Երեկ հանրությանը անհայտ Ռեֆորմիստների կուսակցությունը, որը ղեկավարում է ԲՀԿ նախկին անդամ Վահան Բաբայանը, հայտարարել է, որ մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Ռեֆորմիստների կարգախոսը հռչակվել է «Կանաչ Երևանը», իսկ համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը։ Վերջինս քաղաքապետի յոթերորդ թեկնածուն է, որի անունն արդեն հրապարակայնացվել է։ Շաբաթվա ընթացքում ԳԱԼԱ կուսակցությունն առաջադրել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանի թեկնածությունը, որն ավելի շատ ներկայացնելու է քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ։ Այս երկու թեկնածուներին դժվար է ընտրական գործընթացի ֆավորիտներ համարելը, սակայն դրական է այն, որ առաջիկա ընտրություններում մասնակցության հայտ է ներկայացնում քաղաքական դաշտի գրեթե ողջ սպեկտորը, ինչը կարևոր է՝ քաղաքական զարգացումների տրամաբանութոյւնը հասկանալու տեսանկյունից։
Նիկոլ Փաշինյանը սկսեց ընտրարշավը
«Ես կարծում եմ, որ Հայկ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է, փայլուն հասարակական գործիչ, փայլուն մենեջեր. քարոզարշավի ժամանակ բոլորը կհամոզվեն դրանում»,- իր նախընտրելի թեկնածուի մասին նախօրեին այսպես է արտահայտվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը փաստորեն ուղղակիորեն ներքաշվեց ընտրական կամպանիայի մեջ՝ քաղաքային ընտրություններում, ըստ էության, դնելով իր վստահության հարցը։ Այս համատեքստում Հայկ Մարությանը փաստացի դառնում է գործընթացի միակ իրական ֆավորիտը՝ անկախ այն հանգամանքից, որ հասարակությունն ամենևին էլ միանշանակ ընկալում չունի նրա կերպարի հանդեպ։ Երևանցիներն ընտրելու են այն մարդուն, ում անունը հնչեցնեում է Նիկոլ Փաշինյանը։ Այս իմաստով Երևանի ավագանու ընտրություններն իրենց վրա առավելագույնն են կրելու հեղափոխական էյֆորիայի ազդեցությունը։
Նոյեմբերյան քաղաքում Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, թե հնարավոր է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինքով մասնակցի ավագանու ընտրություններին, բայց միգուցե դա չլինի «Ելք» դաշինքը։ Այս հայտարարությունն, իհարկե, վերջակետ չի դնում «Ելք» դաշինքի հեռանկարի շուրջ բանակցություններին, սակայն խիստ իրական է դարձնում այն հեռանկարը, որ «Ելքի» մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն իրենց միասնական ցուցակով՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ։ Զեյնալյանի ֆենոմենի մասին դեռ կխոսենք, իսկ առայժմ նկատենք, որ քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը, որը գլխավորելու է ՀՀՇ համամասնական ցուցակը, միևնույն ժամանակ՝ խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության անդամ է, նոր կարգավիճակում իր առաջին հարցազրույցում փորձեց խաղարկել Փաշինյանի գործոնը՝ ասելով, թե գործող վարչապետին ամենից շատ ձեռնտու կլինի իր քաղաքապետությունը։ Սա տարօրինակ մարտավարություն է այն պարագայում, երբ հայտնի է Փաշինյանի ֆավորիտի անունը, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե այս ընտրական գործընթացում ինչ առաքելություն ունի Արարարտ Զուրաբյանը։ Նա Գագիկ Ծառուկյանի զույգ թեկնածուներից մեկն է, որը պետք է գործի հենց, այսպես կոչված, հեղափոխական էլեկտորատի դաշտում՝ դիրքային առավելություն ապահովելով ԲՀԿ ցուցակի ու նրա քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի համար։
«Սև» PR Արտակ Զեյնալյանի դեմ
Երևանի ավագանու ընտրությունների օրը դեռ պաշտոնապես հայտնի չէ, ըստ այդմ՝ նույնիսկ հարաբերականորեն կարող ենք խոսել թեկնածուների մասին, սակայն այս ընտրությունների պարադոքսներից մեկն այն է, որ արդեն բացահայտ «սև» PR է օգտագործվում քաղաքապետի պոտենցիալ հավակնորդներից մեկի՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դեմ, որը, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է «Հանրապետութուն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակը։
Ամենապրիմիտիվ ենթադրությունն այն կլիներ, թե իբր Զեյնալյանի դեմ հակաքարոզչությունը կազմակերպվում է ՔՊ-ի կողմից՝ «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին հակադրելու համար, որ նրանք ընդունեն Փաշինյանի թիմի պայմանները ու միասնական ցուցակով մասնակցեն առաջիկա ընտրություններին։ Սակայն այս վարկածն իրականության հետ որևէ աղերս չունի՝ մի քանի պատճառով։
Նախ, Նիկոլ Փաշինյանի թիմն իրեն համարում է ֆավորիտ, որը չունի լուրջ մրցակիցներ, իսկ այս կարգավիճակում գտնվող կուսակցությունը, որպես կանոն, հակաքարոզչությամբ չի զբաղվում և ինքն է դառնում մյուսների հակաքարոզչության թիրախը։ Երկրորդ, Արտակ Զեյնալյանը գործող նախարար է և նրա դեմ կամպանիան հարվածում է նաև գողծող վարչապետի հեղինակությանը և վերջապես՝ ռեսուրսային հնարավորությունների հարթության վրա ՔՊ-ի մրցակիցը կարող է լինել ոչ թե նորաստեղծ դաշինքը, այլ՝ ԲՀԿ-ն, մանավանդ, որ այս կուսակցությունն է ձեռնոց նետել գործող կառավարությանը՝ բաց տեքստով հայտարարելով, թե երկու ընտրություններում էլ հավակնում է «50%+1»-ի։
Նույնիսկ ծիծաղելի է, որ «սև» PR-ի հեղինակները Զեյնալյանի անունը փորձում են կապել ՀՀԿ-ի հետ ու դա այն դեպքում, երբ վերջին 17 տարիներին վերջինս եղել է քրեաօլիգարխիկ համակարգի ամենաակտիվ քննադատներից մեկը, ընդ որում՝ գործունեություն ծավալելեվ թե քաղաքական դաշտում և թե իրավապաշտպան հարթակներում։
Ակնհայտորեն որոշ ուժեր, որ վստահաբար կապված են քրեաօլիգարխիայի հեռացած կամ հեղափոխությանն ադապտացված սեգմենտնտերի հետ, փորձում են սեպ խրել «Ելքի» այսօրվա կուսակցությունների միջև՝ ընտրական կամպանիայում արհեստականորեն մեծացնելով երրորդ մասնակցի շանսերը։ Ավելին՝ հակված ենք մտածելու, որ «Հանրապետություն»-«Լուսավոր Հայաստան» դաշինքը լինելու է քաղաքային ընտրությունների ֆավորիտներից մեկը ու ամենայն հավանականությամբ՝ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի հետ կոալիցիա է ձևավորելու նոր ավագանիում։ Կարծում ենք՝ ընթերցողը կարող է ինքնուրույն կռահել, թե ո՞ւմ է անհանգստացնում այս հեռանկարը և ո՞ր շրջանակներում կարող է ծնված լիել Զեյնալյանի դեմ ուղղված անհաջող հակաքարոզչությունը։
Առավել մանրամասն՝ այստեղ
0 Մեկնաբանություն