Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրմանը վերաբերող դրույթները «ՍԴ մասին» օրենքում ամրագրելու մասին նախագիծը

ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց ՍԴ դատավորի ընտրության անցկացման, ներառյալ առաջադրման եւ պաշտոնի ստանձնմանը վերաբերող կարգավորումները ԱԺ կանոնակարգ օրենքի փոխարեն «ՍԴ մասին» օրենքում ամրագրելու մասին նախագիծը: Խմբակցությունները նախագծին կողմ քվեարկեցին՝ դրույթներից մեկը տարբեր կերպ ընկալելով:

Կառավարության ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ  ընդունվեց ԱԺ մարտի 29-ի արտահերթ նիստում:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանըտեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո որևէ առաջարկություն չի եղել: Ողջ խնդիրը, քննարկումը եղել է  «նոր թեկնածու» եզրույթի շուրջ (եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու)։

«Որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ՝ ես հստակեցնում եմ դրա բովանդակությունը: Նորը վերաբերում է  ոչ թե անձին, այլ գործընթացին: Այսինքն՝ նույն սուբյեկտը կարող է ներկայացնել նույն անձին: Սա է այն բովանդակությունը, որը պարունակում է «նոր թեկնածու» եզրույթը»,-մեկնաբանեց Արտակ Զեյնալյանը:

Այս եզրույթի շուրջ մինչ այդ բավականին քննարկումներ էին եղել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ եզրույթը հասկանում է հետևյալ կերպ՝ թեկնածուի չընտրվելու դեպքում կարող  է ներկայացվել նոր՝ 7-րդ գումարման ԱԺ-ում դեռևս չներկայացված թեկնածություն, որը կարող է լինել ցանկացած անձ, այդ թվում 6-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված և չընտրված թեկնածուն: Նա ողջամիտ չհամարեց, որ նույն սուբյեկտն անընդհատ նույն անձին ներկայացնի ԱԺ։ Նա նշեց, որ կողմ են նախագծին՝ «նոր թեկնածու» եզրույթը մեկնաբանելով հետևյալ կերպ, որ այսօր այդ նորմը պահպանված է, քանի որ արդեն ներկայացվել է նախկինում երբևէ չներկայացված թեկնածու: Իսկ նրա չընտրվելու դեպքում հաջորդ թեկնածուն այս գումարման ԱԺ-ի համար դիտվում է նոր թեկնածու. դա կարող է լինել անձ, որը երբևէ առաջադրված չի եղել, ինչպես նաև այն անձը, ով մի անգամ արդեն առաջադրվել է, սակայն ԱԺ-ում չի ընտրվել իր կողմից հայցվող պաշտոնում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրեց եզրույթի վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ եթե գրված է նոր թեկնածու, ապա դա վերաբերում է թե գործընթացին, թե անձին: «Եվ պետական մարմինների միջև հարգանքից ելնելով պետք է առաջնորդվենք այդ տրամաբանությամբ: Եվ նոր գործընթացի տրամաբանության շրջանակում պետք է առաջադրվի նոր թեկնածու՝ կոնկրետ իրավասու մարմնի կողմից: Նույն անձը միևնույն անձին չի կարող անընդհատ առաջադրել»,-ասաց նա ու նշեց՝ԼՀԿ-ն կողմ է քվեարկում այն մեկնաբանությամբ, որը ներկայացրել է թե առաջին, թե երկրորդ քննարկմանը:

 Նախագիծը ստացավ 88 կողմ ձայներ, դեմ քվեարկող պատգամավորներ չկային:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *