Դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի օրը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կազմակերպել է «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական քննարկում, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է․
«Իմ պատկերացմամբ՝ համակարգային կոռուպցիան այն է, երբ որ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող յուրաքանչյուր հասույթ որոշակի չաբաբաժիներով հոսում է դեպի վերև և հասնում է մինչև ամենավերևները։ Ես ուրախությամբ և հպարտությամբ արձանագրում եմ, որ այո, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց սա չի նշանակում, թե Հայաստանում չկան կոռուպցիոն երևույթներ, բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանում կա քաղաքական կամք կոռուպցիան արմատախիլ անելու համար, և ոչ թե ուղղակի պայքարելու դրա դեմ»,- ելույթի սկզբում ընդգծել է Փաշինյանը և հավելել, որ «Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերում քննարկվել են կոռուպցիոն թեմաները և արձանագրել են, որ նույնիսկ թիմի ամենամերձավոր անդամը ներում չի ունենալու կոռուպցիայի մեջ ներգրավվելու համար։
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է նախարարների, փոխնախարարների մարզպետների աշխատավարձերը գաղտնի հրամանագրով բարձրացրել։ Ըստ վարչապետի՝ մեկնաբանությունը, թե դա կոռուպցիայի կանխարգելման նպատակ ունի, սխալ չէ, բայց Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, թե այդ որոշման դրդապատճառը որն է եղել։
«Այդ աշխատավարձերի բարձրացումը ոչ թե արվել է կոռուպցիան կանխարգելելու համար, որովհետև կոռուպցիոները 1,5 մլն. դրամով, ինչպես նաև մեր փորձը ցույց է տալիս, որ չի բավարարվելու, դա արվել է այլ իմաստով։ Երբ որ հնարավոր այդպիսի մարդկանց կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված լինելու համար մենք ձերբակալենք, կալանավորենք և դատապարտենք, այդ ժամանակ խղճի խայթ չունենանք, չասենք, որ այդ մարդկանց այնքան քիչ ենք վճարել, որ նրան այլ տարբերակ չենք թողել, քան գնալ կոռուպցիոն գործարքներ փնտրելու։ Իհարկե, սա չի կարող արդարացում լինել, բայց կարծում եմ կոռուպցիայի դեմ պայքարի առումով շատ կարևոր բաղադրիչ է բարոյահոգեբանական առումով։ Հենց այս տրամաբանությամբ եմ ես այդ որոշումը արդարացված համարում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
0 Մեկնաբանություն