Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Վերջինս ՀՔԾ-ին տեղեկացրել է, որ հարցաքննության կարող է ներկայանալ հուլիսի վերջին: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը:
Ուշագրավ է, որ Խաչատուրովը ՀՔԾ ներկայանալու պատրաստակամություն է հայտնել միայն հուլիսի վերջին` ակնհայտորեն իր ժամանակացույցը հարմարեցնելով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը: Քոչարյանի հարցաքննությունն ակնհայտորեն շրջադարձային է լինելու Մարտի 1-ի գործում: Դատելով Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցից` երկրորդ նախագահն անելու է ամեն ինչ պատասխանատվությունն իրենից օտարելու համար. ամեն դեպքում, եթե անգամ Քոչարյանը հայտնվի ճաղերի հետևում, ապա իր հետևից տանելու է «էլիտար» հանցակիցների պատկառելի խումբ: Այս առումով Խաչատուրովի մարտավարությունը հասկանալի է. նա ցանկանում է ՀՔԾ ներկայանալ այն իրավիճակում, երբ հնարավորինս պարզ կլինեն իր ճակատագիրն ու կարգավիճակը:
Մյուս կողմից` Միքայել Հարությունյանին մեղադրանքի առաջադրումը ցույց տվեց, որ ապօրինի հրամանագրեր կատարելը պաշտոնյային չի ազատում քրեական պատասխանատվությունից: Այս առումով` Խաչատուրովի մտահոգություններն առավել, քան իրական են. նա եղել է Երևանի կայազորի պետը և անմիջական մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի իրադարձություններին:
Յուրի Խաչատուրովի անունն, առայժմ մամուլի հրապարակումների մակարդակում, ակտիվորեն շրջանառվում է բանակային կոռուպցիային առնչվող բազմաթիվ դրվագներում: Պետական վերահսկողության ծառայությունը շուտով ստուգումներ է սկսելու ՊՆ-ում և կասկածից վեր է, որ դրանից հետո իրավապահները բազմաթիվ հարցեր են ունենալու Յուրի Խաչատուրովին, որը գլխավոր շտաբի պետի պաշտոնում դարձել էր բանակային կոռուպցիայի խորհրդանիշը:
Այստեղ էլ հանգում ենք ամենանուրբ հարցին, որն առնչվում է Խաչատուրովի այսօրվա կարգավիճակին, եթե կուզեք` նույնիսկ հայ-ռուսական հարաբերություններին: Այս գեներալը ոչ միայն Հայաստանը ներկայացնում է ՀԱՊԿ-ում, այլ նաև մեր երկրի քվոտայով զբաղեցնում է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը: Կարծում ենք` նպատակահարմար է Խաչատուրովին օր առաջ հետ կանչել դիվանագիտական ծառայությունից, որովհետև, մեղմ ասած, Հայաստանի համար պատվաբեր չէ, որ միջազգային կառույցում նրան ներկայացնում է քրեական հետագիծ ունեցող գեներալ: Մյուս կողմից` Խաչատուրովի այսօրվա կարգավիճակը և մոսկովյան կապերը կարող են խոչընդոտել Մարտի 1-ի և մյուս հնարավոր գործերի քննությանը:
Դեռ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում տեսակետ կար, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Խաչատուրովը Հայաստանի թեկնածուն է, այսպես ասած, ձևականորեն, իսկ իրականում նա Մոսկվա ծառայության է հրավիրվել Ռուսաստանի իշխանության հայտնի շրջանակների որոշմամբ: Շատ հնարավոր վարկած է, ինչը ենթադրում է, որ Մոսկվայում փորձելու են «ատամներով պահել» Խաչատուրովին: Նման հեռանկարը հաշվի առնելով` Հայաստանի իշխանությունները նախ պետք է հետամուտ լինեն գեներալին դիվանագիտական իմունիտետից զրկելու և Հայաստան վերադարձնելու հարցին: Դա կենսական խնդիր է երկու հարթության վրա. նախ` մեր երկիրը դրսում չի ներկայանա կասկածելի համբավ ունեցող գեներալի դեմքով, իսկ որ ամենակարևորն է` Հայաստանի իշխանություններն ու արդարադատությունը ձերբազատված կլինեն Մոսկվայի հնարավոր միջամտություններից ու ճնշումներից:
0 Մեկնաբանություն