Քաղաքականություն

46 պատգամավորների ցանկը չտրամադրելը կարող է հիմք դառնալ դատարան դիմելու համար (տեսանյութ)

Ինչո՞ւ չեն  հրապարակվում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության տակ ստորագրած   39 պատգամավորների անունները։

  Թեեւ  Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է, թե ստորագրահավաքին միացած պատգամավորները կաշկանդված չեն և տվել են համաձայնություն, որ իրենց անունները հրապարակվեն, սակայն   Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնած ստորագրահավաքին միացած պատգամավորներից մինչ այժմ հանրությանը հայտնի է  ընդամենը 7-ի անունը. «Հենց հրապարակեցին,  կլինի այն,  ինչ եղավ մայիսի 1-ին, վախ կա, որ կլինի այն ինչ եղավ մայիսի 1-ին. Էդ մարդկանց անձնական տվյալները, հասցեները հեռախոսահամարները հրապարակեն և գնա այն նույն ճնշումն ինչ եղավ այն ժամանակ»,- նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Վախը իրավական հիմնավորում չէ հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը չհրապարակելու համար»,- ընդգծում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը։«Իրականում որևէ տեղեկատվություն, եթե սահմանափակված է դրա հարապարակայնությւոնը, չի կարող կամային որոշում լինել, օրինակ Ազգային ժողովը կամ խմբակցությւոնները իրենք իրենց որոշում են, որ նպատակահարմար չէ, այս պային չենք ցանկանում հրապարակել, դա չի կարող հիմք հանդիսանալ տվյալ տեղեկատվության տրամադրումը կամ հրապարակումը մերժելու համար», –  նշեց Շուշան Դոյդոյանը:

Քանի որ թե խմբակցությունները, թե Ազգային ժողովը, թե երկրորդ նախագահի գրասենյակը սեփական նախաձեռնությամբ չեն հրապարակում պատգամավորների ցանկը, Շուշան Դոյդոյանը խորհուրդ է տալիս դիմել այլ տարբերակի. գրավոր հարցում ուղարկել նրանց. «Ես կխրախուսեի, որ լրագրողները, քանի որ կա իսկապես մեծ հանրային հետաքրքրություն, լրագրողները հարցմամբ դիմեին այս երեքին էլ միաժամանակ  ու խնդրեին տրամադրել այդ պատգամավորների անունները, քանի որ կա հանրային հետաքրքրություն և որևէ օրենքով սահմանափակված չէ այս տեղեկատվության գաղտնի լինելը»,- նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը :

Ազգային ժողովի  լրատվության եւ հանրության հետ  կապերի  վարչությամ ղեկավարը  վստահեցնում է , որ գրավոր հարցում  պատգամավորների ցանկի հրապարակման  համար չեն ստացել.  «Լրատվականն իր տրամադրության տակ ցուցակ չունի, որ հրապարակենք. Խմբակցությունների հետ ճշտեք, դա պատագամավորներին է վերբերվում, իրենք են իրենց ստորագրությունը հրապարակային դարձնելու թույլ տվողն էլ որոշողն էլ», – ասաց Կնյազ Սարոյանը:   

 Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ շատ կարևոր է հասկանալ, թե որ մարմինն է տեղեկատվության տնօրինողը, այդ պատճառով էլ ընդգծում է, որ պետք է գրավոր հարցմամբ դիմել միաժամանակ թե խմբակցություններին, թե Ազգային ժողովին և թե ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակին. Եթե երեքի կողմից էլ մերժում լինի, թե իրենք չեն տեղեկատվությունը տնօրինողը, դա հիմք կարող է դառնալ դատարան դիմելու համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *