օր ժամկետով, և ոստիկանությանը հաշվետվություն ներկայացնելու կարիք չկա։ Ու եթե բժիշկը դա չի անում, ապա նա խախտում է բուժառուի՝ առանց ցավի ապրելու իրավունքը։

    Ըստ «ՀԵՆԱՐԱՆ» հիմնադրամի տնօրեն Հռիփսիմե Մարտիրոսյանի՝ Հայաստանում շատ բժիշկներ շարունակում են առաջնորդվել հին, խորհրդային ժամանակներից մնացած կանոնակարգերով։ Այս ամենի հետևանքով մեր երկրում ցավով տառապող բուժառուների մեծ մասը պատշաճ ցավազրկում չի ստանում։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ այդ մարդկանց նկատմամբ «իրականացվում է խոշտանգում»։

    Ըստ մասնագետների՝ խնդրի լուծման հիմնական ճանապարհը բժիշկներին և հանրությանը կրթելն է, ինչպես նաև բժիշկների աշխատանքի պատշաճ վերահսկումը։

    Հանդիպմանը մասնակցում էին Լոռու և Տավուշի մարզում գործող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, բժիշկներ, մարզպետարանի աշխատակիցներ։ Ի դեպ, այս արշավի առաջին երկու համայնքային հանդիպումները որոշվել է անցկացնել Գյումրիում և Վանաձորում, քանի որ Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքում և Շիրակի ու Լոռու մարզերում չկա պալիատիվ բուժօգնության գոնե մեկ կենտրոն։ Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինյանը խոստացավ զբաղվել պալիատիվ խնամքի հարցով։ Առողջապահության նախարարության Արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի մասնագետ Գայանե Չիլինգարյանը տեղեկատվություն տրամադրեց, թե ինչպես պետք է լիցենզիա ստանալ նման գործունեություն ծավալելու համար։

    Ակտիվ քննարկում ծավալվեց ներկա մարզային բժիշկների և իրազեկման արշավի մասնակիցների միջև։

    Հանրային իրազեկման արշավն իրականացվում է պալիատիվ խնամքի հասանելիության խնդրով զբաղվող մի քանի ՀԿ-ների հետ համատեղ՝ «Կյանք առանց ցավի» շարժում, «Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիա», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Իրավունքի զարգացման կենտրոն», «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» և այլն։ Արշավի նպատակն է մեծացնել ցավազրկման հասանելիությունը և թիրախային խմբի մոտ ձևավորել այդ ծառայությունից օգտվելու պահանջարկ:

Անահիտ Սարգսյան 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *