Քաղաքականություն

«Հանուն Հայաստան պետության» ճակատն իր խնդիրը լուծել է և անելիք չունի. Փաշինյանի հետ համագործակցություն ևս չկա

Մեր զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

-Պարոն Մակեյան, «Հանուն Հայաստան պետության» ճակատը ինչո՞ւ այլևս չի գործում, ի՞նչ է փոխվել, այլևս ակտուալ չէ՞, թե՞ ձեր առջև դրված խնդիրներն արդեն լուծվել են։

-«Հանուն Հայաստան պետության» ճակատը ձևավորվել էր, եթե հիշում եք, Ժիրայր Սեֆիլյանի կոչով և նպատակը մեկն էր՝ պայքարել ու երկիրն ազատագրել իշխող վարչակազմից։ Եթե դուք հիշում եք՝ մենք բավականին հետևողական աշխատանքներ տանում էինք։ Այն պահին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջադրվելու է վարչապետ, մենք սկսեցինք հրապարակային գործողությունները՝ հանրահավաքները։ Այդ ընթացքին զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրով» սկսեց 14+4 ձևաչափով գործընթացները, ու մենք 20 օր համագործակցում էինք, որից հետո ինչ-ինչ պատճառներով մեր համագործակցությունը կանգնեց: Մենք շարունակեցինք աջակցել ու ամեն ինչ անել, որ երրորդ անգամ թույլ չտանք իշխանության վերարտադրությունը։ Դա իրականություն դարձավ։ Այսինքն՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատն իր խնդիրը լուծել է և անելիք չունի։ Իսկ եթե ապագայում այդ ճակատի մեջ ընդգրկված քաղաքական դեմքերը, մտավորականները, կուսակցությունները համագործակցության եզրեր գտնեն, կարծում եմ՝ նորմալ կլինի, եթե չէ՝ ճակատն իր գործունեությունն ավարտում է։

-Մի քանի օր առաջ դուք մեզ հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեցիք, որ հեղափոխության աջակից ուժերով, չմանրամասնելով, թե որ ուժերի մասին է խոսքը, քաղաքական խորհրդի նիստ եք անելու և առաջիկա քաղաքապետի ընտրություններում միասնական թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցն եք քննարկելու։ Ի՞նչ ընդհանուր հայտարարի եք եկել։

-Այո, քաղաքական խորհրդի նիստն անցկացվեց ամսի 31-ին և օրակարգում երկու հարց էր՝ ավագանու ընտրություններ և Քոչարյանի հետ կապված գործընթացների վերաբերյալ մեր գնահատականը։ Երկու հարցով էլ մենք դիրքորոշումը հրապարակային հայտնել ենք։ Ցավոք, Մինասյան Միքայելի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները շարունակում են բլոկադայի ենթարկել, այդ իսկ պատճառով հիմնականում ֆեյսբուքով հրապարակվել է։ Մենք կոչ ենք արել հեղափոխության աջակից ուժերին մրցակցային դաշտ մտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ միասին, և այդ համախմբման դեպքում մենք կունենանք ակտիվ մասնակցություն դաշինքային տեսանկյունից, կամ եթե ոչ դաշինքով, գոնե ակտիվ աջակցություն կունենանք այդ պրոցեսներին։ Հիմա տեսնենք, եթե մեր առաջարկությունն ընդունվեց, կմասնակցենք, եթե ոչ՝ այս ավագանու ընտրություններին պասիվ մասնակցություն կունենանք։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի մասով մենք հայտարարել ենք՝ ովքեր կաջակցեն Քոչարյանին, նրանք կամ հանցակից են, կամ շահառու։

–Պարոն Մակեյան, տեսեք, հեղափոխությունից հետո սա առաջինընտրությունն է, որին մասնակցում են մեծ թվով քաղաքական ուժեր։Տպավորություն կա, որ հեղափոխության աջակիցների մի քանիշրջանակ է ձևավորվում․ օրինակ՝ շրջանակ, որը սերտ շփումներ ունիՔՊ–ի հետ, և որից հեղափոխության շատ աջակից ուժեր դուրս ենմնում։ Այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունընախընտրում է համագործակցության գնալ քաղաքացիականհասարակության, քան թե քաղաքական ուժերի հետ։ Ինչպե՞ս եքգնահատում այս փաստը։

-Կարծում եմ՝ դուք իրավացի եք։ Քաղաքական ուժերի, հատկապես նախկինում տասնամյակներ շարունակ Նիկոլ Փաշինյանի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող ուժերի հետ համագործակցություն այս պահին չկա։ Կարծում եմ՝ դա այս իշխանության լրջագույն վրիպակը կլինի։ Այո, քաղաքացիական նախաձեռնությունները կարևոր են, բայց քաղաքական ուժերը ևս պետք է ներգրավվեն պրոցեսներում, որպեսզի քաղաքական ուժերի կայացվածության խնդիրը ևս լուծվի։ Տեսեք, երբ Քոչարյանին պաշտպանելու խնդիր առաջացավ, հակահեղափոխական ուժերը սկսեցին ակտիվանալ, և եթե հեղափոխության աջակից ուժերը ներգրավվեն այս պրոցեսին, համագործակցություն լիներ, թեկուզ ոչ իշխանության մեջ ներգրավվելով, ապա համազոր, եթե ոչ ավելի հզոր պատասխան կլիներ։ Իսկ այսօր հիմնական պատասխանը հանրային տիրույթում է։

–Եթե հիշում եք՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանություններին առաջարկել էր ընտրություններին գնալ միասնական ցուցակով, որն այդպես էլ անարձագանք մնաց։ Արդյո՞ք դրանով Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց քաղաքական ուժերին, որոնք չունեն մեծ ռեսուրսներ՝ թե՛ նյութական, թե՛ ընտրազանգվածի առումով, միավորվել և մեկ ընդհանուր ցուցակով հանդես գալ։ Կարելի՞ է ենթադրել, որ դուք ևս այդպես եք անելու, այլ կուսակցությունների հետ համագործակցելու եք։

-Համամիտ եմ հնչեցված գնահատականին, որ կա խնդիր համագործակցության և ինչու ոչ միասին հանդես գալու։ Այդ հարցով Րաֆֆիի առաջարկը մենք քննարկել ենք։ Դա առաջարկներից մեկն է, որը, բնականաբար, Փաշինյանի կողմից չի ընդունվելու։ Այլընտրանքային տարբերակը մենք առաջարկում ենք՝ հեղափոխության աջակից ուժերը հավաքվեն և ոչ միայն ավագանու, այլև խորհրդարանական ընտրություններում հանդես գան միասին։ Բայց այսօրվա իշխանությունների կողմից նախաձեռնած Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ևս զուտ տեխնիկական խնդիրներ է լուծում։ Նախորդ իշխանությունների ժամանակ կյանքի իրավունք են ունեցել այն ուժերը, որոնք սպասարկել են իշխանության շահերը։ Այսօրվա Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քաղաքական նորմալ դաշտի ձևավորմանը չեն օգնի, միայն տեխնիկական խնդիր են լուծում։ Մենք շատ լուրջ խնդիր ունենք։ Մենք հանդիպել ենք ընտրական փոփոխություններով զբաղվող հանձնաժողովի հետ, կարող եմ ասել՝ նույնիսկ եթե այս Ընտրական օրենսգիրքը չփոխվեր, մնար նույնը, քաղաքական կամքի առկայության դեպքում, ես վստահ եմ՝ նորմալ ընտրություններ կանցկացվեր։ Եթե դուք ուզում եք միայն տեխնիկական խնդիր լուծել, ապա այստեղ դուք բաց եք թողնում քաղաքական դաշտի ձևավորման, վերակենդանացման, առողջացման կարևոր խնդիրը։

-Ըստ ձեզ՝ քաղաքական դաշտում տեղի ունեցող դրսևորումները ինչքանո՞վ կապ ունեն արտաքին գործընթացների հետ, կամ ինչքանո՞վ են ներհայաստանյան ու սպասարկում Հայաստանի օրակարգը։

– Գիտեք, ես ձեզ բերեմ վերջին օրինակը՝ Լավրովի մեղմ ձևակերպմամբ, անտակտ, մեր ներքին իրադրությանը միջամտելու հայտարարությունը։ Սա դրսի լրջագույն ազդեցություն է։ Ինչքան էլ իշխանությունն ունի ժողովրդի վստահությունն ու աջակցությունը, հասկանում է, որ գործ ունի մի պետության հետ, որը կարող է ոչ ստանդարտ քայլեր անել, ինչը մենք տեսանք Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Նրանց ազդեցությունը փոխանցվում է մեր ներքին կյանքի վրա։ Ես դրա համար էի ասում, որ պետք են քաղաքական ուժերը, որովհետև քաղհասարակությունը կարող է աջակցություն ունենալ ներքին կյանքի վրա, բայց արտաքին ազդեցությունը կանխող գործիքներ կարող են լինել հեղափոխության աջակից ուժերը։ Այս հարցում պետք է շատ էֆեկտիվ աշխատի իշխանությունը, որպեսզի այդ ուժերը վերակենդանանան։ Տեղի են ունենում իրադարձություններ, որոնք դրսի շահերի հետ չեն համընկնում։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում Մարտի 1-ի գործով Քոչարյանին մեկուսացնելուց հետո Ռուսաստանի արձագանքը։ Ես նախապես ասել էի, որ Ռուսաստանը չի արձագանքի ու խելոք կլինի, հակառակ դեպքում՝ իրենք էլ կդառնան շահառու։ Դուրս եկավ, որ Մարտի 1-ին իրենք էլ են մասնակից։ Նախկին իշխանություններն ամեն ինչ արել են Ռուսաստանի «դաբրոյով» ու այսօր փաստի առաջ են կանգնում։ Լավրովի հայտարարությունը Փանիկի սադրանքի շարունակությունն է։ Փորձում են ստուգել Փաշինյանի դիմացկունությունը։ Իրենք պաշտպանում են իրենց գործիքին՝ Ռոբերտ Քոչարյանին և հակահեղափոխական էլիտային։ Իրենք դրանով պաշտպանում են նաև իրենց։ Հնարավոր է՝ Քոչարյանը վաղը ցուցմունք տա, որ Ռուսաստանի միջամտությունն է եղել, դրա համար մենք գնացել ենք դրան։ Այստեղ բազմաշերտ է, մեկ հարթության մեջ չէ միջամտությունը։ Ռուսները ոչ միայն գլոբալ առումով են փորձարկում իշխանությանը, այլև, պաշտպանելով Քոչարյանին, պաշտպանում են իրենց։ Չմոռանանք, որ փետրվարի 27-ին Քոչարյանը Մոսկվայում էր, որից հետո մարտի 1-ի նախապատրաստական աշխատանքներն արեցին։ Սա է խնդիրը։

Լուսանկարը՝ Photolure-ի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *