Քաղաքականություն

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

    Ուժեղ և բարեկեցիկ երկրները վաղուց հասկացել են, որ խաղաղ և բարեկեցիկ կյանքը հուսալի պաշտպանության կարիք ունի: Սա դարերի փորձով ապացուցված է և լրացուցիչ ապացուցելու կարիք չունի: Աշխարհն է այդպես կառուցված… Չես կերակրում քո զինվորին՝ ստիպված ես կերակրել ուրիշի զինվորին:

     Միջնեկ որդիս՝ Արթուր Հարությունյանը միջնակարգն ավարտելուց հետո ընտրեց զինվորականի մասնագիտությունը: 1996 թվականին  մրցույթով ընդունվել է Քվանտ վարժարանը և 8-10-րդ դասարաններում սովորել ֆիզմաթ հոսքում: Քվանտում ուսման երեք տարիներին ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից մասնակցել է աշակերտական բոլոր հնարավոր օլիմպիադաներին (քաղաքային, հանրապետական, ԱՊՀ երկրների) և երկու առարկայից էլ որպես կանոն զբաղեցրել մրցանակային տեղեր կամ արժանացել խրախուսական պարգևների: Ուսմանը զուգահեռ երրորդից մինչև իններորդ դասարանները (դպրոցում ծանրաբեռնվածության պատճառով 9-րդ դասարանում ստիպված էր թողնել սպորտը) զբաղվել է ձյու-դո սպորտաձևով և լրացրել սպորտի վարպետի թեկնածուի նորման: 1999-2004 թվականներին սովորել է Աթենքի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում: Հազվագյուտ օտարերկրյա կուրսանտներից էր որի ուսման բոլոր տարիների համար հաշվարկվող միջին բալը 100 հնարավորից գերազանցել է 90-ը (նման կուրսանտներին ակադեմիայում ընդունված ավանդույթով արժանացնում են հատուկ հարգանքի): 2003 թվականին ստացել է Քեմբրիջի համալսարանի լեզուների իմացության առաջին աստիճանի սերտիֆիկատ  (ESOL): 2002 թվականին ակադեմիայի թիմի կազմում մասնակցել է Աթենքի 20-րդ դասական «Մարաթոնյան» վազքին և պարգևատրվել հուշամեդալով: Հայրենիք վերադառնալուց հետո 2004 թվականին ծառայության է անցել հատուկ նշանակության բրիգադում: Ծառայությանը զուգահեռ 2004-2008 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում և ստացել մագիստրոսի աստիճան: Սովորել է  որպես կանոն՝ բարձր առաջադիմությամբ: Բազմաթիվ անգամներ մասնակցել է ՀԱՊԿԻ և ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպված մեկից մինչև հինգ ամսյա դասընթացների (սկսած հրամանատարական, վերջացրած խորքային հետախուզության, առաջին օգնության, դիպուկահարների և այլ դասընթացներով) և սպային վայել արժանապատվությամբ բոլոր քննությունները հանձնել գերազանց բալերով՝ բարձր պահելով հայ սպայի պատիվն ու արժանապատվությունը: Բացի մայրենիից ազատ տիրապետում է երեք լեզուների՝ ռուսերեն, անգլերեն և հունարեն: Մի քանի տարի անընդմեջ ճանաչվել է լավագույն վաշտի և լավագույն գումարտակի հրամանատար: Բազմաթիվ անգամներ կատարել է կարևոր առաջադրանքներ՝ առանձին դեպքերում կյանքին վտանգ սպառնացող: Ամբասիր ծառայության համար պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով, արժանացել է պետական պարգևի: 2016 թվականին ընդունվել է Մոսկվայի գլխավոր շտաբի հրամանատարաշտաբային ակադեմիան, սակայն ընտանիքով ծանրաբեռնվածության պատճառով (սպասում էր երրորդ երեխային) չի կարողացել մեկնել Մոսկվա և ստիպված է եղել սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին կից հրամանատարաշտաբային մագիստրատուրայում:  2017 թվականին գերազանցությամբ ավարտել է մագիստրատուրան և նշանակում ստացել նույն զորամասում, նույն պաշտոնին (անհասկանալի է թե, ո՞րն էր սովորելու իմաստը): Ցավոք Արթուրը միակը չէ:

    Խոսք չկա, կադրերը ըստ արժանվույն տնօրինելու հրաշալի քաղաքականություն:

