Քաղաքականություն

Ավելի քան 60 կոնգրեսականներ պահանջում են զգալիորեն մեծացնել ՀՀ-ի ու ԼՂ-ի օգնությունը. Ամերիկայի ձայն

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ավելի քան 60 կոնգրեսականներ, Ֆրենկ Փալոնի, Գաս Բիլիրակիսի, Ջեքի Սփիերի և Ադամ Շիֆի գլխավորությամբ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և բարձրաստիճան անդամ Հըլ Ռոջերսին՝ խնդրելով զգալիորեն մեծացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օգնությունը 2023 թվականի ֆինանսական տարում։

Օրենսդիրները կոչ են արել նվազագույնը 100 միլիոն դոլար տրամադրել՝ Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական, էներգետիկ բարեփոխումների և օրենքի գերակայությանն ուղղված ծրագրերի համար: Բացի այդ, կոնգրեսականները խնդրում են 50 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության նպատակով: Նամակում Կոնգրեսի անդամները նաև հորդորում են ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտի աջակցությունը և կոչ անել Բաքվին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և կալանավորվածներին։ Դրա մասին տեղեկացնում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի գրասենյակը: «Այս կարևոր ներդրումը հիմնված կլինի ենթահանձնաժողովի կողմից Հայաստանին և Արցախին նախկինում ցուցաբերած աջակցության վրա և կօգնի ամրապնդել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, մեր ներկայությունը և կմեծացնի մեր ազդեցությունը տարածաշրջանում»,- նշված է կոնգրեսականների նամակում: Ըստ կոնգրեսականների՝ Միացյալ Նահանգները մնում է եզակի դիրքերում՝ Հարավային Կովկասում դիվանագիտական կարևոր առաջընթաց գրանցելու համար։

«Դա հատկապես ցայտուն է ժամանակակից ժողովրդավարությամբ հնագույն երկրում՝ Հայաստանում, որը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել մի տարածաշրջանում, որտեղ գերակշռում են ինքնակալ առաջնորդները: Հայաստանին նշանակալի օգնություն տրամադրելը կօգնի նրա ժողովրդին ավելի ապահով լինել, կամրապնդի նրա ժողովրդավարությունը, կայուն տնտեսական զարգացումը, կկայունացնի քաղաքացիական հասարակությունը և կօգնի նրա շարունակական արձագանքին COVID-19 համաճարակի դեմ պայքարում»,- գրում են ամերիկացի օրենսդիրները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *