Առավոտյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որից իրազեկվել ենք, որ այսօր ժամը 13-ին արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի,-այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Որքան հասկացա, 3-ժամյա ռեժիմ է սահմանված, այսինքն առաջին ընթերցմամբ ընդունվում է, 3 ժամ առաջարկությունների համար, հետո գնում է 2-րդ ընթերցում: Գիտեք, որ ողջ աշխարհում, երբ Սահմանադրություն է փոխվում, ամիսների աշխատանք է, հանրային լսումներ, քննարկումներ, դեբատներ, քարոզարշավ, բանավեճեր: Հայաստանում դա արվում է այս ձևով: Այսինքն՝ առավոտյան իմանում ես, որ այսօր Սահմանադրությունը պետք է փոխվի, ու փոխվում է Սահմանադրությունը»:
Ըստ Մարուքյանի՝ սա լուրջ խնդիր է թե՛ միջազգային պարտավորությունների մասով, թե՛ ընդհանրապես ժամանակին ասվածի եւ քննարկվածի մասով։
ԼՀԿ ղեկավարը չի բացառել, որ նիստին առհասարակ չեն մասնակցի, քանի որ անիմաստ են համարում։ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցնում է՝ զուգահեռաբար Սահմանդրական հանձնաժողովը աշխատանքներ տանում է Սահմանդրության համապարփակ փոփոխության համար, իսկ ՍԴ-ի հարցով այս հրատապությունը չեն հասկանում։
Նախատեսվող փոփոխություններին նոր են ծանոթացել, -ասել է Սիմոնյանը և հավելել, որ դրանք իրավական տեսանկյունից խնդրահարույց են: Ըստ նրա՝ անտրամաբանական է նաև այն, որ դիմել են Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու, մինչդեռ չեն սպասել այդ կարծիքին և արդեն ներկայացրել են օրինագիծը։
Սիմոնյանը հիշեցնում է նաև ԱԺ իրավաբան պատգամավորների հայտարարությունները, ովքեր դեռ փետրվարի 6-ին հայտարարում էին, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս, որպեսզի ՍԴ-ի հարցը լուծվի ԱԺ-ում, և պետք է հարցը կարգավորել հանրաքվեով։
Ընդդիմադիր պատգամավորը պնդել է, որ առերևույթ կարող են լինել իշխանության յուրացման տարրեր, որովհետև գործողություններ կատարվում են հակասահմանադրական գործընթացի արդյունքում, բայց դատարանը պետք է որոշի՝ իշխանության յուրացո՞ւմ է, թե՞ ոչ։
Հիշեցնեք՝ իշխող խմբակցության առաջարկած օրինագծով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի (ՍԴ) այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, ինչպես նաև դատարանի նախագահի պաշտոնավարումը, իսկ նոր նախագահ կընտրեն ՍԴ դատավորները՝ թափուր տեղերը համալրելուց հետո միայն:
Հիմնավորումն այն է, որ Սահմանադրական դատարանը պետք է համապատասխանի 2015 թվականի Սահմանադրության ոգուն։
0 Մեկնաբանություն