Քաղաքականություն

ԷԼԻ ՄԻ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼԻՆ

          Նոր Հայաստանում շարունակվում է արդիական մնալ Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» ստեղծագործության մոտիվներով հայտնի՝ թագավորները շարունակում են մնալ խուլ ու համր ճշմարտությունը: Չնայած՝ մի փոքր չափն անցա: Ցարի ժամանակ լավագույն դեպքում նամակը Կովկասի փոխարքայություն կարող էր հասնել, իսկ մեր օրերում մեծ առաջընթաց կա: Նամակը կարող է հասնել ոչ միայն մայրաքաղաք, այլ նույնիսկ թագավորի նստավայր, և ուշադրություն, ամենակարևորը, բաժին դառնալ ամենակարող չինովնիկների «ծանրակշիռ» ուշադրությանը: Այսքանը իմիջիայլոց:       

  Հասարակության մեջ և նրա առանձին շերտերում առկա շահերի բազմազանությունը բերել ընդհանուր հայտարարի և մարդկային ահռելի զանգվածների կոնսոլիդացնել մի գաղափարի շուրջ, և դժգույն ներկայի միջով ուղղորդել դեպի նվիրական ապագա, պատմության ընթացքում քչերին է հաջողվել: Այն, որ գործ ես  ունենալու միլիոնավոր մարդկանց հետ և այն հանգամանքը, որ նրանց գերակշիռ մասը հասարակության շահերից առաջ ունի սեփական շահը, կարող է առաջին իսկ քայլերից սառը ցնցուղի արդյունք ունենալ: Այստեղ է, որ հայտնվում է ժողովրդի ծոցից ելած և նրա ճակատագրի համար զոհողության պատրաստ,  նախնիների նվիրական հավաքականությունը կրող անհատականությունը, որը ժողովրդին ներարկելով իր գաղափարները, ապացուցելով դրանց վեհությունը, հավատ ստեղծելով իր անձի շուրջ, աննկատ վերածվում է ԱՌԱՋՆՈՐԴԻ: Նրա խարիզմատիկ էությունը, ժողովրդի իղձերը կրելու կարողությունը և «ներքևինները չեն ուզում նախկինի պես ապրել, վերևները չեն կարող նախկինի պես կառավարել» պարզագույն բանաձևով արտահայտվող հեղափոխական իրավիճակը հնարավոր են դարձնում ազատվել հարստահարիչներից և սկիզբ դնել նոր իրականությանը: Պատմությունը հենց նրա համար է պատմություն, որպեսզի կարողանա ժողովուրդների կյանքում պատմական համարվող իրադարձություններին ամբողջական գնահատական տալ և դրանց իրական պատմականությունը իրենց նշանակալիությամբ արժևորել տասնամյակների կամ դարերի հեռվից: Այս տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները ոսկե տառերով կգրվեն Հայոց պատմագրության էջերում  և ժամանակի հեռվից առանց վարանման զուգահեռներ կտարվեն, օրինակ հնդիկ ժողովրդի անկախության նվաճման կամ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ռասիզմի դեմ հաղթանակի պատմական իրադարձությունների միջև: Տասնամյակների հեռվից տեղին կլինի նաև, այսօր գուցե ոմանց համար վերամբարձ կամ մեծամիտ հնչող զուգահեռների անցկացումը Ջավահարլար Ներուի, Նելսոն Մանդելայի և Նիկոլ Փաշինյանի միջև, որի համար կա մի փոքր «մանրուք», սկսած գործը պետք է ավարտին հասցվի: Իրականում տարբերությունը նրանց միջև իրենց երկրների չափերն են, որը երբեք չի կարող արժեզրկել հայ ժողովրդի ձեռքբերումը:

       Հասարակությունն իր բազմաքանակությամբ, շահերի բազմազանությամբ և տրամադրությունների փոփոխականությամբ կառավարելու համար Աստվածային շնորհ է պետք և առաքելության խորը գիտակցում: Առաքելություն ունեցող գործիչը պատասխանատու է ժողովրդի դարավոր իղձը՝ ամուր հայկական պետականություն ստեղծելու՝ ժողովրդի պատվիրանը կատարելու համար, և նրան չի կարող ներվել ո՛չ թուլությունը, ո՛չ աստղային հիվանդությունը: Այնպես որ, ո՛չ մի վարկյան սեփական կյանքով ապրելու հաճույք: Առաքելությունը կատարում են և հասնում նպատակին կամ զոհվում են կես ճանապարհին, երրորդ ճանապարհ պարզապես տրված չի:

       Հարգելի ընթերցող, այս հոդվածի գաղափարն առաջացավ օրերս Ղազախստանում տեղի և Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպման տեսագրությունը դիտելուց հետո: Ավելորդ եմ համարում անդրադառնալ թվերի ճիշտ ու սխալի շուրջ երիտհանրապետականների բարձրացրած աղմուկին: Չնայած մի կողմից էլ լավ է, որ խոսում են: Այդպիսի էժան քննադատությունը ապացուցում է, որ դրանցից ընդիմություն դուրս չի գա: Այս կապակցությամբ մի կարճ անեկդոտ: Ոչխարը թռչում է առվի վրայով, դմակը բարձրանում  և քամակը բացվում է: Քամակը բացվելու վրա այծը սկսում է ծիծաղել: Ոչխարն ասում. Տո՛ այծ (չնայած կազյոլը տվյալ պարագայում ավելի լավ է հնչում), որ քու քամակը տարին տասներկու ամիս բաց է, ես քեզ վրա ծիծաղու՞մ եմ, որ դու իմ վրա ծիծաղում ես:

      Երիտհանրապետականներ, իսկապես ամոթ է, լրջացեք:

      Այդ հանդիպման հետ կապված ես այլ մտավախություն ունեմ և չեմ կարող տպավորություններս չկիսել: Վարչապետի խոսքում ինձ մտահոգեց հատկապես աշխատող 350 հազարին քամելու և մնացած 800 հազարին պահելու դատողության շարժառիթը, մտքի բովանդակային էությունը և հատկապես խոսքի  տոնը, որով արտահայտվեց այդ միտքը: Սա կարող է մարդու ներաշխարհում կուտակված և խորը պահված բացասական շերտերի ակտիվացման դրսևորում լինել, որը  կարող է իր մեջ վտանգներ պարունակել: Այս փոքր էպիզոդով չեմ ուզում հեռուն գնացող ենթադրություններ անել, բայց զգուշանալ պետք է: Իզուր չի, որ նամակն այդպես եմ վերնագրել: Դրանից առաջ էլ նամակներ եղել են, որոնք անուշադրության են մատնվել:

             Անդրանիկ Հարությունյան

 Արցախի սահմանների  պաշտպանության մասնակից

           Վանաձորի առաջին քաղաքապետ

                             Վանաձորի պատվավոր քաղաքացի   

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *