Քաղաքականություն

Հեղափոխության նոր փուլը. կոշտ հակահարված և վերջնագիր

Օգոստոսի 17-ի հանրահավաքը զուտ օրակարգի և նշանակալիության տեսանկյունից ստացվեց ավելին, քան թվում էր առաջին հայացքից: Այն բացի վերալիցքավորման հանրահավաքից, ինչի մասով առաքելությունը կատարեց լիուլի, ըստ էության նաև վերախմբագրման հանրահավաք էր ճանապարհային քարտեզի կամ օրակարգի տրամաբանության առումով: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին, թեև բովանդակային տեսանկյունից, հենց օրակարգային տեսանկյունից այն գործնականում առաջին փուլի վերախմբագրում է:

Բանն այն է, որ առանցքային խնդիրները, որ դրվեցին երկրորդ փուլի համար, վերաբերում էին ոչ այնքան նպատակադրումներին կամ թավշյա հեղափոխության իշխանական կարգավիճակում առաջնահերթություններին, այլ դրանց սպասարկման մեխանիզմներին: Դրանցում թավշյա բնույթը ստանում է կարծես թե որոշակի կոշտություն, համենայն դեպս դատելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից: Դրանք իհարկե բխում էին որոշակի նոր իրողություններից և հնարավոր խնդիրներից, որ առաջանում են ներկայիս փուլում, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտից, դրա հանդեպ ՀՀԿ և ՀՅԴ դիրքորոշումից, դրա շուրջ ստեղծվող տեղեկատվական աջակցության համակարգից ու նաև այն ոգևորությունից, որ առաջացել է նախորդ համակարգի որոշ սեգմենտների մոտ, այդ թվում ՀՀԿ պատգամավորների:

Մասնավորապես, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ մայիսի արտահերթ ընտրությունը դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, որը պարտադիր չէ իրենց համար: Դա իհարկե տրամադրությունների հավաքական արտահայտում էր ամենից առաջ, որոնց հավաքական պատասխանը տվեց Նիկոլ Փաշինյանը, ըստ էության քաղաքական տրամաբանության առումով հայտարարելով խորհրդարանի լուծարման մասին և ասելով, որ հաստատվում է Հանրապետության հրապարակում այսպես ասած ժողովրդական ուղիղ կառավարում, կարևոր որոշումների ընդունման և կառավարությանը պատվիրակման լիազորությամբ:

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց երկու այլ առանցքային մեխանիզմների մասին՝ անցումային արդարադատության կառույցների և մեխանիզմի ձևավորման շուրջ քննարկումների, քանի որ զուտ օրենսդրական ներկայիս դաշտին ապավինելով հնարավոր չէ լիարժեք պայքար կոռուպցիայի դեմ, ու նաև Սահմանադրության փոփոխության նախաձեռնության, որով Ազգային Ժողովը կօժտվի ինքնալուծարման լիազորությամբ, այդպիսով արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացումը կախված չի լինի վարչապետի հրաժարականից:

Այդպես Նիկոլ Փաշինյանը նախատեսում է կանխարգելել ՀՀԿ կամ խորհրդարանի որևէ քողարկված մեծամասնության հնարքը, որով նրա հրաժարականից հետո կարող է լինել ոչ թե վարչապետի երկու ընտրության տապալում և այդպիսով ԱԺ լուծարում, այլ պարզապես կընտրվի նոր վարչապետ և թավշյա թիմը կկանգնի փաստի առաջ: Այժմ Նիկոլ Փաշինյանն է փաստի առաջ կանգնեցնում խորհրդարանին՝ Հանրապետության հրապարակի կառավարման մասին հայտարարելով, ու նաև դնելով Սահմանադրության փոփոխության հարցը, որը նա մտադիր է խորհրդարանում անցկացնել ժողովրդական ճնշման ներքո: Սրանք անշուշտ 100-օրյա պաշտոնավարման առիթով հրավիրված հանրահավաքի առանցքային երեք կետերն էին, մեխերը՝ ուղիղ ժողովրդական կառավարում, անցումային արդարադատության հնարավորություն, Սահմանադրության փոփոխություն: Այս երեք կետերը գործնականում ապահովելու են թավշյա հեղափոխության ընթացքի առաջնահերթությունների առավել արդյունավետ իրականացում, բերելով ի տարբերություն եռամսյա վաղեմության՝ Փաշինյանի գործողությունների որոշակի կոշտացման:

Սրան զուգահեռ, Նիկոլ Փաշինյանի ելույթի մի քանի կարևոր կետեր առնչվում էին տնտեսության հետագա զարգացմանն ու արտաքին քաղաքականությանը, սակայն այստեղ սկզբունքային որևէ նորություն բացակայում էր: Լավ էր դա, թե վատ, բացթողում էր, թե՞ պարզապես դրանք ոլորտներ են, որոնք չունեին անդրադարձի սուր անհրաժեշտություն: Այստեղ կան իհարկե քննարկման հարցեր, մասնավորապես արտաքին քաղաքական և անվտանգային ասպեկտներում, քանի որ այդ մասով ելույթի բովանդակությունը թերևս համարժեք չէր ամբիոնի այսպես ասած մասշտաբին, արժեր բավականին ծանրակշիռ արձագանք, հատկապես արտաքին առումով:

Մյուս կողմից, այստեղ ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի բուն ուղերձը իր թիկունքում ժողովրդի աջակցությունը ցույց տալն էր, այսինքն մինչ այժմ արած ուղերձների այսպես ասած ամրությունը ցույց տալը: Դա պրոֆիլակտիկ էր, թե առաջացել էր որևէ ուղղությամբ անհրաժեշտություն, առայժմ բարդ է ասել, սակայն այդ ուղերձը հստակ էր, ու թերևս նաև ստացված: Այդ տեսանկյունից հանրահավաքը ընդհանուր առմամբ ևս ստացված էր, այն կոշտ վերջնագիր էր այսպես ասած «հակահեղափոխությանը» և ազդակ միջազգային հանրությանը, արտաքին գործընկերներին, որ Հայաստանում կառավարությունը տիրապետում է իրավիճակին և պահպանում է հանրային լեգիտիմության բարձր աստիճանը: Այս ամենն աշնանն ընդառաջ, երբ քաղաքական դինամիկայի շոշափելի աճ կարձանագրվի թե ներքին, թե արտաքին առումով:

Հոդվածը՝  Առաջին լրատվականի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *