«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ կպարզաբանի՞, թե ինչ է կատարվում Սևանա լճի հետ, կա՞ արդյոք փորձագիտական եզրակացություն, թե պատճառն ի՞նչ է, և խնդիրն ինչպե՞ս պետք է լուծել։
Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների աճ առկա է նաև Սև ծովում, Բայկալ և այլ լճերում։ Պատճառները, ըստ նախարարի, մի քանիսն են։
«Մեկն այն է, որ Գեղարքունիքում ձևավորվող կեղտաջրերի, կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որոնցից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում լիճ։
Հիմնական պատճառը կապված է նրա հետ, որ Սևանում կար սառը շերտ, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր։ Լճի մակարդակի 6 մետր բարձրացումը պետք է բերի սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որպեսզի օրգանական նյութերի աճը պակասի, սահմանափակվի, և դրա հետևանքով Սևանա լճի ջուրը մնա բարձր որակի»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ անընդհատ մոնիթորինգ են անում և դիտակետեր ունեն, նաև երկու միջազգային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ են ստեղծել։
«Մեկը ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ՝ Սևանա լճի կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալու հետ կապված, մյուսը դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտներ, որոնք փորձ ունեն։ Այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կլինի և հստակ կլինի, թե ինչ լուծումներ պետք է տրվեն։ Բայց գործոնները տարբեր են։ Նշածներից բացի՝ ևս մի շարք պատճառներ կան, այդ թվում՝ ցանցավանդակային տնտեսություններ և մի քանի այլ գործոններ նույնպես»,- հավելեց նա։
0 Մեկնաբանություն