«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում էր տեւական ժամանակ: Հանդիպումից հետո նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ էին քննարկում «փակ դռների հետեւում»: Մարուքյանը պարզաբանեց. «Փակ դռների հետեւում բան չէինք քննարկում: Քանի որ Վրաստանի նախագահի հետ հանդիպում եղավ, ուղղակի քննարկում էինք տպավորությունները: Բացի այդ, նաեւ ճշտում էի նրանից սահմանադրության մեր փաթեթի ճակատագիրը: Ուղարկելենք փաթեթը խմբակցությանը: Մենք ԱԺ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ Գերմանիա այցից հետո նստենք ու քննարկենք, թե ինչպես ենք շարժվում առաջ, որովհետեւ խորհրդարանն այս առումով պետք է լինի բարեփոխումների շարժիչը: Ես կարծում եմ, որ թե՛ Ընտրական օրենսգիրքը, թե՛ Սահմանադրական բարեփոխումները պետք է արագ սկսենք քննարկել: Նախ` քննարկում ենք ձևաչափը՝ ինչպես ենք քննարկելու՝ արտախորհրդարանական ուժերի՞ն էլ ենք ներգրավում, քաղհասարակությանը, ինչպե՞ս: Նման կոնսուլտացիաներ միշտ լինում են»: Մարուքյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում Հարկային օրենսգրքի փոփոխություններին՝ նա պատասխանեց, որ Հարկային օրենսգրքի ներկայացված տարբերակ չկա, ամեն օր մի բան փոխում են, երբ կհաստատեն, կուղարկեն խորհրդարան՝ նոր իրենց մոտեցումներով հանդես կգան. «Մենք ասելու ենք, թե ինչի համար ենք մենք պայքարում ու որոնք են ընդունվում, որոնք՝ չէ, դրանից կախված արդեն կորոշենք ոնց ենք քվեարկելու»: Մեր հարցին՝ նախկին իշխանության ժամանակ դուք անընդհատ դժգոհում էիք, որ ընդդիմության առաջարկները հաշվի չեն առնում, նախագծերը մերժում են, այս իշխանությունները ո՞նց են անում, ընդունո՞ւմ են, թե՞ էլի մերժում են՝ Մարուքյանը պատասխանեց. «Այնպես չի, որ այս իշխանության աչքերն ուռել են ընդդիմության առաջարկների համար, բայց դեռեւս վերջնական գնահատական տալու համար, կարծում եմ, պետք է մի քիչ աշխատել: Առաջին քառօրյայից հետո սկսել պնդել,որ ընդդիմության առաջարկները ամբողջությամբ մերժում են, այնքան էլ արդար չի լինի, ժամանակ տանք՝ կասենք»: Նա ասաց, որ նախագծեր կան՝ մերժվում են, նախագծեր կան՝ ընդունում են, օրինակ, 27 տարին լրացած զինծառայություն չանցածների մասին նախագիծն ընդունեցին: Մարուքյանն ասաց. «Քաղաքական մեծամասնությունը ցույց է տալիս պատրաստակամություն աշխատելու, ականջալուր լինելու եւ խնդիրները լուծելու, մենք էլ ըստ էության, պետք է օրակարգը զբաղված պահենք ու այդպես էլ անում ենք, արդյունքում կերեւա՝ որքանով են ականջալուր ու որքանով է հնարավոր խնդիրները համատեղ լուծել»:
Նյութը՝ «Առավոտ»-ի։
0 Մեկնաբանություն