Հայ եկեղեցու պատմության առարկայի վերաբերյալ արդեն կարծիքս հայտնել եմ: Քանի որ գործուն հղում եմ տալիս նաև ԿԳՄՍ նախարարին, վերստին տեղեկացնում եմ, որ համաձայն եմ հիշյալ առարկան դպրոցում չանցնելու որոշմանը:
Հիմա ինձ մտահոգողը հայագիտական առարկաների խումբն է` հայոց լեզու, գրականություն, պատմություն, դրանց ուսուցման մակարդակը, նաև ժամաքանակի բաշխվածությունը: Այստեղ այս վերջին բաղադրիչին` ժանաքանակին եմ ուզում անդրադառնալ, այն էլ միայն հայոց լեզվի համար` հուսալով, որ մյուս երկու առարկաների ժամաքանակի (և ոչ միայն) մասին իրենց կարծիքները կհայտնեն այդ ոլորտների` իմ գործընկեր մասնագետները (ներառյալ ուսուցիչները):
Մտահոգիչը փոխնախարար Ժաննա Անդրեասյանի «հիմնավորումն» էր առ հայոց լեզվի ժամերի կրճատումը: Ճիշտն ասած` եթե վաղօրոք լսած լինեի փոխնախարարի խոսքը, հայ եկեղեցու պատմության վերաբերյալ էլ գրառում չէի անի, թեև այն, ինչ հրապարակել եմ երկու-երեք նյութով, ասել եմ անկեղծ, համոզմունքով, և այդ նյութերս էլ չեմ հեռացնելու:
Նախարարը տեղեկացնում է, թե այս չափորոշիչները ոչ թե մեկ-երկու, այլ 20–30 տարվա համար են: Ասել է` խոսքը ոչ թե մարտավարական, այլ ակնհայտ ռազմավարական ծրագրի մասին է: Արդ` պատշաճ չէ՞ր արդյոք այդ ծրագիրը լայն քննարկման առարկա դարձնել: Հանրության առաջ իրազեկմամբ հանդես գալը քննարկում չէ: Ինչի՞ հիման վրա են ընդունել այս կամ այն որոշումը: Ուսուցիչները տեղյակ եղե՞լ են կատարվելիք փոփոխություններին, համալսարանների մասնագիտական ամբիոններ ուղարկվե՞լ են նախագծեր: Ըստ երևույթին ավելորդ են համարել, որովհետև բուհական կրթության օրենքի նախագիծն էլ ուղարկվեց ամբիոններ, բայց էական դիտողություններն անտեսվեցին, ուստի կարելի էր առանց գլխացավանքի առաջ տալ գործը: Իրո՞ք սա է նախարարության մտայնությունը: Մինչդեռ, եթե ուղարկած լինեին, տողերիս հեղինակի նման բազմաթիվ մասնագետներ իրենց կարծիքներն ու պահանջները կառաջադրեին, օրինակ` գլխի կգցեին, որ դասավանդվող առարկան փոխանվանական գործածություն չի կարող ունենալ ո՛չ ծրագրում, ո՛չ դասագրքի կազմին: Խոսքս «Մայրենի» հորջորջված առարկայի մասին է: Այն, ինչ վեհ է բանաստեղծության մեջ, զավեշտի առարկա է պաշտոնական գործածության տիրույթում: Առարկան եղել է և է՛ «Մայրենի լեզու»: Վերականգնե՛լ է պետք: Եթե քննարկման ուղարկեին, խորհուրդ կտայինք սովետական դպրոցից պարտադիր ժառանգություն ստացած «Հայոց լեզու» կոչվող առարկային վերադարձնել իր իսկական անունը` «Հայոց լեզվի քերականություն»: Այդ դեպքում գուցե փոխնախարարը հիմք չունենար հաստատուն երանգով «տեղեկացնելու», թե դպրոցում դասավանդվող բոլոր առարկաները հայոց լեզու են, դրա համար են կրճատվում հայոց լեզվի ժամերը: Ասվածի առաջին մասն է ճիշտ, որը շրջանառության մեջ դնողներից մեկն ինքս եմ եղել 2010-ին, երբ Արմեն Աշոտյանը վերաբացում էր օտարալեզու դպրոցները` ապականելով լեզվի և կրթության օրենքները (ի դեպ, ընդդեմ այդ տարվա ապօրինության` պայքարի առաջնագծում էր նաև այսօրվա նախարարը): Ահա օրերս ներկայիս փոխնախարարի բերանով թարմացված գաղափարը հենց 2010-ին հնչեց` դեմն առնելու օտար դպրոցների և հայկական դպրոցներում առարկաների մի մասն այլ լեզուներով ուսուցելու հնարավոր վայրենության: Ազնիվ չէ գաղափարի, այն էլ ազգային գաղափարի նենգափոխումը` ի վնաս ազգի: Այո՛, դպրոցում դասավանդվող բոլոր առարկաների բազմությունը (բացի օտար լեզուներից) հայոց լեզո՛ւ է, այդ բոլոր առարկաներով հայերեն են սովորում երեխաները, բայց հայոց լեզվի ծրից դուրս չէ նաև այդ լեզուն ուսումնասիրող առարկա՛ն` քերականությունը, իսկ քերականության դասերին, մատչելի գիտական նյութից բացի, կանոնները գործնականում կիրառել սովորեցնե՛լ է պետք, որի համար, բացի քերականական ժամերին հատկացվող 3–4 ժամից, պարտադիր երկու ժամ էլ պետք է բանավոր և գրավոր խոսք ուսուցելու նպատակով: Նույնը վերաբերում է 5-6-րդ դասարաններում միասնական ընթերցարանով ուսուցման ընթացքին: Ընթերցանության նյութի յուրացումից զատ` նույնքան ժամաքանակ էլ հարկ է հատկացնել ուղղախոսության և ուղղագրության յուրացման համար:
Տպավորություն է, թե նախարարությունն այս «չափորոշիչները» հայթայթել է 30-ամյա վաղեմությամբ բլեյանական պուճախներից: Նա՛ էր պատերազմ հայտարարել հայերենի քերականությանը, «հիմնավորումն» էլ այն էր, թե երեխան խոսել սկսում է առանց քերականություն իմանալու: Կարծես թե ճիշտ բան է ասում, չէ՞... Նման մի «ճշմարտություն» էլ կրակեց նրա երբեմնի տեղակալ Աշոտ Դաբաղյանը փոխնախարար եղած ժամանակ, երբ փորձում էր բոլոր դասարաններից 2-ական ժամով կրճատել հայերենի դասերը` ցնցող պատճառաբանությամբ. «Բա ի՞նչ անենք, որ չկրճատենք: Բոլոր դասարանների դասագրքերից հանել ենք կոմերիտականների մասին օրինակները»... Բարեբախտաբար Արեգ Գրիգորյանը թույլ չտվեց:
Վստահեցնում եմ` ներկա նախարարության որդեգրած քաղաքականությունը չի տարբերվում նշածս անձանց գործելաոճից:
Իմ նախորդ գրառումներին վերաբերող քննարկումներին անհանգստություն ունեին ընկերներս, թե ի՛նչ են ավելացնելու և՛ եկեղեցու պատմության ժամերի, և՛ հայերենից վերցված ժամերի փոխարեն: Տեսագրությունը մինչև վերջ չեմ դիտել (այդքան ժամանակ չունեմ), բայց քննարկումներին ակնարկներ եղան, թե սեռական դաստիարակության դասընթաց է նախատեսվում: Հորդորում եմ չանե՛լ նման բան, որովհետև քաջատեղյակ եմ այդ «դաստիարակության» որոշ փորձակումների դեռ 2000-ականների սկզբից և ծանոթ եմ դրա ակունքին: Մի փորձարկում Երևանի Պուշկինի անվան դպրոցում են արել` «դասախոսությունից» հետո դահլիճում ներկա բոլոր աշակերտներին բաժանելով սեռական ապահովիչներ, որոնք արդարացված ծաղրի առարկա են դարձրել աշակերտները` բանալով դրանց տուփերն ու թափահարելով ուսուցիչների և տնօրինության աչքի առաջ: Մյուսը «Սեռական դաստիարակության այբբենարանն» է, որի հեղինակները երկու կին են: Երկու դրվագ էլ այդ գրքից պատմեմ: Բոլոր «դասերն» ուղեկցված են համապատասխան ձեռնանկարներով (իբր երեխաներ են նկարների հեղինակները):
1-ին դրվագ: Նստարանին երկու տղա են նստած` ձեռքներն իրար ուսի գցած: Նկարի ներքևում մեկնաբանություն է, թե սովորաբար սերն արթնանում է հակառակ սեռի մարդկանց մեջ: Բայց լինում են դեպքեր, երբ իրար համակրում եմ նույն սեռի մարդիկ: Սրան հաջորդում է ընդհանրացումը. «Դա նույնպես սեր է»:
2-րդ դրվագ: Պատկերված է տղամարդու ձեռնանկար ցցանդամ` վրան գրված. «Պատրաստվի՛ր, գալիս եմ»:
Մտահան չանեմ ասել, որ ժամանակի նախարար Սերգո Երիցյանը պաշտոնապես հայտարարեց, թե այդ «այբբենարանը» փորձարկվել է Հայաստանի տարբեր մարզերի 32 դպրոցներում...
Այս դեպքում չեմ էլ պատրաստվում որևէ հիմնավորում տալ: Պարզապես չի՛ լինելու նման առարկա մեր դպրոցներում:
Մի նկատառում ևս: Լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում նախարարությունը մայրենի և օտար լեզուների հարաբերությանը, ռուսերենն ի՛նչ կարգավիճակում է, փոխնախարարը, մի քանի անգամ խորհրդավոր ժպիտով նայելով նախարարին, ասաց, որ ռուսերենն էլ օտար լեզու պետք է համարվի...
Այդքան դժվա՞ր էր արագ ու անկաշկանդ պատասխանելը: Երևի այս մարդիկ իրոք ծանր բեռ են հաղթահարել այդքանն ասելու իրավունքը նվաճելու համար: Բա էլ ի՞նչ պիտի դիտվեր: Այն, ինչ մայրենի չէ, օտար է: Ինչո՞ւ են այդպես կաշկանդված: Կարո՞ղ է հատուցման համար հայերենից կողոպտած ժամերն այսօր ռուսերենին են նվիրել:
Եթե այսպիսին պիտի լիներ ծրագիրը, ապա ճիշտ կլիներ նախ` վերականգնել հայերենի դասաժամերը, հետո` հանված առարկաների ժամերի փոխարեն անթույլատրելի դասընթացներ չմուծել դպրոց, ապա` նույնիսկ այսքանից հետո ծրագիրն ու չափորոշիչը համարել զուտ մարտավարական, մինչև որ Հայաստանը վերականգնի ինքնիշխանությունը` իրական անկախ պետության ռազմավարական տարբեր (նաև՛ կրթական) ծրագրեր մշակելով և գործի դնելով:
Դավիթ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ
0 Մեկնաբանություն