Քաղաքականություն

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՐԵԼ ԲՀՀ-ՀԱՅԱՍՏԱՆԻ /ՍՈՌՈՍԻ/ ՓՈՂԵՐՈՎ

  Ամենևին ցանկություն չունենք արդարացողի կամ պաշտպանվողի կեցվածք ընդունել, բայցև չենք կարող չանդրադառնալ վերջին շրջանում աղմուկ հանած «սոռոսականներ», «Սոռոսի փողեր» «Սոռոսի զավակներ» եզրույթներին, որոնք վերագրվում են նաև մեր լրատվամիջոցին, մանավանդ որ որոշ լրատվականներ առանց խորամուխ լինելու կատարած աշխատանքների և ծրագրերի էության մեջ՝ փորձում են անվանարկել դրամաշնորհառուներին:

«Լոռի թի-վի» ՍՊԸ, հանդես է գալիս «Լոռի» TV բրենդի ներքո: Ստեղծվել է 1996 թ., քանիցս կանգնել է փակման եզրին, որովհետև երբևիցե չի եղել իշխանության խոսափողը կամ ԶԼՄ դիմակով չի զբաղվել իշխանության PR-ով: Շարունակում է գործել և ապահովել անաչառ լրատվություն՝ թիրախավորելով նաև ներկայիս հեղափոխական իշխանություններին, աչք չփակելով նաև նրանց թերությունների վրա:

2010 թվականի հեռուստատեսության թվայնացման խայտառակ մրցույթների արդյունքում «Լոռին» դուրս մնաց թվայնացման գործընթացից, նույնիսկ չմասնակցեց կանխորոշված արդյուքով «մրցույթին», որպեսզի չլեգիտիմացնի այն: Այս տարիների ընթացքում հեռուստաընկերությունը մի կերպ կարողացավ գոյատևել, ինչ-որ առումով նաև շնորհիվ միջազգային կազմակերպությունների և հայաստանյան լրագրողական կազմակերպությունների : Այս կառույցները մշտապես ուշադրության կենտրունում են պահել թվայնացման գործընթացից դուրս մնացած մարզային լրատվամիջոցներին, կազմակերպել կլոր սեղաններ, քննարկումներ,  բարձրաձայնել խնդիրները: Կոնկրետ ԲՀՀ-Հայաստանը Երևանում կազմակերպել է քննարկում կլոր սեղանի շուրջ՝ իշխանության, ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ մենք հնարավորություն ունեցանք արտահայտել մեր կարծիքը: Սա դրամաշնորհների հետ որևէ կապ չունի, ավելին, որևէ պարտավորություն էլ չուներ հիմնադրամը մեզ աջակցելու:

«Լոռի» TV-ի  կողմից իրականացված դրամաշնորհների մասին

ԲՀՀ-Հայաստանի հետ համագործակցում ենք 2009 թվականից և իրականացրել ենք 5 ծրագիր:

1. 2009 թ. «Երևակ»- Այս ծրագրի շրջանականերում Լոռու մարզի 3 հեռուստաընկերություն՝ («Լոռի», «Անկյուն+3»,«Ֆորտունա»)  իրականացրեցին համատեղ լրատվական արտադրանքի ստեղծում: Յուրաքանչյուր շաբաթ վեր հանելով Լոռու մարզի տարբեր համայնքների խնդիրները և դրանք ներկայացրեցին մեկ ամբիոնից՝ տարածելով ամբողջ մարզում: Ծրագրի շրջանակներում 3 հեռուստաընկերությունները համալրվեցին նոր հեռուստատեխնիկայով: Ծրագրի արժեքը՝ 22115 ԱՄՆ դոլար:

2. 2012 թ. «Ճիշտն ասած» - ԱԺ ընտրությունները առավել թափանցիկ լուսաբանելու և թեկնածուներին հավուր պատշաճի ներկայացնելու նպատակով՝ «Լոռի» TV մեդիա սրահում  կազմակերպվեց «Ճիշտն ասած» բանավեճային ծրագիրը, որին մասնակցեցին ԱԺ ընտրություններին առաջադրված տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ուշագրավ էր, որ մենք այս ծրագրում հնարավորություն տվեցինք մարզային բոլոր լրագրողներին ներկա գտնվել, հարցեր ուղղել կողմերին և լուսաբանել բանավեճերը: Ծրագրի արդյունքում մեդիա սրահը կահավորվեց ձայնային և համաժամանակյա թարգմանության սարքավորումներով, որը մինչև այսօր էլ ծառայում է իր նպատակին և որից հնարավորություն են ունեցել օգտվել մի քանի տասնյակ կազմակերպություններ, ովքեր Վանաձորում կազմակերպել են տարաբնույթ քննարկումներ, ասուլիսներ, սեմինարներ: Ծրագրի արժեքը՝ 19175 ԱՄՆ դոլար:

2015 թ.  «Այո՞, թե՞ ոչ»- Ծրագիրն իրականացրեցինք Սահմանադրության փոփոխություններին ընդառաջ՝ դարձյալ բանավեճի ձևաչափում: Բանավեճերը կազմակերպվեցին իշխանության և ընդդիմության հայտնի դեմքերի միջև, ի դեպ, «Այո» կողմնակիցները այդ ժամանակվա ԱԺ ՀՀԿ  խմբակցության պատգամավորներ էին, իսկ «ՈՉ» կողմնակիցները խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ էին: Ծրագրի արժեքը՝  5060 ԱՄՆ դոլար:

2018 թ. «ՊոստՖակտում»- Մենք իրականացրեցինք  «Հետհեղափոխական Հայաստան» ծրագիրը,  որին հյուրընկալվեցին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, սովորական քաղաքացիներ, ՀԿ-ներ, որոնք խոսեցին իրենց պատկերացումների, տեսլականների, ինչպես նաև առարկությունների  մասին: Ծրագրի հյուրերին մենք նախապես ներկայացրեցինք մեր ֆեյսբուքյան էջում, որպեսզի  oգտատերերը հնարավորություն ունենան հարցերով և առաջարկություններով դիմել մեր հյուրերին և մասնակցություն ունենալ ծրագրին, արդյունքները գերազանցեցին սպասելիքները: Ծրագրի արժեքը՝ 6000 ԱՄՆ դոլար:  

2018 թ. «Արդար Քվե»- ԱԺ ընտրություններին ընդառաջ կազմակերպեցինք դարձյալ բանավեճեր՝ ընտրություններին առաջադրված, մասնակցության ցանկություն հայտնած բոլոր քաղաքական ուժերի միջև: Քաղաքացիները հնարավորություն ստացան մինչ ընտրությունները ճանաչել թեկնածուներին, տեսնել նրանց բանավեճերը առաջարկվող թեմաների շուրջ: Ծրագրի արժեքը՝ 6000 ԱՄՆ դոլար:  

Ակնհայտ է, որ որևէ ծրագիր չի եղել փակ, գովազդային կամ միակողմանի, ավելին, իրականացրած ծրագրերից որևէ դժգոհություն չի եղել, գումարները ծախսվել են բացառապես նպատակային և հիմնադրամը պահանջել է հստակ, հիմնավորված հաշվետվություններ:

Այսքանից հետո հնչեցնում եմ երկու հռետորական հարց.

  • Արդյո՞ք ԲՀՀ-Հայաստան հիմադրամը վատություն է արել պետությանը, հասարակությանը՝ ֆինանսավորելով մարզային հեռուստաընկերություններին, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան իրականացնել այն ծրագրերը, որոնց կարիքը ունի հասարակությունը, հատկապես մարզերի բնակիչները, որոնք եղել են բաց, բազմակողմանի և թափանցիկ, որոնց արդյունքում ինչ-որ առումով նաև զարգացել են հեռուստաընկերությունները՝ ստեղծելով հետաքրքիր ու պահանջված հեռուստաարտադրանք:  
  • Արդյո՞ք պետությունը անցնող տարիներին կատարել է իր պարտավորությունները բաց ու թափանցիկ, անկախ ԶԼՄ ունենալու համար՝ ստեղծելով ժողովորդավարական այնպիսի միջավայր, որ միջազգային կառույցներն ու դոնորները անելիք չունենային մեր երկրում:

Մենք չենք կարող կրավորական կեցվածք ընդունել և հետևել իրադարձությունների զարգացմանը, հատկապես այն պարագայում, որ հիմնադրամին և  հիմնադրամի դրամաշնորհառուներին մեղադրում են այնպիսի մեղքերի մեջ, որոնք մեղմ ասած՝ ազնիվ և  հիմնավորված չեն:

Հ.Գ. Այնպես չէ, որ մեր բոլոր նախագծերն են ընդունվել և ֆինանսավորվել ԲՀՀ Հայաստան-ի կողմից, եղել են նաև մերժված նախագծեր, այսինքն՝ հիմանդրամը չի ունեցել  յուրային կամ ոչ յուրային ԶԼՄ-ներ կամ ՀԿ-ներ:  

Հ.Գ. 1. Վերը նշված ծրագրերը պահպանված են մեր կայքում՝ loritv.am և մեր յութուբյան ալիքում:

Նարինե Ավետիսյան

«Լոռի» հեռուստաընկերության հիմնադիր-խմբագիր

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *