Արդեն մի քանի օր է՝ հայկական և ռուսական լրատվամիջոցները վերլուծում են, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել «Իմ քայլը» դաշինքին և Նիկոլ Փաշինյանին` ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, սակայն միայն ՌԴ-ն չէ, որ չի շնորհավորել Հայաստանին, այլ նաև Բելառուսը և Ղազախստանը։
Շնորհավորանքներ
Ընդունված միջազգային դիվանագիտական նորմերի համաձայն, «Իմ քայլն» ու Նիկոլ Փաշինյանն արդեն ստացել են բազմաթիվ շնորհավորանքներ։ Շնորհավորական ուղերձներ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ պետդեպարտամենտը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Վրաստանի նախագահը, ինչպես նաև ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը և Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին։ Ընդ որում, Անգելա Մերկելի շնորհավորական տեքստում ասվում է նաև հետևյալը․ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը։ Մենք ցանկանում ենք այսուհետ ևս մեր աջակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը և վերահաստատել Երևան կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունը մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ»։
Արևմտյան առաջնորդներից ստացված շնորհավորանքների ֆոնին առավել տարօրինակ է թվում այն, որ ոչ միայն ՌԴ, այլ նաև Բելառուսի և Ղազախստանի նախագահները դեռևս չեն շնորհավորել իրենց հետ նույն տնտեսական և անվտանգության միությունում ներառված պետությանը։
Զախարովայի արձագանքը
Դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ընտրություններին, նշել էր, որ տրամադրված են կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր խորհրդարանի ու ձևավորվելիք կառավարության հետ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում: Այնուհետև, Tert.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, թե ինչու դեռ Երևանին չեն շնորհավորել, Զախարովան հայտարարել էր․ «Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրու՞մ ես»: Դիտարկմանը, թե «տղամարդը մեկ անգամ չէ, որ խոստովանել է», այսինքն՝ ՌԴ ղեկավարությունից նախորդ ընտրություններին շնորհավորանքներ եղել են, այս անգամ շնորհավորանք կլինի՞, թե՞ ինչ-որ բան փոխվել է, Մարիա Զախարովան նշել էր․ «Արդեն պատասխանել եմ»:
Ինչու՞ չշնորհավորել
Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ Զախարովայի պատասխանը դիվանագիտական էթիկայի տեսանկյունից այնքան էլ ընդունելի չէ, քանի որ Հայաստանին ներկայացնում է որպես տղամարդուց պարբերաբար սիրո խոստովանանքներ պահանջող կին, հարց է ծագում, թե ինչու ՌԴ-ն չի մոռացել շնորհավորել Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տոնը կամ շնորհավորել Սերժ Սարգսյանին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, սակայն հարկ չի համարել կարճ շնորհավորական տեքստ ուղարկել իր հետ նույն տնտեսական և անվտանգային միությունում ընդգրկված երկրին մի առիթով, որն այդ երկրի բնակչության մեծ մասը համարում է իր նորագույն պատմության մեջ կայացած մեծագույն հաղթանակներից մեկը։
Պատասխանը միանշանակ պարզ է, և թերևս պարզ էր բոլորին հեղափոխության սկզբից ևեթ։ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները դուր չեն գալիս ԵԱՏՄ և ՀԱՊԿ մյուս անդամների կառավարություններին։ Պատճառները մի քանիսն են։ Առաջին հերթին, այս փոփոխությունները մարմնավորում են այդ երկրների ղեկավարությունների վախերը։ Քսան կամ երեսուն տարի իշխանության գլուխ գտնված որևէ ղեկավար չի սիրում ժողովրդական ընդվզումներ և հեղափոխություններ։
Բացի այդ, ոչ ՀԱՊԿ-ը և ոչ էլ ԵԱՏՄ-ն չեն հորինվել հավասարը հավասարի հետ հարաբերություններ կառուցելու և փոխադարձ շահերով առաջնորդվելու համար։ Միությունների անդամները հաճախ ունեն բացարձակապես իրար հակասող շահեր, ինչի լավագույն ապացույցը, թերևս, Արցախյան հակամարտության ֆոնին Ադրբեջան-Բելառուս, Ադրբեջան-Ղազախստան և Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների սերտացումն է ռազմա-արդյունաբերական առևտրի ոլորտում։ Այդուհանդերձ, նախկինում Հայաստանի ղեկավարությունը բազմիցս լռել է և վարել հարմարվողականության քաղաքականություն, ինչը հանգեցրել է ՀՀ անվտանգության թուլացմանը, 2016 թվականի ապրիլյան քառօրյա մարտերին և հետագայում բնակչության բացարձակ հիասթափությանը՝ իրենց ՀՀ անվտանգությունն ապահովող հռչակած քաղաքական ուժից։ Փաշինյանը, սակայն, արդեն իսկ բարձրաձայնել է միության անդամների քաղաքականության վերագնահատման անհրաժեշտության մասին, ինչը, բնականաբար, հաճելի չէ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համար, քանի որ բխում է Հայաստանի շահերից, այլ ոչ թե՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ մյուս անդամների։ Հետևությունը մեկն է՝ ՀՀ ներքին իրավիճակի փոփոխությունը փոխել է նաև իրավիճակը ԵԱՏՄ և ՀԱՊԿ ներսում, այժմ կա՛մ պետք է ստեղծված իրավիճակի հիման վրա կատարվեն հետևություններ և արվեն ներմիութենական փոխզիջումներ, կա՛մ առնվազն որոշ անդամներ պետք է դադարեցնեն վարել մյուսների անվտանգությունը թուլացնող քաղաքականություն։ Ի վերջո, Հայաստանը, որպես անվտանգության ոլորտի դաշնակից, կատարել է իր պարտավորությունները և չի ստեղծել անվտանգության խնդիրներ ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի և առավել ևս՝ Ռուսաստանի համար, ուստի միմյանց անվտանգությունը և տնտեսական բարգավաճումն ապահովելու խոստում տված միությունների տրամաբանության շրջանակներում արժանի է ոչ միայն շնորհավորանքի, այլ նաև համարժեք վերաբերմունքի։
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
0 Մեկնաբանություն