     Երկար տարիներ շփվելով զինվորականների հետ իմ մոտ արմատավորվել է կարծիք, որ իրենց պահանջներում համեստ և քչով բավարարվող մարդկանց այս խավը առաջին հայացքից  անհասկանալի ուժի ազդեցությամբ իրենց մասնագիտության ու իրեց հայրենիքի ծառաներն են: Եվ հետաքրքիրն այն է, որ այս հարգարժան մարդկանց գերակշիռ մասը իրենց կյանքն այլ կերպ չեն էլ պատկերացնում: Խոսքերիս ապացույցը ապրիլյան պատերազմում  կրտսեր և ավագ հրամանատարների՝ զինվորին խնայելու հայրական և եղբայրական հոգատարությունն էր և սեփական կյանքի գնով զինվորին պահպանելու ասպետական վարքը: Քսան և ավելի տարիներ շարունակ թալանվող Հայաստանի համար սա աննախադեպ էր, տրամաբանությունից դուրս: Ես, որ ամբողջ գիտակից կյանքում ինձ համարել եմ հայրենիքը սիրող մարդ, 2016 թվականին սահմանների պաշտպանության ժամանակ ծանր վիրավորվել եմ, չեմ համարձակվում ինձ հավասար հարթության վրա դնել մեր ժողովրդի այդ լավագույն զավակների հետ: Այս զգացողությունը հատկապես ամրապնդվեց, երբ ծանոթացա տղայիս ընկերոջ՝ 2014 թվականին մարտական առաջադրանք կատարելիս (վիրավոր ընկերոջը թշնամու կրակի տակից հանելու գործողություն ) երկու ոտքը և մեկ ձեռքը կորցրած Սարգիս Ստեփանյանի հետ: Նվիրում, ոգու ուժ, ապրելու կամք, նախախնամությամբ վեհ առաքելություն ունեցող մարդ:

     Մեր ժողովրդի բազմաթիվ արժանիքներից մեկն էլ այն է, որ նա սիրում է իր զինվորին: Սա իհարկե չափազանց կարևոր է: Ժողովրդի սերը կարևոր է հատկապես հայրենիքի պաշտպանի ոգու տոկունության համար: Սակայն զինվորականն էլ բոլորիս նման ապրում է մեր շուրջը տիրող իրականության մեջ, որտեղ նա ամեն քայլափոխի հանդիպում է  անարդարության: Մեծ խելք պետք չի ունենալ, հասկանալու համար, որ կրթական հավասար ցենզ և նույնքան ստաժ ունեցող մարտական սպան պետք է ոչ թե մոտավորապես հավասար վարձատրվի քաղաքացիական կամ հատուկ ծառայության աշխատողներից, այլ՝ առնվազն երկու անգամ ավելի: Անհասկանալի է, որ ցանկացած նախարարության կիսազբաղված և կիսագրագետ բաժնի վարիչ կարող է մոտավորապես նույնչափ վարձատրվել որքան շուտով ծառայության քսան տարին բոլորող մարտական սպան: Կամ, որտեղ է տրամաբանությունը, որ պաշտպանության նախարարության ֆինանսական, հաշվապահական, կապիտալ շինարարության, կադրերի, իրավաբանական, գնումների ծառայությունների և զինկոմիսարիատների զինծառայողները պետք է ավելի արտոնյալ պայմաններում գտնվեն քան մարտական սպաները, ինչու չպետք է մարտական հերթապահություն իրականացնող կամ պարբերաբար սահմանների պաշտպանության գործում ներգրավված սպաները  ոչ թե կրկնակի կամ եռակի անգամ այլ ընդամենը՝ 50-60 հազար դրամով ավել վարձատրվեն հարմարավետ աշխատասենյակներում նստած վերոնշյալ սպաներից, թե՞ ոմանք մտածում են՝ քանի գլուխները կախ ծառայում են թող ծառայեն: Այդ «ոմանքը» պետք է հասկանան,որ պարանը բարակ տեղից է կտրվում: Վերջիններս պետք է հասկանան նաև, որ եթե իրենց երեխաները կամ ընտանիքները մշտական ուշադրություն են պահանջում, նույնքան ուշադրության արժանի են նաև երկրի իրական պաշտպանների ընտանիքները: Տպավորություն է ստեղծվում, որ ՊՆ-ը ղեկավարությունն առանց կրտսեր և ավագ  սպայական աստիճաններն անցնելու միանգամից հայտնվել են իրենց այսօրվա պաշտոններում: Անցյալից դասեր քաղելը ոչ միայն զինվորականի այլև ցանկացած ղեկավարի համար ամենագնահատելի արժանիքներից մեկն է:  

     Վերջին տարիներին պետական այրերն իրենց  «կոտորում» էին, բայց չէին կարողանում լուծել զինվորականների բնակարանային խնդիրները: Հեղափոխությունից հետո լայն բացված աչքերով սկսեցինք հետևել, թե իրականում ինչպես են վարվել ժողովրդի հետ իշխանությունն ուզուրպացրած անհոգի ու անկուշտ կենդանիները իրենց բարեկամներով և հարազատներով: Դե հիմա համարձակություն ունեցեք և ասեք, որ մարդա մեկը որևէ բանով տարբերվում է Սադամ Հուսեյնից: Տոտալ թալանի պայմաններում էլ մինչև Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար կարգվելը թույլ փորձեր արվում էին բանակի սպաներին անհատույց բնակարաններով ապահովել համար: Սակայն հիշյալ պարոնի նախարարի պաշտոնում կարգվելուց հետո ինտենսիվ շրջանառության մեջ մտավ սպաներին հիպոտեկով վարկ տրամադրելու գաղափարը, որը շատ արագ սկսեց միս ու արյուն ստանալ: Երիտասարդ ինտելեկտուալը, ով իրական ծառայությանը մինչև նախարար կարգվելը չէր կարող ծանոթ լինել, իսկ նախարար կարգվելուց հետո ինչքանով էր փորձում խորամուխ լինել ինքը կիմանա, որոշեց մի հարվածով լուծել սպաների բնակարանային հարցը: Շուկայական հարաբերություններ են, և յուրաքանչյուրը՝ այդ թվում նաև սպաները  պարտավոր են վճարել իրենց բարեկեցության համար: Վարկ կտանք, և թող սպաներն էլ մյուսների նման բնակարան ձեռք բերեն: Բայց ուշադրությու՛ն, սպաների համար հիպոտեկի տոկոսն անհամեմատ ցածր կլինի: Ինչպիսի մեծահոգություն, թալանչիները որոշել են թալանից բաժին հանել: Այստեղ դասականը կասեր՝ էլ ով կդիմանար: Ախորժակն ուտելիս է բացվում: Նախկին նախարարը երևի ոգևորվեց, որ մարտական գործողության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինվորականների օգնության հոգսը 1000 դրամներով շատ հաջող դրեց ժողովրդի ուսերին՝ շարունակելով թալանչիներին դուրս թողնել օրենքի դաշտից:

     Հարգարժան Նիկոլ, (անունով դիմելաձևը խնդրում եմ ընդունել որպես մտերմության նշան, ինչքան չլինի այսօր հայության բացարձակ մեծամասնությունը Ձեզ համարում է իր մտերիմը), սպաներին բնակարաններով ապահովելու հարցը Ձեր կողմից արդեն իսկ շոշափվել է և շրջանառության մեջ է դրվել անտոկոս հիպոտեկային վարկի գաղափարը: Իմ կարծիքով այս գաղափարը մասամբ է ընդունելի, ինչու՛, որովհետև ՊՆ-ն սպայակազմը խիստ շերտավորված է: Մի բան է թիկունքային ծառայության սպան՝ այլ բան է սահմանում կանգնած սպան: Նույնպիսի համեմատական կարելի է տանել նաև ՊՆ-ի կապիտալ շինարարության, գնումների և այլ ոլորտների սպայակազմի և մարտական սպաների միջև: Որպեսզի այսպիսի բաժանումը հարցեր չառաջացնի  և կանխակալ վերաբերմուքի տպավորություն չստեղծվի, փակագծերը մի փոքր բացեմ: Այսօր Հայաստանում ու՞մ համար է գաղտնիք, որ բանակից գողանում են և գողանում են հատկապես թիկունքի, կապիտալ շինարարության, գնումների և էլի մի քանի ոլորտներ ներկայացնող սպաները: Երկիրը փոքր  է, և բացի այդ՝ մի տանից չենք՝ մի հալից ենք: Անձամբ իմ շուրջը առնվազն տասը ընկեր, բարեկամ ու ծանոթ կա որոնց կամ որդիները, կամ թոռները ծառայում են Հայոց բանակում: Կամ, հեռու չգնամ, իմ կրտսեր որդին էլ շուտով ավարտում է ծառայությունը: Ճիշտ է ժամանակները փոխվել են, բայց ախորժակները պահպանվում են: Իմ կարծիքով առայժմ ատամները փշրված, բայց պահպանվում է: Եթե չկարողացանք ազգովի ընդունել, որ ամեն ինչի տերը մենք ենք և հասարակական գործերում շարունակեցինք անտարբերություն դրսևորել, ապա բացառված չի, որ որոշ ժամանակ հետո կարող ենք կանգնել նույն կոտրած տաշտակի առջև: Ի վերջո բանակից գողացածը ում միջոցով են իրացնում: Գողացած վառելիքը, քսայուղերը, պահեստամասերը, սննդամթերքը, շինանյութը ու էլի հազար զիբիլ, հո՛ Մարս չե՞ն ուղարկում, մեր բոլորիս միջոցով են չէ՞ իրացնում: Մենք էլ մեզ ճարպիկներ ենք երևակայում, որ էժան ապրանք ենք ձեռք գցում՝ ուղեղներիս զոռ չտալով, որ մեր զավակների բերանից ենք կտրում, որ սահմանում կանգնած մեր տղաների մարտունակությունն ենք թուլացնում և վտանգի տակ դնում բազմաթիվ երիտասարդ կյանքեր:

    Հարգարժան Նիկոլ, վերը ես ներկայացնում էի Սերժի Հայաստանից ժառանգած անարդարություններից առանձին էպիզոդներ, որոնց մի մասը հասկանալի պատճառներով դեռևս պահպանվում են նաև նոր Հայաստանում: Նամակիս նպատակն է Ձեր ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց օր առաջ անդրադառնալը կարևոր է: Սերժի Հայաստանում իշխանության անբարոյականությունը իրերի վիճակի մեջ էր, մեր Հայաստանում անբարոյականությունը անհանդուրժելի է, հակառակ դեպքում հավատը մեզանից անվերադարձ կհեռանա:

      ՊՆ-ն համակարգում սպայակազմի բազմաշերտությունը ենթադրում է, որ ոչ միայն բնակարանով ապահովելու, այլև սոցիալական բնույթի ցանկացած արտոնություն պետք է դասակարգվի ըստ սպաների խմբերի: Իմ կարծիքով այն կարելի է դասակարգել հետևյալ խմբերի. ա)սահմանին հերթապահություն իրականացնող սպաներ, բ) այսպես կոչած գծային հրամանատարական կազմի սպաներ՝ դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարներ և նրանց անձնակազմեր և գ) մնացած սպայակազմ: Դասակարգման ա) և բ) խմբերին դասվող  սպաների համար պետությունը պետք է պարտավորություն ստանձնի ծառայության գոնե 15 տարին լրանալուց  հետո անհատույց ապահովել բնակարանով (բաշխման ժամանակ առավելությունը տալով  ա) խմբի սպաներին): գ) խմբի սպաների համար նպատակահարմար է կիրառել անտոկոս հիպոտեկային վարկի տարբերակը: Այլապես ինչ կարող է ստացվել: Ենթադրենք ծառայության 18-րդ կամ 19-րդ տարում կրտսեր կամ ավագ հրամանատարական կազմի սպան հիպոտեկով բնակարան է ձեռք բերում: Ծառայության 20 տարին լրանալուց հետո (պայմանագրի ավարտ) տարբեր պատճառներով (նպատակահարմար չի գտնում ծառայությունը շարունակել, պաշտոնեական աճը օբյեկտի կամ սուբյեկտիվ պատճառներով չի ապահովվում, հրամանատարությունը նպատակահարմար չի գտնում պայմանագրի ժամկետը երկարացնել և այլն) նա զորացրվում է: Դրա հետևանքները, դեպք ա) սպան չի կարողանում լիարժեք ինտեգրվել քաղաքացիական կյանքին, այնքանով, որ կարողանա և՛ վարկը մարել, և՛ ընտանիքը կերակրել: Ի՞նչ է անելու, զրկվելու է բնակարանի՞ց: Դեպք բ) սպան ինտեգրվում է քաղաքացիական կյանքին և ի վիճակի է և՛ վարկը մարել, և՛ ընտանիքը պահել: Բայց ի՞նչ է  ստացվում: Ստացվում է, որ 20 տարի անմնացորդ ծառայեց հայրենիքին, ստացավ բազմաթիվ բարոյական խրախուսանքներ, մեծարվեց, մեդալներ ու պատվոգրեր ստացավ և 20 տարվա ծառայության համար իր վաստակով պետությունն իրեն բնակարան տվեց՝ մասնակցելով ընդամենը վարկի զեղջված կամ զիջված տոկոսների չափով: Ինչքանո՞վ է արդարացի:         

  ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  Վանաձորի պատվավոր քաղաքացի,

  Արցախի սահմանների պաշտպանության մասնակից            

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *